Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում ինձ վրա եղել է հարձակում սպանելու նպատակով, իսկ ինձ հետ գտնվող փաստաբանին առեւանգել են»

Հուլիս 03,2021 13:30

Քրեական վերաքննիչ դատարանի կազմն ամբողջական չէր, հետեւաբար ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի բողոքի քննությունը նշանակվեց օգոստոսի 24-ին: Նրա պաշտպանն էլ չէր ներկայացել դատարան:

Հիշեցնեմ, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Գ. Պողոսյան) 2016թ. ապրիլի 15-ի որոշմամբ Վահագն Սիմոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործն ընդունվել էր վարույթ, իսկ 2016թ. մայիսի 2-ի որոշմամբ նշանակվել է դատական քննություն:

Վահագն Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «2015թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 36բ շենքի դիմաց, չնչին առիթն օգտագործելով, սեփական անձի գերազանցելիությունն ու կարծեցյալ առավելություններն օգտագործելու մոլուցքով տարված, վիճաբանել է Ռուբեն Գալստյանի հետ, որի ընթացքում ուղղակի դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով՝ մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ. Գալստյանի հասցեին եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն գործադրել նրա նկատմամբ, այն է՝ էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է Ռ. Գալստյանին, գետնից քար վերցնելով հարվածել է գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանի քերծվածքների ձեւով պատճառել առողջությանը թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Դրանից հետո Վ. Սիմոնյանը հեռացել է դեպի Քրիստափորի փողոց եւ տաքսի ավտոմեքենա կանգնեցնելով՝ նստել է մեքենան եւ զանգահարել ոստիկանություն: Քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները, որոնց ներկայությամբ Վ. Սիմոնյանը նորից սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ Ռ. Գալստյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, որից հետո վերջիններիս տեղափոխել են ոստիկանության Էրեբունի բաժին»:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա մարտի 15-ին մասնավորապես վճռել է. «Վահագն Սիմոնյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Էրեբունի-Երեւան հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Վահագն Գուրգենի Սիմոնյանին ազատել պատժից:

Վ. Սիմոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել»:

Ըստ դերասանի` իրականում իր վրա եղել է հարձակում սպանելու նպատակով, իսկ նրա հետ գտնվող փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանին կյանքի եւ առողջության սպառնալիքներով առեւանգել են: «Սակայն վարույթն իրականացնողներն այդ ուղղությամբ որեւէ քննություն չեն իրականացրել, ավելին, ամեն ինչ արել են, որպեզի վերացվեն ապացույցները եւ գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար առանցքային կարեւորություն ունեցող ականատես վկաներին չեն հրավիրել հարցաքննության՝ դրանով իսկ ցանկանալով թաքցնել օբյեկտիվ ճշմարտությունը եւ օժանդակել են որոշ անձանց խուսափելու քրեական պատասխանատվությունից եւ պատժից»,-իր բողոքում գրել էր նա:
Նա վկայակոչում է իր քրեական գործում՝ հենց առաջին իսկ էջում առկա զեկուցագիրը, որում մասնավորապես նշված է հետեւյալը. «Զեկուցում եմ Ձեզ այն մասին, որ ս/թ օգոստոսի 4-ին, ժամը 20:20-ին սահմաններում, «Գլաձոր» բաժանմունքը ռադիոկապով հայտնեց, որ մոտենանք «Փեթակ» տոնավաճառի մոտ: Մենք ընդունելով հաղորդումը, մոտեցանք, «Փեթակ» չհասած, կամուրջի քիչ վերեւ նկատեցինք երեք երիտասարդների, որոնք բարձրաձայն խոսում էին:

