Նիկոլ Փաշինյանի իշխանության անցած երեք տարիները եղել են մի կողմից՝ եղած համակարգերը քանդելու, մյուս կողմից՝ որքան էլ հակասական է, այդ նույն համակարգերի իներցիայով գործելու տարիներ։ Հենց իներցիան է Փաշինյանի իշխանության ամենաբնութագրիչ հատկանիշը, որին նա վստահաբար ապավինելու է նաև ապագայում։
Եվ եթե մինչև պատերազմն իներցիայի աղբյուրը նախկինից մնացած ներքին կարողություններն էին, ապա ըստ ամենայնի՝ հիմա նա հույսը դնելու է արտաքին գործընթացների իներցիայի վրա. Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և այլ կենտրոնների կողմից առանց Հայաստանի մասնակցության կայացվելիք որոշումների արդյունքում ճանապարհները կբացվեն, դա կհանգեցնի որոշակի տնտեսական էֆեկտի, մարդիկ մի քիչ ավելի լավ կապրեն, կյանքը կշարունակվի։
Մեծ հաշվով, սա է ընկած լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջիկա ժամանակահատվածի հիմքում։
Այսինքն՝ պետության ապագան ընդհանուր առմամբ կախված է լինելու պետության հետ առնչություն չունեցող գործընթացներից, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթացավ, Հայաստանի համար կարող է լինել մի քիչ ավելի լավ։ Կարող է և չլինել։
Կարդացեք նաև
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը, մեծ հավանականությամբ, շարունակելու է այն, ինչ արել է անցած երեք տարիներին՝ քանդելու է այս կամ այն չափով կայացած ու դեռ կենսունակ համակարգերը, փոխարենը՝ ցույց տալով մեծ ծավալի տեսանելի արդյունքներ։
Պայմանականորեն, նրա գործունեության գլխավոր նպատակը լինելու է ասֆալտ փռելը կամ ավելի շատ ասֆալտ փռելը։ Կյանքը ցույց տվեց, որ հասարակության համար այդ ասֆալտը շատ ավելի բարձր արժեք է, քան հայրենիքը, արժանապատվությունն ու պետականությունը։
Հետևաբար՝ ասֆալտափռումն առաջիկայում էլ լինելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր անելիքը։
Հատկապես, որ եթե կոմունիկացիաները բացվեն, այդ ասֆալտի համար Նիկոլ Փաշինյանին կօրհնեն ոչ միայն նրա հայ ընտրողները, այլ նաև թուրք ու ադրբեջանցի չընտրողները, որոնք միանգամայն բավարարված ու գոհ են հայ ժողովրդի վերջին ընտրությամբ։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում