Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե ադալժենի է արել, թե գնացել եմ կռվել եմ, գնացել եմ ծառայել եմ, այլ դու պարտավո՛ր ես»

Հուլիս 03,2021 14:00

8-րդ գումարման ԱԺ-ում Հովիկ Աղազարյանը որոշել է ուղղել իր «սխալը» եւ ակտիվ զբաղվել պաշտպանական հարցերով:

Երեկ խորհրդարանում իմքայլական պատգամավորները վիճում էին: Բանավեճի թեման պետական ու համայնքային հողի վրա ինքնակամ կառույցներն օրինականացնելն արգելելու մասին նախագիծն էր: Եղան ելույթներ, որ ովքեր դեմ են, այլ շահեր են հետապնդում:

Հովիկ Աղազարյանն էր ամենաշատը տխրել, որ նախագիծը չանցավ: Նա ասում էր, որ հուսահատ պայքար է մղել ինքնակամ կառույցների դեմ, երբեմն՝ ֆիզիկական միջամտությամբ. «Շատ վիրավորական է, երբ դու իշխանություն ես ու քայլում ես փողոցով, մարդիկ նայում են քեզ ու ցույց են տալիս այն կառույցը, որն արդեն մտել է փողոցի մեջտեղը: Ասում են՝ դու ո՞վ ես, քեզանից ի՞նչ ես ներկայացնում: Մի անգամ ես տղաներից մեկին ասեցի՝ ես չեմ ընտրվի, դուք իմ գլուխն այս ասֆալտի վրա կջնջխեք, ես գիտեմ, բայց դա ինձ չի հետաքրքրում, այս կառույցը պիտի քանդվի»:

«Առավոտի» հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հարցին՝ մարդիկ ձեզ ասում են՝ առավել վիրավորական պետք է լինի, որ դուք իշխանություն եք, քայլում եք փողոցում ու ձեզ մատնացույց են անում ոչ թե ինքնակամ կառույցների համար, այլ՝ երկրում ձեր իշխանության օրոք տեղի ունեցած դժբախտությունների, պատերազմի համար՝ պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ դա վիրավորական չի: Բայց որ պատերազմում պարտություն ենք կրում, այ նման դրսեւորումների հետեւանքն է: Մենք պաշտպան ենք միայն մեր կնոջը, մեր աղջկան, մեր տղային՝ պարսպից ներս, ընդհանուրը մերը չի: Այդ մոտեցումն է, որ ցավալի զարգացումներ է բերում: Որովհետեւ մեր համակեցության մշակույթը շատ վատն է: Եթե հարեւանին կոտորեն վնասեն՝ դա մեզ չի վերաբերում: Բնականաբար, պատերազմն էլ շատ ցավալի է, բայց ինքնակամ կառույցն էլ վատ դրսեւորում է ու նման բաների հետեւանքով է, որ մենք անհաջողություններ ենք արձանագրել պատերազմում: Անկազմակերպ ենք եղել, մեկս մյուսի նկատմամբ պատասխանատվության զգացում չենք ունեցել, ամեն մեկս միայն մտածել ենք մեր մասին: Մենք չենք սիրում, չենք ուզում գնալ պետական ստրուկտուրաներով բանակ ու կռիվ տալ: Մեկն ասում է՝ ես ազատամարտիկ եմ ու կգնամ իմ թաղի տղերքի հետ, գնում են, գալիս են, չես իմանում գնացին՝ չեկան, գնացին՝ եկան, գնացին ինչ արեցին եկան……Հետո սկսում ենք պարտքի տակ ընկնել, այնինչ պետք է յուրաքանչուրիս պարտքը լինի հայրենիքի պաշտպանությունը, ոչ թե «ադալժենի» է արել, թե գնացել եմ կռվել եմ, գնացել եմ ծառայել եմ, դու պարտավո՛ր ես: Մենք պիտի հասնենք դրան, իսկ դրան հասնելու համար պետք է ազգ-բանակ: Ինձ քննադատել այդպիսի բաների համար այնքան էլ տեղին չէ, որովհետեւ ես միակողմանի չեմ մտածում, ընդհանրական եմ մտածում: Բնականաբար, ես էլ ունեմ իմ սխալները, ինչի՞ մասին է խոսքը»:

Հարցին՝ այդ «գնալ-կռվելու» համար իշխանությանն են մատնացույց անում, ասում են՝ ինչո՞ւ զոհերի մեջ իշխանական պաշտոնյաների ընտանիքի անդամներ չկան, դուք ինքներդ չեք գնացել կռվելու, ձեր բարեկամներին այսպես ասած «փեշի տակ» եք պահել, փայփայել եք ու հասարակ քաղաքացիներին եք ուղարկել առաջնագիծ՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Այդպիսի բան չկա: Օրինակ, իմ շատ մոտիկ հարազատների մեջ եղել են առաջնագծում՝ Մարտունիում, բայց բարեբախտաբար ասենք ողջ են մնացել: Ունեմ նաեւ ոչ շատ մոտիկ հարազատ, բայց էլի բարեկամ, որ անհետ կորել է»:

Երեկ 7-րդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստն էր: Աղազարյանը լինելու է նաեւ 8-րդ գումարման ԱԺ-ում: Հարցրեցինք՝ որո՞նք են եղել այս խորհրդարանի սխալները ու հաջորդ խորհրդարանը ի՞նչը պետք է սրբագրի՝ Հովիկ Աղազարյանը տեւական ժամանակ լռեց, մտածեց, մտածեց ու ասաց. «Դժվարանում եմ պատասխանել»: Թե անձամբ ինքը որտե՞ղ է թերացել՝ Աղազարյանը գտնում է, որ բացի իր հանձնաժողովից, շատ չի խորացել քննարկումների մեջ, օրինակ, չի խորացել պաշտպանությանն առնչվող քննարկումներում՝ մտածելով, որ դա պետք է անի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը. «Ես այդտեղ թերացել եմ, որովհետեւ պետք է ավելի ակտիվ լինեինք: Հիմա իմ սխալը կուղղեմ, մնալով իմ հանձնաժողովում՝ ակտիվ մասնակցություն եմ ունենալու պաշտպանության հետ կապված հարցերի քննարկմանը եւ հանդես եմ գալու նախաձեռնություններով նաեւ»:

Ռոբերտ Քոչարյանը կանխատեսում է արել, որ 1,5 տարի հետո նոր արտահերթ ընտրություններ են լինելու, ուստի մեր հարցին՝ դա հիմքեր ունի՞, Աղազարյանը պատասխանեց. «Մենք ինքներս ենք ասում: Ես ինքս եմ ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել, որ եթե 1-2 տարվա ընթացքում դուք չզգաք, որ մենք ձեր սպասելիքներն արդարացնում ենք, ապա դուք կշրջվեք ու կհեռանաք մեզնից ու այդ ժամանակ կարող է արտահերթ ընտրությունների հարց առաջանալ: Շատ իմ գործընկերներ նույն կարծիքին են, որովհետեւ ժողովուրդը վերահաստատեց մանդատը, բայց ինքը սպասելիքներ ունի: Այդ սպասելիքները պետք է արդարանան: Եթե չլինի այդ ամեն ինչը, բնականաբար խնդիրներ կունենանք: Հիմա Ռոբերտ Քոչարյանը թե դրա վրա է հենվում՝ ես չգիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031