Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն էլ է ճնշում ՀՀ-ին իրականացնել սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց, որից հետո, ամենայն հավանականությամբ, կդրվի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցը»

Հուլիս 03,2021 14:30

Ըստ Արմեն Վարդանյանի՝ այդ առումով կարծես թե ադրբեջանական կողմը ցանկանում է արհեստականորեն, արագ կերպով հասնել այդ գործընթացին, հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ այս հարցում կարծես թե Հայաստանի վրա ճնշումներ կան նաեւ ռուսական կողմից:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է այս պահին խուսափի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներից: «Առավոտի» հետ զրույցում Արմեն Վարդանյանին հիշեցրինք՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին առաջարկել է երկկողմ քննարկումներ սկսել սահմանագծման եւ սահմանազատման հարցով, ԵԱՀԿ-ում թուրք եւ ադրբեջանցի պատվիրակները խոսում էին այս գործընթացների անհրաժեշտության մասին: Քաղաքագետն ասաց. «Իրականում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքը բավականին բարդ եւ ժամանակատար գործընթաց է, տարիներ տեւող աշխատանք է պահանջում: Օրինակ՝ Հայաստան- Վրաստան սահմանին դեռ լիարժեք չի իրականացվել այս գործընթացը: Այդ առումով կարծես թե ադրբեջանական կողմը ցանկանում է արհեստականորեն, արագ կերպով հասնել այդ գործընթացին, հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ այս հարցում կարծես թե Հայաստանի վրա ճնշումներ կան նաեւ ռուսական կողմից: Ռուսաստանն էլ է ձգտում արագ այդ գործընթացն ավարտին հարցնել, եւ ՀՀ-ն ճանաչի Արդբեջանի տարածքային ամբողջականությունը: Ամենայն հավանականությամբ դրանից հետո արդեն կդրվի Արդբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցը»:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ եթե խոսքը տնտեսական միության մասին է, դրա մեջ մտնող երկրները պետք է միմյանց հետո ունենան դիվանագիտական հարաբերություններ: Անհնար է, որ միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրները լինեն տնտեսական միության անդամ: Այս առիթով Արմեն Վարդանյանը նշեց. «Այս տեսանկյունից Ադրբեջանը կարծես թե որոշակի պարտավորություններ ունի ՌԴ առաջ. համաձայնություն է տվել այդ գործընթացին, բայց նաեւ դրանից հետո հավելյալ պայման է դրել: Նա կարծես համաձայնություն է ԵԱՏՄ մտնելուն, բայց ուզում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եւ որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անի հայկական կողմը՝ հաշվի առնելով հայկական շահերը, Արմեն վարդանյանը պատասխանեց. «Այս պահին պիտի խուսափենք այդ գործընթացից՝ չնայած ակնհայտ է, որ մեզ վրա շատ լուրջ ճնշումներ կան նաեւ ռուսական կողմից: Պետք է փորձենք ձգձգել եւ չգնալ սահմանազատման եւ սահմանագծման քայլին: Պաշտոնական գործընթաց է նաեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը: Բայց ակնհայտ է, որ շատ լուրջ ճնշումներ կան Հայաստանի վրա, եւ ես չգիտեմ՝ մեր իշխանությունն ունա՞կ է դիմակայելու այդ ճնշումներին, թե՝ ոչ: Հուսանք կդիմակայի»:

Ռազմագերիների վերադարձի հարցի առիթով Արմեն վարդանանը հղում կատարեց նոյեմբերի 9-ի համաձայնագրին ու ասաց. «Ադրբեջանը պարտավորվել է բոլոր պահվող անձանց բաց թողնել՝ կլինի գերի, թե պատանդ. դա կապ չունի: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր պահվող անձանց պետք է բաց թողնի: Այստեղ նաեւ խնդիր կա, որ որոշ մարդկանց նոյեմբերի 9-ից հետո ձերբակալեցին Հադրութում, Հին թաղերում եւ Խծաբերդում: Բայց անկախ ամեն ինչից նրանց էլ պետք է բաց թողնեն: Իսկ հայկական կողմում հենց երկրի ներսում ճնշում կա, որպեսզի իշխանությունն արագ կերպով ինչքան հնարավոր է շուտ վերադարձնի գերիներին, իշխանությունն առավելագույն ջանքեր գործադրի, որ մեր ռազմագերիներին բերի տուն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031