Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Գալչյան․ Չեմ կարծում, թե միջանցք կլինի․ «Ազգ»

Հուլիս 03,2021 09:33

Հունիսի 7-ին հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալչյանը ֆեյսբուքում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որ տարածել էին հայաստանյան եւ սփյուռքյան բազմաթիվ լրատվամիջոցներ:

Հունիսի 29-ին Ռուբեն Գալչյանի երեւանյան գրասենյակում մեր հանդիպման գլխավոր առիթը վերոհիշյալ նամակի արձագանքն էր: Նրա հետ մեր ծավալուն հարցազրույցի առաջին մասը՝ ստորեւ:

– Փաշինյանը պատասխանե՞ց ձեզ: Ինչպիսի՞ արձագանք գտավ այդ նամակը:

– Արձագանքները շատ են եղել, նույնիսկ արտասահմանում հրատարակվող հայկական թերթերը խնդրել են անգլերեն թարգմանել, ինչն արել եմ, ուղարկել, եւ հրատարակել են, բայց նամակիս ուղղակի պատասխան դեռ չեմ ստացել: Վարչապետին հասցեագրված նամակներին 2 շաբաթվա մեջ պատասխան է տրվում, բայց թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում գրածս նամակները պատասխան չեն ստացել: Դա իհարկե իմ գործը կասեցնելու պատճառ չէ: Ես գործ մեր ժողովրդի համար եմ անում: Ամիսներ առաջ ԱԳՆ-ից զանգահարեցին, տեղեկացրին, թե այս խնդիրները քննարկելու խումբ են կազմում: Մի երկու շաբաթ առաջ հրավիրեցին մասնակցելու այդ նիստին: Քննարկման նյութը սահմանների վերաբերյալ խնդիրներն էին: Հանձնաժողովը ղեկավարում է Արսեն Ավագյանը: Մասնակցեցի, որոշ արդյունք եղավ, որոշեցինք, թե ինչ պիտի փոխանցվի ղեկավարությանը, ինչ է մեր առաջարկը սահմաններին առնչվող խնդիրների վերաբերյալ: Մասնագետներից կազմված խումբը չէ որոշող մարմինը, այդուհանդերձ նրանց ասածը պիտի դեր ունենա որոշում կայացնելու մեջ:

– Պարոն Գալչյան, ճի՞շտ եմ ընկալել՝ ձեր նամակում հուշում էիք քարտեզների տեղը՝ դրանց օրինակները պիտի պահանջել պաշտոնական Մոսկվայից եւ Թբիլիսիից:

– Ըստ ինձ տրված տեղեկությունների, որ ստացել եմ պաշտպանության նախարարության մասնագետներից եւ տարբեր աղբյուրներից, խորհրդային առաջին տարիներին՝ 1923 թվականին Ռուսաստանը մանրակրկիտ քարտեզներ է պատրաստել Հայաստանի սահմանների վերաբերյալ: Դրանք զինվորական շտաբի պատրաստած քարտեզներն են, որի օրինակներից մեկը գտնվում է Մոսկվայում, մյուսը՝ Թբիլիսիում: Ես մարդ չգիտեմ, որ նույնիսկ տեսած լինի դրանք: Մենք չունենք, եւ ինձ փոխանցված տեղեկության համաձայն խնդրել են, որ այդ քարտեզի պատճենը տրվի, բայց ոչ մի քայլ այդ ուղղությամբ մինչ այժմ չի կատարվել: 1926 թվին տպագրված հանրագիտարանում այդ քարտեզը վերատպվել է: Այդտեղ ԼՂ եւ Հայաստանը իրար կպած են, նրանց բաժանում է միայն Հակարի գետը: Իսկ Ալ լճերը, Արծվաշենը, Գորիսի, Խնածախի շրջանում որոշ մասեր, Շուռնուխի մոտակայքում, որ ճանապարհը մտնում, դուրս է գալիս Ադրբեջանի Հանրապետություն, այդ տարածքները նշված են որպես Հայաստանի տարածքներ: 1935, 36 թվականներին դրանք արդեն փոփոխված են, Խորհրդային Միության բոլոր քարտեզներով այդ հողամասերը տրված են Ադրբեջանին:

Կապույտով նշվածներն այն տարածքներն են, որոնք Ադրբեջանը յուրացրեց 1923-1930 թթ. Ռ.Գ.

