Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե լավագույն մասնագետներին սկսում ես ճնշել, ուրեմն բժշկությունը չի զարգանալու և հետընթաց է լինելու․ «Փաստ»

Հուլիս 03,2021 09:50

Վերջին շրջանում թիրախավորվում են բժիշկներ, որոնք մեծ ավանդ են ունեցել երկրի առողջապահական համակարգում, որոնց աշխատանքն անգնահատելի է: Պրոֆեսոր Արմեն Չարչյան, Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյան: Ճնշումների հիմքում, ըստ էության, ընդդիմադիր քաղաքական հայացքներն են: Նախօրեին էլ տեղեկություն տարածվեց, որ անվանի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին են ստիպել լքել այն կլինիկան, որն անձամբ է հիմնադրել ու ղեկավարում:

Թեմայի և առողջապահական համակարգի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին զրուցել ենք համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի և թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանի հետ: Է. Հովհաննիսյանը նկատում է՝ վերոնշյալն ավելի վաղ սկսված ծրագրի մի մաս է ընդամենը: «Այլակարծության դեմ ռեպրեսիաներն արդեն բավականին երկար ժամանակ են կիրառվում: Երբ Արսեն Թորոսյանը դարձավ նախարար, բոլոր մասնագետների դեմ ռեպրեսիաներ սկսվեցին: Արդեն հիմա հասկանալի է դառնում, որ սա ոչ թե ինչ-որ մեկ մարդու մոտեցում կամ վատ բնավորության արդյունք է, այլ հստակ ծրագիր: Ինչքան լավ մասնագետ կար, բոլորի դեմ, ըստ էության, որոշակի ճնշումներ սկսվեցին»,-ասաց Է. Հովհաննիսյանը՝ հիշեցնելով նաև ՁԻԱՀ-ի կենտրոնի պատմությունը:

«Ցանկացած մարդ, մասնագետ, որն այլ կարծիքի է, միանգամից պետական մեքենան նրա նկատմամբ ամբողջ ուժով ռեպրեսիաների է անցնում: Հիմա այդ ամենը պարզապես ավելի ցայտուն ու երևացող բնույթ ստացավ: Փաստորեն, նվիրյալ մարդկանց հանում են առողջապահությունից, որ, երևի, առողջապահություն չունենանք: Փոքր գյուղի՝ Աչաջուրի օրինակով եմ ասում: Եթե այնտեղ նորմալ բժշկություն չլինի, ծննդատուն էլ չի լինի: Հիմա արդեն բժիշկ էլ չկա: Ուրեմն, գյուղը, մանավանդ՝ սահմանամերձ, սկսելու է կամաց-կամաց դատարկվել: Նույնը դիտարկենք ավելի մեծ՝ Հայաստանի չափերով: Եթե «գլխատում» ես քո բժշկությունը, եթե լավագույն մասնագետներին սկսում ես ճնշել, ուրեմն՝ բժշկությունը չի զարգանալու և հետընթաց է լինելու, իսկ նման երկրում մարդիկ չեն ցանկանա ապրել: Սա նման է մի ծրագրի, որի հիմքում կրկին արտագաղթը խթանելն է: Այդ նույն մասնագետները եթե հոգնեն պայքարելուց, կարող է թողնեն ու հեռանան: Մեր բժիշկները ցանկացած երկրում առողջապահության համակարգի առաջին տեղերում կլինեն: Այս մարդկանց չի կարելի ձեռք տալ, ինչպես մեր մյուս վիրաբույժներին, որոնք հսկայական դպրոցներ են ստեղծել»,-ասաց Է. Հովհաննիսյանը:

Թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը հիշեցնում է՝ բժիշկը քաղաքական մարդ չէ, ցանկացած դեպքում բժիշկն անհատ է, և նրա գործունեության առանցքում միշտ բուժական գործն է: «Այս կառավարության օրոք վերջին 3 տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից մեծ թվով բժիշկներ թիրախավորվեցին, ինչը ֆանտաստիկա էր: Կորոնավիրուսի ամենաթեժ պահին հեռացվեց Մհեր Դավիդյանցը, որն ամիսներով չէր տեսել երեխային ու տուն չէր գնացել: Ես ինքս այս ամենի զոհն եմ դարձել: Հեռացվեցի թիվ 2 բուժմիավորումից՝ արցախցիներին ու ՀՀ մեր հայրենակիցներին անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելու համար: Այդ ծանր օրերին, որպես թերապևտների ասոցիացիայի նախագահ, տան պայմաններում մարդկանց անվճար օգնելու պարտավորություն էի ստանձնել, հետո պարզվեց՝ սխալ եմ արել, պետք է վճարովի անեի, ու արդյունքում ազատվեցի աշխատանքից: Սա նորմալ չէ: Ես ականատես եմ եղել, թե ինչպես է Արմեն Չարչյանը չքնելով՝ մեր մեծ թվով զինվորներին օր ու գիշեր վիրահատում՝ իր շաքարային դիաբետով ու ստենդավորված սրտով: Շնորհակալություն պետք չէ, բայց մի՞թե չի կարելի մարդկանց ուղղակի գնահատել: Լավ, գոնե վատություն չունել: Սա աննորմալ երևույթ է, նման բաներ գոյություն չեն ունեցել: Իսկ Արտավազդ Սահակյանը հերոս է, կերպար է բժշկության մեջ, նա մարդ է, որի առաջ պետք է խոնարհվել և որից պետք է անընդհատ սովորել»,-նշեց Լ. Մանուկյանը՝ նշելով, որ այս ամենն, ի վերջո, միջազգային մեծ արձագանք է ստանում:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031