Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Այլեւս ո՛չ յոթհոգանոց ֆրակցիան է փրկելու երկիրը, ո՛չ 27, ո՛չ էլ 67․ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է»․ «Հրապարակ»

Հուլիս 03,2021 11:04

Հարցազրույց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ

– Ընտրություններից հետո ի՞նչ տպավորություն ունեք, սպասելի՞ էին Ձեզ համար թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքի, թե՛ ՔՊ-ի գրանցած ցուցանիշները։

– Եթե հաշվի առնենք ընդամենը 7-8 ամիս առաջ եղած պատերազմի ամբողջ ընթացքը, դրանից հետո տեղի ունեցած կապիտուլյացիոն ակտի ստորագրումը, 5 հազար զոհերը, էդքան վիրավորները, անհետ կորածները, գերիները եւ մեր պետական սահմանի ու պետականության ամենօրյա ոտնահարումը, իհարկե, սպասելի չէր։ Բառեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ, որովհետեւ էս ընտրությունը նման չէր լավի ու վատի, կառավարման ձեւի փոփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին ծրագրերի կամ տարբեր ոլորտների ծրագրերի մրցույթ չէր։ Սա մեր նորանկախ պետության էս 30-ամյա զարգացման, վերելքների, վայրէջքների մեջ ինչ-որ մի աննախադեպ իրավիճակ էր։

– Չէի՞ք հաշվարկել, որ նման իրավիճակում կարող եք հայտնվել Փաշինյանի հետ ընտրության գնալով։

– Ես վստահ եմ, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները նման արդյունքի ակնկալիք չեն ունեցել, որովհետեւ, նորից նշեմ, էստեղ պայքարը ծրագրերի միջեւ չէր, այլ երկիրն էս վիճակին հասցնելուն գնահատական տալու համար էր։ Իսկ ինչ վերաբերում է ընտրախախտումներին, որ բազմաթիվ փաստեր են հրապարակվել, դա թողնենք Սահմանադրական դատարանի վերջնական եզրակացությանը։

– Բա հիմա 7-հոգանոց ընդդիմադիր ֆրակցիայով ինչպե՞ս եք փրկելու երկիրը Նիկոլ Փաշինյանից։

– Էդ խնդիրը՝ յոթհոգանոց ֆրակցիայով փրկել-չփրկել, եթե լուրջ եք այդ հարցը տալիս, ապա կարող ենք ասել, որ 2018 թվին էլ ՔՊ-ականներն ԱԺ-ում հինգ հոգի էին, եւ Նիկոլ Փաշինյանը եկավ դարձավ վարչապետ, ճի՞շտ է։

– Այդ ժամանակ դուք էիք իշխանության, եւ Փաշինյանը գուցե օգտվեց հենց այդ հանգամանքից, որ ՀՀԿ-ն իշխանության էր։

– Դե, էն ժամանակ էլ կար ժողովրդի բարձր քվե, կար ընտրված վարչապետ եւ այլն։ Հետեւաբար, եթե սարկազմով եք հարցնում երկիրը փրկելը, ես կարծում եմ՝ այլեւս ո՛չ յոթհոգանոց ֆրակցիան է փրկելու երկիրը, ո՛չ 27, ո՛չ էլ 67։ Մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այսօր Թուրքիան մեր տարածաշրջանում այլեւս գործոն է, եւ էսօր Թուրքիան Շուշիում Ալիեւի հետ, որ, եթե հաշվի առնենք նաեւ հոր կառավարման շրջանը, երբ 25 տարի ծնկի եկած աղերսում էին, որ էս խնդիրը լուծվի մի քիչ հօգուտ իրենց, կամ պատերազմ չսկսվի՝ եթե սկսվել է, անպայման նորից ծնկի է իջել եւ ծնկաչոք խնդրել է, որպեսզի խաղաղության կամ հրադադարի որեւէ արձանագրում լինի, բայց էսօր մենք էս կառավարության շնորհիվ ունենք Շուշիում երկու թուրքական պետությունների միջեւ ստորագրված մի ակտ, որը ենթադրում է, որ Թուրքիան մտավ մեր տարածաշրջան եւ արցախյան կոնֆլիկտի մաս կազմեց։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031