Ի՞նչ որոշումով, ես չգիտեմ: Ուղղակի մի նամակ ունեմ Ալ լճերի վերաբերյալ, երբ տեղացիները բողոքել են, որ սրանք մեր հողերն են, մեր ապրուստը, ինչպե՞ս եք ուրիշին հանձնում առանց խորհրդակցելու, Անդրկովկասյան ֆեդերացիան պատասխանել է, թե այդ խնդիրն այլեւ քննարկելի չէ, որոշված է: Սա առաջին հերթին մարդու իրավունքների խախտում է, երկրորդ՝ պետական օրենքի խախտում: Հավատացած եմ, որ հողերի մեծ մասն այսպես է անցել Ադրբեջանին: Որոշ բողոքներ եղել են, բայց ապարդյուն: Ակսել Բակունցն է դրա մասին գրել: Միջազգային հանրությունն այս բաներից տեղյակ չէ, քանի որ մեր հոդվածներն ու հայտարարությունները, գրագրությունը հայերեն են, լավագույն դեպքում՝ ռուսերեն, եվրոպացիներին հասանելի չեն: Ինչպես հասանելի չեն մեր գիտնականների, պատմաբանների բողոքները ժամանակին ադրբեջանցիների այն հերյուրանքների առիթով, թե հայերը նորեկներ են Հարավային Կովկասում, բոլոր հուշարձանները աղվանական են: Ադրբեջանն արդեն 15- 20 տարի է կեղծիքների հսկայական գրականություն է տարածում ողջ Եվրոպայում, բոլոր համալսարաններին ձրի ուղարկում են, եւ ցավն այն է, որ մեր գիտական աշխարհում նրանց կարեւորություն չեն տալիս՝ պատճառաբանելով, թե սրա կեղծ լինելը բոլորը գիտեն: Երեւի եվրոպացի մասնագետների մի քանի տոկոսը միայն գիտի իրական պատմությունը, իսկ ժողովուրդն ընդհանրապես չգիտի:

– Մեր հարեւան Իրանը լավ եք ճանաչում, Թավրիզում եք ծնվել: Բաքվում Իրանի դեսպանը շատ ակտիվ էր պատերազմի օրերին: Լրագրողներից չէր խուսափում, ինչպես Երեւանի նրա գործընկերը: Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների, Իրանը հայտարարություն արեց՝ մեր սահմանները փոփոխելի չեն: Դա ո՞ր հատվածին է վերաբերում:

– Դա վերաբերում է թե՛ Մեղրիի հատվածին, թե՛ Իրան-Ադրբեջան սահմաններին: Իրանի դեսպանը 5-6 շաբաթ առաջ, Երուսաղեմի օրվան նվիրված միջոցառմանը կես ժամ խոսեց Հայաստանի խնդիրների մասին, վերջում նշեց հետեւյալը՝ եթե Ադրբեջանը մտածում է, որ Հայաստանից պիտի դեպի Իրան գնացող միջանցք վերցնի, սա արդեն այն կարմիր գիծն է, որը նրանք խախտում են, եւ մենք շատ կոշտ կանդրադառնանք դրան:

-Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այդ կոշտ որակումը: Եթե մեր երկու երկրների համար կարմիր գիծ է, ուրեմն չի՞ լինի այդ միջանցքը:

– Կոշտ նշանակում է, թե հնարավոր է նույնիսկ հարձակվեն նրանց վրա, քանի որ Իրանին վնաս է տալիս, երբ կտրվում է Հայաստանից: Չեմ կարծում, թե միջանցք կլինի:

 

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031