Հայաստանի հարավային սահմանին իրավիճակի սրացումը, կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի տեղավորվում ՀԱՊԿ կանոնադրության հավաքական պաշտպանության դրույթների տակ: Սյունիքում մայիսի 12-ից սրված իրավիճակին նման որակում է տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Պետք է հիշել, որ ՀԱՊԿ ներուժը գործի է դրվում միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ մենք, ըստ էության, գործ ունեն սահմանային միջադեպի հետ: Փառք աստծո, այնտեղ զոհեր չկան, կրակոցներ չկան: Դա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Զասը լրագրողներին:
Ըստ նրա գնահատականի՝ հակամարտության սրում չի նկատվում: Այնուամենայնիվ, նրա խոսքով, անելու շատ աշխատանք կա սահմանների հարցով, բայց այդ հարցերը պետք է լուծվեն բանակցային ճանապարհով:
Զասը տեղեկացրել է, որ երբ մայիսին Հայաստանը դիմել է կազմակերպությանը, իրենք քննարկումներ են անցկացրել իրավիճակի վերաբերյալ: «Այդպիսի խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մակարդակով, և ես կապի մեջ եմ եղել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Քննարկել ենք այդ իրավիճակը: Բացի այդ, մենք իրավիճակի վերաբերյալ արդեն ընդհանուր քննարկում ենք ունեցել Դուշանբեում արտգործնախարարների խորհրդի շրջանակում»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես հետևում է Հայաստանի հարավում իրավիճակին: «Մոնիթորինգային խմբի ձևավորման մասին որոշում չի կայացվել, չնայած, իհարկե, իրավիճակին հետևում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք անհրաժեշտ տեղեկություն ստանում են տարբեր աղբյուրներից, այդ թվում հայկական կողմից և ռուս խաղաղապահներից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