Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի վարչակազմը ստիպված է դիմակայել բազմաթիվ մարտահրավերների․ «Ազգ»

Հուլիս 03,2021 10:05

Փաշինյանի վարչակազմը նաեւ բազմաթիվ մարտահրավերներ պետք է դիմակայի երկրի ներսում, որովհետեւ երկիրը դեռեւս երերում է երկու՝ պատերազմի եւ թագավարակի կործանիչ աղետների ազդեցությունից: Ընտրություններում բոլոր հաղթողների նման, Փաշինյանն էլ բազմաթիվ խոստումներ է տվել ընտրազանգվածին. նոր ճանապարհներ կառուցել, տնտեսությունը բարելավել, գիտությունը զարգացնել, եւ այլն: Բնակչությունը սովոր է լսել նման խոստումներ, որոնք կարող են իրականացվել, կամ ոչ: Կառավարությունները միշտ էլ պատճառաբանություններ կգտնեն արդարացնելու համար իրենց չկատարած պարտավորությունները:

Պետական որեւէ գործիչ, որ հաղթում է ընտրություններում, բայց մեծահոգություն չի դրսեւորում իր ընդդիմադիրների նկատմամբ, արժանի չի կարող համարվել այդ հաղթանակին: Իր դրական պարտավորությունների շարքում Փաշինյանը խոստացավ վերջ դնել իր անցյալի բացասական որոշ գծերին, սովորություններին, որոնք բնութագրել են նրան: Փաշինյանը կա՛մ ինքն է գիտակցել դրա անհրաժեշտությունը, կա՛մ էլ խորհրդատուներն են զգուշացրել նրան ձեռնպահ մնալ որոշ գործողություններից:

Հաղթանակի առթիվ հունիսի 21-ին կազմակերպված հանրահավաքին Փաշինյանը բարեփոխված առաջնորդի տեսքով ներկայացավ ժողովրդին, որոնցից շատերը ակնկալում էին, որ (իրականում) գործի կդնի այն մուրճը, որ ընդդիմադիրների դեմ նա ճոճել էր ընտրարշավի ժամանակ: Փոխարենը նա իրեն ոչ բնորոշ հաշտեցման ելույթով հանդես եկավ: Նա ձեռք մեկնեց ընդդիմությանը համագործակցելու խորհրդարանում: Նա նաեւ խոստացավ իր ճամբարից դուրս որոնել եւ գտնել արհեստավարժ, որակյալ քաղաքացիների, որոնք մաս կկազմեին նոր կառավարությանը: Հավաքված ժողովրդին էլ հորդորեց զերծ մնալ զանգվածային լրատվության եւ սոցցանցերում զազրախոսությունից եւ թունոտ արտահայտություններից: Խոստովանեց, որ ինքն էլ «կամա, թե ակամա» օգտագործել է նման արտահայտություններ, թեեւ իրականում նա սկսել է դրանք կյանքի կոչել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի պաշտոնը զբաղեցնելիս որպես ընդդիմադիր առաջնորդ:

Դժբախտաբար, սոցցանցերում օգտագործվող լեզուն խելացնորության աստիճանի է հասնում, եւ Փաշինյանի հորդորը կարող է, գուցե, որոշ չափով մեղմել, նվազեցնել դրա օգտագործումը: Կարդալով նման կարգի արտահայտություններ, մարդ հուսալքվում է տեսնելով, թե բարոյապես ինչ ցածր մակարդակի կարող է իջնել որեւէ հայ:

Հաղթանակի այդ նույն հանրահավաքում Փաշինյանը անդրադարձավ նաեւ մի շատ տհաճ թեմայի, հանձինս եկեղեցի-պետություն հարաբերություններին, որոնք շատ ցածր մակարդակում էին վերջերս: Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հարաբերությունները բարելավելու նրա մոտեցումը չափազանց կառուցողական էր, եւ կաթողիկոսն էլ համապատասխան բարյացակամությամբ արձագանքեց եւ շնորհավորեց նրան հաղթանակի առթիվ:

Հանրային այս քայլերը կարող են որոշ չափով թուլացնել լարվածությունը, բայց հռետորաբանությանը պետք է հետեւեն կոնկրետ գործողություններ: Պատերազմի ընթացքում կաթողիկոսը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը, որը տհաճ իրավիճակ էր առաջացրել: Կաթողիկոսի գործը չէր, անշուշտ, մուտք գործել քաղաքական ոլորտ: Լավագույն դեպքում նա կարող էր հանդարտության եւ համերաշխության կոչերով հանդես գալ: Կաթողիկոսի դիրքորոշումը բարկացրել էր Փաշինյանի խմբակցությանը, որն էլ ոչ-պետական մոտեցում ցուցաբերելով մերժել էր կաթողիկոսին ոստիկանական պահակախումբ տրամադրել, ստիպել էր, որ մոմ պատրաստելու համար ներմուծված պարաֆինի յուղի դիմաց Ս. Էջմիածինը մաքսատուրք վճարի եւ նպաստել էր, որ Մայր աթոռի հովանավորության ներքո Ղարաբաղ ուղեւորվող տոննաներով սնունդը փչանա մաքսատանը: Ավելին, Փաշինյանի վարչակազմը ձերբակալել էր Իզմիրլյան հիվանդանոցի տնօրեն, պրոֆ. Արմեն Չարչյանին, որ ընտրություններից առաջ որոշ երկդիմի արտահայտություններ էր կատարել իր աշխատակազմի անդամներին: Հիվանդանոցը, ի դեպ, գործում է Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ:

Տողերիս հեղինակը երկար քննարկումներ ունեցավ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի, որ համարվում է երկրի քաղաքականություն մշակողներից մեկը, եւ ՆՍՕՏՏ Գարեգին Բ. կաթողիկոսի հետ: Դժբախտաբար, նրանք կառչած են մնում իրենց դիրքորոշումներից: Հուսանք, որ Հայաստանին պատուհասած աղետը սթափեցնող ազդեցություն կունենա երկու կողմերի վրա, հիշեցնելով նրանց, որ ներկայիս շատ ավելի լուրջ ու հրատապ հարցեր կան լուծելու:

Ներքին եւ միջազգային մամուլը արտահերթ ընտրությունները բնութագրեց որպես «ընդդեմ» եւ ոչ թե «հօգուտ» ինչ-որ մի խմբավորման, որովհետեւ ընտրազանգվածը կանգնած էր նախկին վարչակազմի հնարավոր վերադարձի հեռանկարի առջեւ, ապա որոշել էր քվեարկել նրան «դեմ» եւ ոչ թե Փաշինյանի «օգտին»:

Քոչարյանը միացել էր ՀՅԴ-ին, որն ամենալավ կազմակերպված ընտրական մեխանիզմներն ունի Հայաստանում, բայց կորցրեց ձայների մեծ մասը հենց այդ միավորման պատճառով, քանի որ այդ կուսակցությունը նույնքան ժողովրդականություն չի վայելում Հայաստանում, որքան սփյուռքում:

Հայաստանը դեռ դուրս չի եկել ճգնաժամից, եւ Փաշինյանի վարչակազմը ստիպված է դիմակայել բազմաթիվ մարտահրավերներ, որոնք ամբողջ ազգի ռեսուրսներն է պահանջում գործադրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Նոր կառավարության ձախողումը ուրախացնելու է միայն թուրքերին եւ ադրբեջանցիներին:

Երբ խաղադրույքներն այնքան բարձր են, միայն զգոնությունը, ազգային միասնությունն ու շրջահայեցողությունը կարող են սատար կանգնել, որ Հայաստանը շարունակի գոյատեւել:

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031