Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Խորհրդարանը նույնպես իր ամբողջ կյանքը չի ապրելու, եւ մենք նորից ստիպված ենք լինելու գնալ արտահերթ ընտրությունների»․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 03,2021 10:28

Ընդդիմադիր խորհրդարանական ուժերը դեռեւս որոշում չունեն՝ 8-րդ գումարման Ազգային ժողովում միավորվելո՞ւ են որեւէ հուշագրի ներքո, թե՞ գործելու են առանձին:

«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի համակարգող Սոս Հակոբյանն ասում է՝ դեռ նույնիսկ մանդատները վերցնելու հարցը չեն որոշել, ուր մնաց՝ քննարկեն համագործակցության հուշագրերի հնարավորությունը:

Հարցին՝ դեռ կասկածո՞ւմ են՝ վերցնել մանդատները, թե ոչ՝ 7 տոկոսի շեմը չհաղթահարած, սակայն սահմանադրական կարգավորումների պահանջով ԱԺ անցած դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ այդ հարցը քնարկելու են իրենց դիմումի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո: Հիշեցնենք, ի թիվս 4 այլ ուժերի, ընտրությունների արդյունքները երեկ Սահմանադրական դատարանում բողոքարկելու դիմում է ներկայացրել նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքը:

«Երբ որ որոշենք վերցնել մանդատները ու մտնենք խորհրդարան, եթե որոշենք, որ վերցնում ենք, նոր նման քննարկումները կարող են տեղի ունենալ»,- անդրադառնալով «Հայաստան» դաշինքի հետ հուշագրի հնարավորությանը՝ ասաց նա:

Ճշտող հարցին՝ ՍԴ որոշումի՞ց է կախված մանդատները վերցնելու հարցը, Հակոբյանը պատասխանեց. «Այդ թվում»:

Այսինքն բացասական որոշման դեպքում չե՞ք վերցնի՝ հետաքրքրվեցինք. «Ո՛չ, ես նման բան չասացի, կախված ՍԴ քննության արդյունքներից: ՍԴ որոշման գնահատականը կտանք՝ կախված դատաքննության ընթացքից, դրանից հետո նոր որոշում կկայացվի, եթե ունենանք իրավական որոշում, վերջնական որոշման մասին կհայտարարենք՝ մանդատները վերցնում ենք, թե ոչ»:

Ի սկզբանե բացառելով ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկի հետ իշխող ուժի համագործակցությունը՝ քաղաքագետ Արեգ Քոչինյանին խնդրեցինք գնահատել, թե որքանո՞վ է հնարավոր, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն հուշագրով: Մեր զրույցը այդ եւ այլ հարցերի շուրջ՝ ստորեւ.

– Պարոն Քոչինյան, ի՞նչ եք կարծում՝ նոր խորհրդարանում ընդդիմադիր ուժերը կաշխատեն միավորվա՞ծ, թե՞ առանձին: Կունենա՞նք քաղաքական հուշագիր:

– Կարծում եմ, որ չենք ունենա, որովհետեւ մի կողմից իշխող թիմը ունի բացարձակ մեծամասնություն եւ որեւէ կոալիցիայի կարիք չունի (չնայած դրա կարիքի դեպքում էլ դժվար էր պատկերացնել այդպիսի հնարավորություն՝ խորհրդարան անցած ուժերի հետ), մյուս կողմից 2 նախկին նախագահների գլխավորած ուժերը այնքան փոքր տոկոս են վերցրել խորհրդարանում, որ նրանք միասին հանդես կգան, թե առանձին- առանձին, ըստ էության որեւէ տարբերություն չի առաջացնում: Այդ իսկ պատճառով ինձ թվում է առանձին էլ հանդես կգան խորհրդարանում եւ որեւէ միացում մենք չենք տեսնի:

– Երեկ Սահմանադրական դատարան դիմելու եւ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերջնաժամկետն էր, ունենք բողոքարկման դիմումներ: Ի՞նչ կարող է սա փոխել քաղաքական առումով:

