Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանին սատարող որոշ ուժեր ժողովրդի անունից հրաժարական էին պահանջում Շիրակի մարզի մի քանի համայնքապետերից, այդ թվում Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանից։ Նրանց 72 ժամ ժամանակ էին տվել։
Նշենք, որ Վարդան Իկիլիկյանն Ազգային ժողովի ընտրություններում սատարել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։
Մի քանի օր առաջ էլ մի խումբ մարդիկ, գնալով Ազատան, հենց տեղում էին պահանջում նրա հրաժարականը։ Նրանք նաև ուղիղ եթեր էին մտել։ Համացանցում հայտնված տեսանյութից ակնհայտ էր, որ հրաժարական պահանջողների մեջ կային նաև բնակիչներ Հայաստանի այլ տեղանքներից, այսինքն՝ մարդիկ, որոնք Վարդան Իկիլիկյանին համայնքապետ ընտրելու հետ ընդհանրապես առնչություն չունեն, անգամ նրան ծանոթ չեն։ Ըստ տեսանյութի, Ազատանի համայնքապետը իջել էր աշխատավայրի բակ ու զրուցում էր նրանց հետ։
Aravot.am-ը Վարդան Իկիլիկյանից հետաքրքրվեց՝ ովքե՞ր են այդ մարդիկ, ո՞վ է նրանց ուղղորդում, ի՞նչ էին ուզում և ո՞րն է պատճառը հրաժարական պահանջելու։
Կարդացեք նաև
«Այդ պահին մոտ 25-30 մարդ մասնակցում էին իրենց կազմակերպած ակցիային, համայնքի անչափահասներին չհաշված՝ մոտ 6-7 մարդ տեսա մեր համայնքից։ Նրանք այդ խմբի հետ եկել էին, և ասում էին, որ վարչապետի հետ հանդիպմանը ես չեմ իջել, ուրեմն նշանակում է՝ ես վարչապետին չեմ հարգել, և եթե կարող էի վարչապետին չհարգել, ապա պիտի հարգեի ժողովրդին։ Ըստ նրանց, ես ժողովրդին էլ չեմ հարգել։ Նորմալ ընդունեցի այդ ամենը, քաղաքակիրթ ձևով բացատրեցի, որ վարչապետի այցը քաղաքական էր, նախընտրական էր, իսկ մենք տարբեր բևեռներում ենք։
Եթե աշխատանքային այց լիներ, բնականաբար, կիջնեի, կդիմավորեի, դա էթիկայի հարց է, բայց եթե նախընտրական այց է, մենք էլ տարբեր բևեռներում, վարչապետը, իմ կարծիքով, իմ կարիքն էլ չուներ, որ ես իջնեի, քննարկում ունենայինք։ Չեմ մասնակցել, երբ հնչեցրեցին հրաժարականի պահանջի բովանդակությունը, ես պատասխանը տվեցի, բայց և այնպես, հասկացանք, որ սա սադրանքի նման ինչ-որ մի բան էր, քան լուրջ քաղաքական հարց, ու արդյունքում դրված էր, որ պարտավորեցնեին ինձ՝ որպես համայնքի ղեկավարի, հրաժարական տալ։
Այսինքն՝ ես մերժված եմ և այլն, բայց ես ներկայացրեցի, որ 1830 ձայնով ընտրված համայնքապետ եմ, վեց հոգով եկել, հրաժարական են պահանջում, շատ զարմանալի էր։
Ճիշտն ասած, նախապես իմանալով հանդերձ, որ նման ակցիա են անելու, փորձել էի համայնքից մարդկանց չներգրավել, որպեսզի ավելորդ լարվածություն չլիներ, բայց ինչքան էլ չուզեցի, մի քանիսը լսել, եկել էին։
Հիմնական դերակատարը դրսից մի կին էր՝ Ալինա Սերգեևնան, հասկացանք, որ ամբողջ նպատակը իմ պաշտոնանկությունը պահանջելն էր, բայց իմ հարցին էդպես էլ չպատասխանեցին՝ իրենք ո՞վ են ընդհանրապես։ Մի մասը Արարատից էր, մի մասը Արտաշատից, Արագածոտնից կար, Գյումրիից կար ու հետաքրքիր էր՝ անտարբեր հայացքներով կանայք, որոնք վերջում իրենք էլ չհասկացան՝ ինչի էին եկել, չգիտեմ ինչ էին ներկայացրել, ինչի համար էին եկել։ Գյումրեցին, թալինցին կամ արտաշատցին եկել էր Ազատանի համայնքի ղեկավարի պաշտոնանկությունն էր պահանջում, շատ անհասկանալի է, թե կոնկրետ սրա հեղինակը ով է, ով է սրա թիկունքում կանգնած, ես չգիտեմ»։
Ազատանի համայնքապետը նշում է, որ մարզային իշխանություններից որևէ մեկը իրեն թույլ չի տվել իրենից հրաժարական պահանջել, եթե անգամ պահանջեն, ինքը չի հրաժարվելու․ Ազատանի ժողովուրդը իրեն հինգ տարվա մանդատ է տվել։
