Լրահոս
Օրվա լրահոսը

Գույների խորհուրդը՝ տողերում

Հուլիս 03,2021 13:00

Արձակագիր Գրիգոր Գրիգորյանը հեղինակային երեք գրքերի հեղինակ է՝ «Կանաչ կազմով գիրքը», «Դեղին կազմով գիրքը» եւ «Կարմիր կազմով գիրքը», իսկ առաջիկայում կլինի «Սեւուսպիտակը»:

Հեղինակի հավաստմամբ՝ իր գրքերն ամեն մեկն առանձին կյանք ունեն եւ միաժամանակ անուղղակի կապված են իրար հետ։ Գրիգորն ուզում է հավատալ, որ գունեղ գրքերը ոչ միայն կընթերցվեն մի շնչով, կդառնան ընթերցողների գրադարաններում հայտնված հանրահայտ հեղինակներին արժանի գրքեր, այլ նաեւ կփոխեն մարդկանց, կփոխեն ինչ-որ բան: Արձակագիրը հույս ունի, որ իր գրքերով մի փոքր կբարիացնի մարդկանց աշխարհը, հույս ու լույս կմտցնի նրանց ամենօրյա կյանքում, նոր երանգներ կբացահայտի նրանց համար։

Մեր զրույցի ընթացքում արձակագիր Գրիգոր Գրիգորյանի հետ խոսել ենք տարբեր հարցերի շուրջ:

– Ո՞ւմ ենք տեսնում ձեր տողերում, ո՞վ է հետեւում ձեր բառերին:

– Իմ տողերում մարդիկ են, իմ հարեւանը, ձեր ուսուցչուհին, հենց դուք, տաքսիստը, զինվորը, ուժեղ մայրը, փոքրիկ, բայց իմաստուն Պուճուրը… Իմ տողերում մարդն է։

– Արդի գրականության զարգացումներին սովորականի պե՞ս եք հետեւում, թե ավելի կոնկրետ ուսումնասիրություններ եք կատարում:

– Ես հազիվ հասցնում եմ ընթերցել` պահպանելով պարբերականությունը (ժամանակակից, դասական, հայ, արտասահմանցի…):
Արդի գրականության որակի չափանիշը, ի համեմատ նախորդ դարի, որոշակի փոփոխությունների է ենթարկվել եւ ենթարկվում։ Նույնիսկ գրականագետներն այն համոզման են եկել (կամ նրանց բերել են այդ թյուր համոզման), որ գրքի որակը քանակական գնահատականներ ունի (վաճառքի ծավալ, ընթերցողների քանակ եւ այլն)։ Այս ամենն, իհարկե, անհեթեթություն է ինձ համար, ես ունեմ իմ չափորոշիչները, բայց ինչպես ասվում է` քո սպասելիքները քո խնդիրներն են։ Սիրում եմ ընթերցել ժամանակակից գրողներին, բայց պոպուլյար գրականությունից խորշում եմ, ինձ համար գրականությունը եւ բացատրելի է, եւ անբացատրելի, մեկ-մեկ պարզության մեջ այնքան իմաստ կա, որ ուռճացված եւ արհեստածին մտքերը փոշիանում են աչքերիդ առջեւ։

– Ե՞րբ եք ինքներդ ձեզ հետ կռիվ տալիս եւ ինչի համար։

– Ինքս այդքան էլ կոնֆլիկտային մարդ չեմ եւ ցանկացած բարդ հարցում փորձում եմ ճկունություն ցուցաբերել։ Ինքս ինձ հետ հարաբերություններում նույնպես այդպես է, մտքերի եւ զգացմունքների, մարմնի եւ հոգու ներդաշնակությունը շատ եմ կարեւորում, դրա համար էս հարցում ավելի կանխատեսելի եմ, քան ընդհանրապես արվեստագետները։ Ինքս ինձ հետ փորձում եմ առավելագույնս արդար լինել, որպեսզի ոչ մի թաքուն հատված չմնա, ոչ մի կռիվ չլինի, գոնե ինքս ինձ համար լինեմ կանխատեսելի։

– Ինչո՞ւ հենց այդ գույների շապիկներով են ձեր գրքերը։ Ինչ-որ խորհուրդ ունի՞, թե՞ պարզապես…

– Գույներն, իհարկե, պատահական չեն, բայց ինչու են հենց այդ գույներն ընտրված` կարելի է գտնել գրքերի տողերում։ Օրինակ` «Սեւուսպիտակը», որը, ցավոք, պատերազմի ծնունդ է, մեր կյանքն է, որտեղ գերակշռում է սեւը, սակայն, հուսամ, դեռ կան սպիտակ հատվածներ։

– Ե՞րբ եք հասկացել, որ կարող եք գրել մի բան, որը ընթերցողը կարող է գնահատել հոգեպես։

– Երբ գրեցի «Մի գրքի պատմություն» պատմվածքը` հասկացա, որ կարող եմ տպագրվել, երբ տպագրվեցի («Կանաչ կազմով գիրքը»), ընթերցողների արձագանքից հասկացա, որ իմ պատմվածքներն ունեն մեկ ընդհանրություն. նրանք շատ պարզ են թվում, սակայն կլանում են ընթերցողին, դա հենց այն է, ինչ ուզում եմ, սա գնահատական է, երբ գրի մեջ կա մոգություն, որը չի բացատրվում։

– Կա՞ բան, որ չեք կարող չառանձնացնել։

– Իհարկե, գիրքը։

– Ո՞ւմ ենք տեսնելու Գրիգորի հերթական գրքում։

– Հերոսներին, միայն մեր հերոսներին, որոնք ապրում են մեր մեջ ու երկնքում, որոնք մեզ նույնպես ստիպում են ապրել ու արարել, որոնց մենք կյանք ենք պարտք։

– Ինքնաքննադատությամբ զբաղվո՞ւմ եք։

– Իհարկե՝ ոչ. ես գիտեմ իմ թույլ եւ ուժեղ կողմերը, կարեւորը կենտրոնանալ ուժեղ կողմերի կատարելագործման, քան թույլ կողմերի շտկման վրա։

Գրականության մեջ ամեն ինչ հարաբերական է, աքսիոմներ ե՛ւ կան, ե՛ւ չկան, այստեղ ըմբոստությունն ու մեծամտությունն ավելի մեծ արդյունքներ են գրանցում, քան ինքնաքննադատությունը։

– Իսկ վերջում… Ի՞նչ եք որոշել, էլի՞ կծնվեն գունավոր կազմով գրքեր:

– Այս տարի ես որոշել էի դուրս գալ գույների աշխարհից եւ ստեղծագործել դրանցից անդին, սակայն 44-օրյա պատերազմն ինձ եւս մեկ անգամ վերադարձրեց գույներին, եւ ես հասկացա, որ գուցե իմ բոլոր գրքերը գույների աշխարհի անծիր սահմաններում էլ ծնվեն…

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031