Մոտենալով նրանց՝ հարցրեցինք, թե ինչ է պատահել եւ նրանցից մեկը, որը գեր կազմվածքով եւ կապույտ վերնաշապիկով էր, հայտնեց, որ դիմացի մայթում կայանված սպիտակ գույնի «Դայվո» մակնիշի 34VF325 պետհամարանիշով մեքենայի մեջ նստած ուղեւորը նրան էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է եւ քարով հարվածել գլխի ետնամասին: Մենք այդ երեք քաղաքացիների հետ մոտեցանք վերը նշված մեքենային եւ ուղեւորին խնդրեցինք իջնի: Սակայն նա նկատելով նշված երիտասարդներին՝ սկսեց տալ սեռական բնույթի հայհոյանքներ եւ էլեկտրահարող սարքը միացրեց: Այդ պահին նշված երիտասարդներից կարմիր վերնաշապիկովը եւ կապույտ վերնաշապիկովը նրան հարվածեցին եւ փորձեցին խլել ձեռքից էլեկտրահարող սարքը: Մենք նրանց միջամտեցինք, կանխեցինք նրանց հետագա գործողությունները եւ ռադիոկապով կանչեցինք 039 Պ/Ա եւ նրանց ներկայացրեցինք Էրեբունու ոստ. բաժին: Նշեմ, որ ուղեւորը գտնվում էր անսթափ վիճակում եւ վրայից գալիս էր սուր ալկոհոլի հոտ, իսկ նշված երիտասարդներից մեկի վերնաշապիկի վրա կար արյան հետքեր եւ նա հայտնեց, որ ուղեւորի ընկերն է եւ այդ արյան հետքերն առաջացել են ուղեւորին մինչ մեր մոտենալը օգնություն ցույց տալու ժամանակ եւ կանչել է շտապօգնություն, իսկ ոստիկանություն 102 զանգահարել է տաքսու ուղեւորը: Մոտենալով Էրեբունի ոստ. բաժին՝ տաքսու ուղեւորը հայտնեց, որ վատ է եւ առողջական խնդիր ունի եւ իրեն շտապ բուժօգնություն է հարկավոր: Բաժնի մոտ մեզ մոտեցավ շտապօգնությունը եւ հայտնեցին, որ տանում են I-ին հիվանդանոց: Բաժնում, ըստ իրենց բանավոր հայտարարության, արյունոտ վերնաշապիկով երիտասարդը ներկայացավ փաստաբան՝ Գեւորգ Մարտիրոսյան: Տաքսու մեջի ուղեւորը՝ Սիմոնյան Վահագն: Կապույտ վերնաշապիկովը՝ Գալստյան Ռուբեն:

Կարմիր վերնաշապիկովը՝ Գալստյան Սուրեն: Տաքսու վարորդը՝ Արտակ Խաչատրյան»: Ըստ Վահագն Սիմոնյանի, վարույթն իրականացնողներն իմացել են, որ դեպքի վայրում ոչ միայն ներկա է եղել, այլ նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել միջադեպին փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը, ում վերնաշապիկը արյունոտված է եղել, ով իրեն օգնություն է ցուցաբերել, որպեսզի չմահանա, իսկ Ռուբեն եւ Սուրեն Գալստյանները ոստիկանների ներկայությամբ հարվածել են Վահագնին:

Բողոքաբերը գրել էր. «Տարիներ շարունակ իբր քննելով գործը` այս հանգամանքի վրա որեւէ ուշադրություն չեն դարձրել քննիչ Սուրեն Մանուկյանը եւ գործը վերահսկող դատախազները՝ մասնավորապես Էմիլ Հարությունյանը եւ դատավոր Գագիկ Պողոսյանը: Հետագայում՝ հարցաքննությունների ժամանակ բացատրություններ եւ ցուցմունքներ տալիս, դեպքի վայր ժամանած ոստիկանները ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Վ. Մելքոնյանի, ինչպես նաեւ քննիչ Ս. Մանուկյանի մոտ հարցաքննության ժամանակ կրկին Գ. Մարտիրոսյանի արյունոտված լինելու վերաբերյալ, ինչպես նաեւ բուժօգնություն կանչելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել են, սակայն վերջիններիս այդպես էլ հետաքրքիր չի եղել այդ տեղեկատվությունը, դրա վերաբերյալ որեւէ հարց չեն տվել, ինչպես նաեւ չեն հանձնարարել Գեւորգ Մարտիրոսյանին քննության ներկայացնելու վերաբերյալ գործողություններ իրականացնել:

