Տեղի ունեցավ Արմավիրի երիտասարդ դեսպանների առաջին աշխատաժողովը
Արմավիրի մարզի տարբեր տարածաշրջաններից հավաքագրված երիտասարդ դեսպանների առաքելությունն է մարզում զբաղվել երիտասարդական շահերի ներկայացմամբ և պաշտպանությամբ, երիտասարդական խնդիրների բարձրաձայնմամբ, որի հիմնված կլինի երիտասարդական հիմնախնդիրները վերհանող հետազոտության վրա։
Օրեր առաջ տեղի ունեցավ Արմավիրի երիտասարդ դեսպանների առաջին աշխատաժողովը, որը իրականացվում է «Արմավիրի երիտասարդ դեսպաններ․ խթանելով մասնակցային մշակույթը հանուն բարեփոխումների» հանրային արշավի շրջանակներում։
Կարդացեք նաև
Աշխատաժողովի ընթացքում ՄԻՏՔ Կրթական֊Երիտասարդական նախաձեռնություն կազմակերպության նախագահ Լևոն Չուկակլյանն ամփոփեց հանրային արշավի ընթացքը, երիտասարդ դեսպաններին ծանոթացրեց հետագա անելիքներին, իսկ փոխնախագահ Ելենա Հարությունյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները:
Հետազոտության արդյունքում վերհանված առաջնահերթ լուծում պահանջող 5 հիմնախնդիրներն էին՝ երիտասարդների շրջանում զբաղվածության ցածր մակարդակը, երիտասարդների ժամանցի կազմակերպման դժվարությունները, երիտասարդների շարժունության ոչ բավարար մակարդակ, ոչ ֆորմալ կրթական և կամավորական ծրագրերի պակասը, քաղաքացիական մասնակցության մեխանիզմների և սեփական, իրավունքների մասին իրազեկվածության ցածր մակարդակը։
Աշխատաժողովի երկրորդ հատվածում դեսպանները մշակեցին հիմնախնդիրների բարձրաձայնման հանրային արշավներ, որոնք իրականցվելու են Արմավիրի մարզի տարբեր համայնքներում, քաղաքներում, սկսելու են երկխոսություն առկա հիմնախնդիրների կրողների և պատասխանատու կողմերի հետ՝ նպաստելով մարզում երիտասարդական կյանքի բարելավմանը, մարզային երիտասարդական քաղաքականության բարեփոխմանը։
Հանրային արշավը իրականացնում է ՄԻՏՔ Կրթական֊Երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ-ի «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