«Ժողովուրդն այդ մանդատը ընտրությունների միջոցով կարող է հետ վերցնի, ի սեր Աստծո, իշխանությունը ժողովրդինն է, եթ ե կուզեն, ես կմնամ, կաշխատեմ, չեն ուզի, չեն ընտրի, ես էլ անցած տարիների համար շնորհակալություն կհայտնեմ, կհեռանամ»,- ասում է Վարդան Իկիլիկյանը։
Ըստ մեր զրուցակցի, այդ թիմի համար կարևորը սադրանքներ հրահրելն էր։
Ազատանի համայնքապետի թիմից եղել են մարդիկ, որոնք լարվել են, վիրավորվել, սակայն նա չի թույլատրել որևէ միջադեպ լինի։ Սակայն, ըստ Ազատանի համայնքապետի, եթե փորձեն հաջորդ անգամ որևէ բան անել, կամ կոշտ պատասխան կտա, կամ էլ հարկ չի համարի բառ փոխանակել նրանց հետ, կարհամարհի։
Նրա ասելով, այդ ակցիային մասնակցել է նաև Ազատան համայնքի նախկին ղեկավարը։
«Իմ աշխատանքը, բնականաբար, չպիտի գոհացներ իրեն, ինքը ոչ մի անգամ էլ նույն ֆրոնտում չի եղել իմ հետ՝ մոռացության տալով իր ժամանակաշրջանը, երբ կարելի է ասել՝ ոչինչ չի արվել։ Իհարկե, պաշտոնի հավակնողներ կան, թե՛ նախկինը, թե՛ տեսանյութում իմ կողքին կանգնած անգրագետ տղան։ Թող մի հատ փորձեն ինքնակենսագրություն բերեն, հասկանանք՝ ով են իրենք, ժողովրդի մեջ արտահայտվում են, թե համայնքի ղեկավար պիտի դառնանք։ Ես երեք անգամ առաջադրվել եմ, ոչ մի անգամ ինձ թույլ չեմ տվել ասելու՝ պիտի դառնամ համայնքի ղեկավար, եթե կընտրեն, կդառնամ, եթե չեն ընտրի, չեմ դառնա։
Ես հասկացա, որ շինծու մարդկանցով, զանգերով, հրավիրվածներով եկել էին, շատ մարդկանց էին զանգել համայնքից, հրավիրել, բայց ժողովուրդը չէր եկել։ Նրանք առանձին հանդիպումների և հեռախոսազանգով ասում են՝ պարոն գյուղապետ, ամուր մնա, մենք ձեր կողքին ենք, այդպես էլ ասում են՝ պետք չէ այդ թափթուկներին ընդառաջ գնալ։
ՏԻՄ ընտրությունները տարբեր են խորհրդարանական ընտրություններից․ խորհրդարանական ընտրությունները էական ազդեցություն չեն ունենալու համայնքի ղեկավարի ընտրության վրա, դրանք տարբեր ինստիտուտներ են, տարբեր մարմիններ են»։
Մեր հարցին՝ եթե եկել են սադրանքներ հրահրելու, ինչո՞ւ չեք դիմում իրավապահ համակարգին, Վարդան Իկիլիկյանն ասաց, որ իրավապահները զարմանալիորեն եկել էին։ Ինքը տեղյակ չէր պահել նրանց, բայց նրանք, հեռուստատեսության վազով տողերով կարդացել են, որ Ազատանում ակցիա է, եկել են։
«Հասարակական կարգը պահպանելու ժամանակ փորձեցին ցեխ շպրտել նաև իրավապահների վրա՝ ասելով, թե նրանք չեն եկել հասարակական կարգը պահպանելու, այլ եկել են համայնքի ղեկավարին պաշտպանեն՝ առանց հասկանալու, որ իրավապահները պետական մարմին են, և համայնքի ղեկավարը պաշտպանվելու կարիք չուներ։
Շատ անքաղաքակիրթ ձևով, ազատանցիների համար վիրավորական ձևով, որ իրենց փոխարեն ինչ-որ մարդիկ եկել, իրենց համայնքի բախտն են որոշում։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հաջորդ անգամ եթե նորից փորձեն մտնել Ազատան, միգուցե չկարողանամ տիրապետել իրավիճակին, անցանկալի երևույթների հանգեցնի։
Ես կոչ եմ անում իրենց, իրենց կազմակերպիչներին, նաև մարզային իշխանություններին ենք տեղյակ պահել, իհարկե, մարզպետը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներին՝ ասելով, որ մենք չենք հեղինակը։
Ես փորձում եմ հավատալ, որովհետև ինքս հավատով մարդ եմ, եթե ինչ-որ բան կազմակերպում են, թող տեր կանգնեն, եթե չեն կազմակերպում, թող դեմն առնեն, որովհետև սա մեր մարզի մեծ համայնքներից մեկն է, և եթե որևէ բացասական դեպք տեղի ունենա, նաև մեր մարզային իշխանություններին հեղինակություն չի բերի»,- ասում է Վարդան Իկիլիկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