Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս հրապարակեց լայն սպառման մի շարք ապրանքատեսակների՝ շաքարավազի, ձեթի, կարագի և ալ յուրի գների մոնիթորինգի արդյունքները 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Ըստ ներկայացված տվյալների, վերջին շաբաթներին նկատվում է նշված ապրանքների գների որոշակի նվազում: Նշենք նաև, որ այս ընթացքում նվազում է դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ: Բայց քաղաքացիները նշում են, որ եթե անգամ գնանկում կա, այն իրենք որևէ կերպ չեն զգում: Տնտեսվարողներն էլ իրենց հերթին արդարանում են՝ ապրանքը ներմուծել են թանկ գնով, ինչպես էժան վաճառեն, այդ դեպքում իրենք են վնասներ կրելու:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն ընդգծում է՝ սպառողի տեսանկյունից գնանկում գրեթե տեղի չի ունեցել: «Մեկ-երկու կամ մի քանի դրամի գնանկումը չնչին է և որոշիչ դեր չի կարող ունենալ: Բացի դա, այդ գնանկումը համատարած բնույթ չի կրում, չնայած նրան, որ դրամի սակագինը բարձրացել է մյուս տարադրամների՝ դոլարի, եվրոյի, ռուբլու նկատմամբ: Բայց, ցավոք, սա չի հանգեցնում զգալի գնանկման: Մարդիկ օգտվում են տարբեր խանութներից, բայց նույնիսկ այդ դեպքում գների տարբերությունը մեծ չէ: Ինքս առևտրի տարբեր կենտրոններում ուշադրություն եմ դարձնում ապրանքների գներին արդեն մասնագիտական աչքով: Կարող ենք փաստել՝ այո՛, համատարած գնանկում չկա, որոշ ապրանքների գնի փոփոխությունը չի կարող զգալի ազդեցություն ունենալ ընդհանուր պատկերի վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:
44-օրյա պատերազմից հետո կրկին առաջ քաշվեց թուրքական ապրանքներից հրաժարվելու հարցը: Կառավարությունը պատերազմից հետո վեց ամիս ժամկետով արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը, օրերս այս ժամկետը երկարաձգվեց ևս վեց ամսով: Արգելքն արգելք, բայց ի՞նչ արեց կառավարությունն այս ընթացքում մեր շուկայում թուրքական ապրանքատեսակների բացը լրացնելու համար: «Այս իրավիճակում ավելի ճկուն գտնվեցին մեր տնտեսվարողները՝ փորձելով գտնել այլընտրանքային շուկաներ, օրինակ՝ ապրանքներ են ներկրում Ղազախստանից: Դժվար է ասել, թե պետական մակարդակով այս ընթացքում ինչ է արվել: Կառավարությունը զբաղված էր լիովին այլ՝ քաղաքական ներքին խնդիրներով, քան տնտեսական հարցերով: Այս պարագայում, երբ տնտեսվարողները «մնացին իրենք իրենց հույսին», կարևոր է, որ պետությունը նրանց համար խնդիրներ չստեղծի, չբարդացնեն ներմուծման գործընթացը, կարևոր է, որ նրանց չխանգարեն, արտոնություններ տան նրանց, որ կարողանան կապ հաստատել այլ երկրների շուկաների հետ, որոնք այլընտրանք կդառնան թուրքական շուկային»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում