Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրդեհ…

Հուլիս 03,2021 12:30

Հատված «Օջախիս երկրաշարժը» անտիպ գրքից

…Հրդեհից հետո կանգուն մնացած նկուղային հարկի ծածկն ու մի քանի մոխրացած փայտի մնացորդներն անտեղյակներին գուժում էին տեղի ունեցած զարհուրելի պատահարի մասին: Հրե անգութ ճարակը չէր խնայել ոչինչ, ոչինչ:

Քրոջս ամուսինը՝ Աշոտը, նախորդ դարի 60-ականներին իր կառուցելիք տան բետոնե ներքնահարկը ծանրագույն պայմաններում էր կառուցել: Նորաբաժան ընտանիքի համար կառուցած մի փոքրիկ բնակարանատիպ սենյակում տեղավորել էր քրոջս՝ Էմմային, ու երեք երեխաներին՝ հույս փայփայելով, որ կամաց-կամաց կկարողանա ավարտին հասցնել իր իսկ նախագծած տան կառուցումը, որին, չգիտես ինչո՞ւ, բոլորը թերահավատորեն էին վերաբերվում: Սակայն նա, ավելի քան համոզված ու ինքնավստահ, պնդում էր մտադրության իրականացումը: Եվ տարիներ անց, հսկա կառույցի նորամուտը նշելիս, Աշոտը բաժակ բարձրացրեց ու «կարճ կապեց».

– Տեսա՞ք, որ կառուցեցի…

Աշոտն այդ տարիներին արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստան: Նա հրաշալի հյուսն էր, ատաղձագործ ու տանիքների կառուցման անգերազանցելի վարպետ: Եվ այս ամենի հետ նաեւ՝ անսահման աշխատասեր: Այդ էր պատճառը, որ Ռուսաստանից երբեք աշխատանքի հրավերների պակաս չէր զգում:

– Բազմափեշակ է Աշոտս,- ժպտալով իր գնահատականն էր տալիս տատս՝ նրա մոտիկ բարեկամուհին: Բարեկամների նման ամուսնություններն ընդհանրապես արգելվում են մեր իրականության մեջ: Սակայն…

Երկրաշարժից երկու օր անց, Աշոտին պատահականորեն հանդիպեցի, երբ Արտուշի դին մարզադաշտում գտել ու փրկարարների ուղեկցությամբ տեղափոխում էի գերեզմանոց: Մենք դառնորեն արտասվելով գրկախառնվեցինք: Հզոր ու ամրակազմ Աշոտից կարծես մնացել էին նրա «փշրանքները»: Տարիներով տառապած ու իրեն «չգտած» մարդու տպավորություն էր թողնում նա: Արտասուքները հորդում էին «դատարկ աչքերից»:

– Վրեժն ու Արմանս… Ու փղձկաց՝ անդարման ցավից: Վրեժը նրա կրտսեր դստեր՝ Լարիսայի ամուսինն էր, Արմանը՝ Վրեժի հնգամյա ավագ որդին: Երկրաշարժը նրանց ընտանիքը «կիսել էր», «խնայելով» Լարիսային ու կրտսեր որդուն՝ Ալիկին…

Երկրաշարժից ամիսներ անց, իր ավերված տան տեղում Աշոտն սկսեց նոր տուն կառուցել: Այս անգամ՝ փայտից, միայն փայտից, …որ ոչ մի երկրաշարժ չկարողանա ավերել: Երկաթբետոնե նկուղը կանգուն էր: Փայտի «սիրահար» վարպետը հին տան նախագծով էլ որոշեց սկսել:

– Միայն մի բան եմ ավելացնելու: Տանիքում երկու ննջասենյակներ կլինեն,- փայտե հսկայական չորսուները կառուցվելիք տան անկյուններում կանգնեցնել-ամրակապելով, հայտնեց մտադրությունը: Եվ շինարարությունը «թափով» առաջ գնաց: Օրեցօր պատերն ու միջնապատերը միահյուսվում էին վարպետի ձեռամբ: Ժամանակի պակասը խեղդում էր Աշոտին:

– Բա ժամանակ չունենայի՞ «դուռ ու լուսամուտն» իմ ձեռքով սարքեի: Պետական սարքածներն ի՞նչ են: Բայց թե՝ ոչինչ: Հիմա սրանք կտեղադրեմ, հետո նույն չափերով կսարքեմ ու կփոխեմ բոլորը,- ինքն իրեն վճռում ու շարունակում էր գործը:

Շինարարության ընթացքում ես մի քանի անգամ այցելեցի Աշոտին: Կառուցման աշխատանքների զարմանալի արագության հետ, որակն անթերի էր: Ամիսը չբոլորած հասել էր տանիքին: Մի անգամ էլ իմ օգնությունն առաջարկեցի: Աշոտը «կարճ կտրեց».

-Քեզ հազար ցավ ունես: Քո գործերով զբաղվիր,- առանց աշխատանքից կտրվելու «ճանապարհեց» ինձ… Սակայն, մի քանի օրից ինքն եկավ՝ իմ «հազար ցավերից» մեկը հոգալու: Իմացել էր, որ անձրեւի ժամանակ վագոն տնակիս տանիքից կաթում է: Մեկ օրվա մեջ տնակն ու կից փոքր շինությունը միայնակ տանիքապատեց: Մենակ, քանի որ ուժեղ գլխացավ ունեի նախորդ օրը չափից ավելի օղի խմելու հետեւանքով: Այն տարիներին հաճախ էր պատահում՝ որպես վիշտը «խեղդելու միջոց»…

Հաջորդ օրն Աշոտը գնացել էր Լարիսայի՝ իրարից չորս մետր հեռավորությամբ տեղադրված երկու վագոն-տնակների միջակայքը կառուցապատելու: Սկզբից «տան էր նմանեցրել», ապա ողջ կառույցը տանիքապատել էր: Դարձյալ մենակ…

Մի քանի ամսից իր փայտաշեն բնակարանի կառուցումն Աշոտն ավարտեց, ինչպես ասում են՝ «բոլոր հարմարություններով» եւ ընտանիքը «հրաժեշտ տվեց» վագոն-տնակին:

1991 թ. հոկտեմբերի տասնհինգին, կնոջս երկրորդ անգամ վիրահատելուց հետո, Գերմանիայից Մոսկվայով Հայաստան էինք գալիս:

Սարսափելի հրդեհի մասին ես տեղեկացա քրոջս՝ Լյուդմիլայի ամուսնուց՝ Սաղաթելից, ում հանդիպեցի Կիրովականում, երբ նա պատահականորեն մեր գնացքը նստեց: Նա Լենինական՝ իր տուն էր ուղեւորվում: Ինքն էլ էր բարեկամներից տեղեկացել հրդեհի մասին: Ինձ կցկտուր լուրեր հաղորդելով, ասաց, թե լսել է, որ հոկտեմբերի մեկին, գազաբալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել եւ զոհվել են Աշոտն ու նորածին թոռնիկը…

Ես կանգնել էի անիրավ հրդեհից սեւացած նկուղի ծածկի վրա ու հետզհետե ահագնացող կրակների մեջ նրա պայծառ պատկերն էի փնտրում:

Նրա անզուգական բարի ու հավատարմությամբ լցված աչքերը: Սիրտս այրող արցունքները «ներս էի արել» ու պահել դրանք իմ «գանձարանում»: Հա՛, զսպել էի ինձ… Ես չկարողացա արտասվել: Զարհուրելի տեսարանն ու կորստյան ցավը կտրել էին ինձ անհավատալի իրականությունից, ու արթնացրել հիշողությանս անհատնում ղողանջները…

– Էս ի՞նչ արեցիր դու, Աշո՜տ, եղբա՛յրս,- մտմտում էի՝ երեւակայությանս մեջ նորից ու նորից փնտրելով նրան, որ գրկեի պիրկ, մկանոտ թիկունքն ու սեղմեի կրծքիս, որքան ուժ ունեի…

Քո մեկնելուց, Աշոտ, իմ հազար տեղերից ճաքճքած ու բարակած սրտին էլի՛ մի ցավոտ ճաք ավելացավ…

Աշո՜տ, քո մեկնելուց տարիներ անց, նման մի հրեշավոր հրդեհից էլ անօթեւան մնաց սեւավոր դուստրդ՝ Լարիսան: Եվ միայն փառք տվեցինք Աստծուն, որ մարդկային կորուստ չունեցանք:

Օ՜, երկրաշարժ: Քանի՛, քանի՜ տուն քանդեցիր: Եվ դեռ որքա՞ն տնաքանդություններ ես բերելու աղետյալներս գլխին…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031