– Գիտեք, համենայնդեպս այն տեղեկություններից ելնելով, որ ես ունեմ, ընտրությունները բողոքարկելու իրավական որեւէ հիմքի մասին խոսելը ժամանակի ավելորդ ծախս է: Բայց դա կարող է լինել քաղաքական ակտ՝ ունենալով 2 նպատակ. առաջին՝ դիմել ՍԴ եւ ուժեղ տղամարդու, վոյինի դերը մինչեւ վերջ տանել, ընտրողներին ցույց տալ, որ ինքը մինչեւ վերջ պայքարում է («Հայաստան» դաշինքի ղեկավարի մասին է խոսքը), երկրորդ՝ փորձել դիմել արկածախնդրության, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, թե հնարավոր է առեւանգել Սահմանադրական դատարանի որոշումը: Պետք է չմոռանանք, թե ում հետ գործ ունենք. մենք գործ ունենք Ռոբերտ Քոչարյանի հետ, որը բազմիցս է ապացուցել, որ ինքը քաղաքական գործընթացների մեջ ահռելի մեծ խաղադրույքներ դնող է, այսինքն կարող է վաբանկ գնալ: Այդ առումով դա պետք չէ մոռանալ, եւ ուշադրությունը չի կարելի թուլացնել:

– Իսկ դուք ի՞նչ նկատի ունեք՝ Սահմանադրական դատարանի որոշումը առեւանգել ասելով:

– Դե գիտեք, եթե մենք նայում ենք, թե ՍԴ կազմի մեջ դեռեւս ինչքան դատավորներ կան, որոնք նշանակված են եղել կամ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք, ես չեմ բացառում, որ կարող է լինել հնարավորություն, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի կամ առանձին ընտրատեղամասերի որոշումները, կամ վերահաշվարկ անի կամ երկրորդ փուլի որոշումներ կայացնի:

– Պարոն Քոչինյան, արդեն քանի որ փոքր-ինչ հստակություն կա, թե մենք ինչպիսի դասավորվածություն ենք ունենալու 8-րդ գումարման խորհրդարանում, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ առանձնահատկություն կունենա նորընտիր օրենսդիրը:

– Նոր խորհրդարանը, իմ գնահատմամբ, լինելու է շատ ցածր որակի խորհրդարան՝ խոսույթի առումով: Մենք տեսնելու ենք անպտուղ բանավեճ, վիրավորանքներ՝ կապիտուլյանտ-կապիտուլյանտը դու ես, գող-գողը դու ես մակարդակի: Չեմ հավատում, որ մենք տեսնելու ենք պողպատե մանդատ: Ես նաեւ կարծում եմ, որ այս խորհրդարանը նույնպես իր ամբողջ կյանքը չի ապրելու, եւ մենք նորից ստիպված ենք լինելու գնալ արտահերթ ընտրությունների: Մենք ունենք բարիկադների հակառակ կողմերում գտնվող ուժեր, որոնք անցել են խորհրդարան, որոնք միմյանց վերաբերում են թշնամաբար եւ 3 ուժերից առնվազն 2-ը՝ ընդիմադիրները, չունեն քաղաքական նպատակներ: Նրանք ունեն արդարադատությունից խուսափելու նպատակ, ունեն վենդետայի, անձնական վրեժխնդրության նպատակ, ունեն հարստահարությունները շարունակելու նպատակ, բայց այդ նպատակներից որեւէ մեկը քաղաքական չէ եւ կապված չէ ՀՀ հետ: Այդ է պատճառը, որ ես չեմ կարծում, թե այդ խորհրդարանը ծառայելու է ՀՀ շահերին, ես պատկերացնում եմ իրավիճակ, որ այս խորհրդարանը լինելու է էպատաժի, հայհոյանքի, վեճի, հրմշտոցի խորհրդարան, որը չի տալու մեր երկրին այդքան անհրաժեշտ բարեփոխումների մեկնարկը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031