Բացի դրանից, քննիչ Ս. Մանուկյանը գրեթե չորս ամիս իբր չի կարողացել ինձ հայտնաբերել, հանձնարարություններ է տվել ոստիկաններին ինձ հայտնաբերելու վերաբերյալ եւ վերջիններս իբր պարբերաբար այցելել են մեր բնակարան, դուռը իբր փակ է եղել եւ ոստիկանները ձեռնունայն վերադարձել են: Այսինքն, քննչական մարմինը՝ ոստիկանության հետ համատեղ, շուրջ չորս ամիս չեն կարողացել հայտնաբերել մի մարդու, ով ենթադրաբար կատարել է ծանր հանցագործություն: Նշեմ, որ այդ տեղեկատվությունը կեղծ է եւ շինծու: Անհնար էր չկարողանալ ինձ հայտնաբերել, ես գրեթե միշտ գտնվել եմ տանը եւ բակում եւ դա շատ հեշտ հնարավոր է պարզել եւ մեր տուն ու մեր բակ ոչ մի ոստիկան այդ ընթացքում ինձ չի հարցրել»:

Ի դեպ, թե ընդհանուր իրավասության դատարանում, թե իր բողոքում Վ. Սիմոնյանը հայտնել էր, որ միջադեպի վայրում առկա է առնվազն վեց տեսախցիկ, սակայն ոստիկանության ծառայողները քննիչին պատասխանել են, որ այդ տարածքում տեսախցիկներ չեն հայտնաբերվել եւ եթե նույնիսկ հայտնաբերվեր տեսախցիկ, ակնհայտ է, որ տեսանյութերը պահպանված չէին լինի: Դա եւս միտումնավոր է արվել, որպեսզի վերացվեն ապացույցները: Ըստ Սիմոնյանի, քննիչը նույնիսկ չի հետաքրքրվել, թե ոստիկանության բաժին ժամանած շտապօգնության բրիգադը ինչպիսի գանգատներ է իր մոտ հայտնաբերել, ինչ բժշկական միջամտություն է կատարել, չի պահանջել զանգի ձայնագրությունները, կանչի թերթիկը, որտեղ արձանագրված են ամբաստանվող դերասանի մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքները, որտեղ նշում կար նրա վիճակի ծանր լինելու մասին: Հատկանշական է, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններ Արմեն Սահակյանը եւ Կարեն Զաքարյանը ոստիկանության բաժանմունքում բացատրություն էին տվել, որ Ռուբեն եւ Սուրեն Գալստյանները իրենց ներկայությամբ հարվածել եւ հայհոյել են Սիմոնյանին, սակայն հետագայում քննիչի մոտ ցուցմունք տալիս ցուցմունք են տվել, որ նրան ոչ թե հարվածել են, այլ` քաշքշել ու հրել: Իսկ քննիչի այն հարցին, թե ինչու հիմա անհամապատասխանություն կա ցուցմունքի եւ բացատրության միջեւ, նրանք երկուսն էլ միաբերան պատասխանել են, որ հնարավոր է՝ շտապելու հետեւանքով ճիշտ չեն կարողացել շարադրել մտքերը:

«Փաստորեն, ստացվում է, որ նրանք շուրջ քառասուն օր հետո ավելի լավ ու հստակ են հիշել դեպքը, քան այդ նույն դեպքի օրերին: Այստեղից նույնպես ակնհայտ է դառնում, որ ոստիկանության նշված աշխատակիցները ճնշումների, խմբային շահերից ելնելով՝ հետագայում փոխել են իրենց ցուցմունքները եւ սուտ ցուցմունք տվել»,-գրել էր իր բողոքում դերասանը: Բողոքին կցված էին «Առավոտի» դատական վեց տարվա ռեպորտաժները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031