Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Սևյան. «Որպեսզի բնակիչները վերադառնան Չարեքթար, պետք է գոնե ադրբեջանական զինվորները բարձունքներից իջեցվեն հակառակ ուղղությամբ»․ «168 ժամ»

Հուլիս 03,2021 09:15

Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղը, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ, դեռևս չի ընդունել իր բնակիչներին, որոնք այնտեղից դուրս էին եկել Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ կամ դրանից հետո, երբ Քարվաճառը հանձնվեց թշնամուն։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի Աշոտը, ով երեկ է վերադարձել Չարեքթարից, պատմեց, որ բնակիչները չեն վերադարձել Չարեքթար, քանի որ անվտանգության որևէ երաշխիք չկա։

«Կարելի է ասել՝ թուրքերը մեր տանից 100 մետր հեռավորության վրա ազատ շրջում են։ Իհարկե, մեր զինվորները կանգնած են, բայց քանի որ բոլոր բարձունքներում թշնամին է կանգնած, խաղաղ բնակիչը նրանց համար 100 տոկոսանոց թիրախ է, որևէ պահող օղակ չկա։ Բնակիչներն էլ չեն վերադառնում, երևի մեկը մյուսից իմանալով, որ մարդ չի գալիս, վախենում են իրենց անվտանգության համար»,- նշեց Աշոտ Սևյանը։

Չնայած այս ամենին, Աշոտ Սևյանը որոշել է՝ վերադառնալու է Չարեքթար, սակայն առանց ընտանիքի, և քանի որ չկա անվտանգության երաշխիք, հետևաբար՝ չի մտածում իր 9-ամյա երեխային տանել թշնամուն շատ մոտ։

«Ես հենց այդ նպատակով էի գնացել Չարեքթար, տեսնելու, թե անվտանգության ինչ երաշխիքներ կարելի է ձեռք առնել, որպեսզի չարեքթարցիները վերադառնան գյուղ։ Որպեսզի բնակիչները վերադառնան գյուղ, պետք է գոնե մինիմում ադրբեջանական զինվորները բարձունքներից իջեցվեն հակառակ ուղղությամբ, միակ ելքը սա է բնակիչների վերադարձի համար։ Սակայն սա իրատեսական չեմ համարում, որովհետև մեր ղեկավարությունը դրա համար ոչինչ չի անում, իսկ բնակիչներին էլ նման հնարավորություն չեն տալիս։ Ինքս վերադառնալու եմ Չարեքթար՝ առանց ընտանիքի, մնալու եմ այնտեղ այնքան ժամանակ, մինչև զգամ՝ անվտանգության երաշխիքներ կան, դրանից հետո միայն ընտանիքիս կտեղափոխեմ։ Ինքս չեմ պատրաստվում իմ 9 տարեկան երեխային սարքել քաղաքական թիրախ»,- հավելեց Ա. Սևյանը։

Նա Արցախի հետագա ապագայի առնչությամբ լուրջ մտավախություններ ունի, նախ՝ ՀՀ իշխանությունների վերընտրվելուց, ապա՝ Արցախ կատարած 3-օրյա այցելությունից հետո։

«Ես գրեթե վստահ եմ, որ այսօրվա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ստեփանակերտն էլ հանձնել թշնամուն։ Արցախ կատարած իմ այցի ժամանակ ես այդպիսի տպավորություն ստացա։ Պարզ է դառնում, որ այսօրվա իշխանությունները պատրաստվում են հանձնել Ստեփանակերտը և դրանով լուծել Արցախի հարցը»,- ընդգծեց նա։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031