Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Գրիգորյան. «Հակամարտությունը պետք է ավարտվի միայն խաղաղ բանակցությունների եւ քաղաքական լուծման միջոցով»

Հուլիս 02,2021 22:02

Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ անվտանգության հանձնաժողովի նիստում

«Հարգելի՛գործընկերներ,

շնորհակալություն պարոն Կասչիունասին՝ իր խորաթափանց զեկույցի համար:

Նաեւ շնորհակալ եմ Կանադայի պատվիրակին` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված ագրեսիան նշելու, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության նկատմամբ Կանադայի վճռական նվիրվածության համար:

Զեկույցում արծարծված կարեւոր ուղղություններից ուզում եմ ընդգծել ժողովրդավարության կարեւորությունը: Վերջերս Հայաստանում անցկացվեցին ազատ, արդար եւ թափանցիկ արտահերթ ընտրություններ, եւ ես հպարտ եմ, որ մենք կարողացանք պաշտպանել մեր ժողովրդավարությունը այսպիսի դժվար ժամանակներում՝ հաշվի առնելով 44-օրյա սարսափելի պատերազմի հետեւանքները:

Անվտանգության, կայունության եւ խաղաղության մասին խոսելիս չի կարելի գերագնահատել ժողովրդավարության դերը: Մեզանից շատերը ստիպված են տառապել՝ ունենալով շրջապատող ավտորիտար երկրներ, իսկ որոշներս՝ հենց հարեւաններ:

Այսօր Ազայ Գուլիեւը խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ ասելով, որ ինքը դժգոհ է խմբի աշխատանքից: Միգուցե նաեւ ժամանակն է, որ Ադրբեջանը ընդունի, որ դժգոհ լինելով բանակցություններից` որպես հակամարտությունների լուծման գործիք, որից սովորաբար օգտվում են ժողովրդավարական երկրները, Ադրբեջանը որոշեց խախտել միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր հնարավոր սկզբունքները, ոտնահարել Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ պարզապես հարձակվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա՝ կիրառելով երկար պլանավորված ռազմական ագրեսիա:

Այժմ Ազայ Գուլիեւը հայտարարություն է անում՝ խնդրելով զեկույցում Լեռնային Ղարաբաղը փոխարինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությամբ: Սա, ըստ էության, Ադրբեջանի ամենամեծ սխալն է. համարել, որ երբեւէ հնարավոր է աշխարհին համոզել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է տարածքներին եւ ոչ թե մարդկանց, որ այն տարածքային խնդիր է, մինչդեռ այս հակամարտությունը հստակ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարց է:

Եվ ահա այստեղ է, հարգելի՛ գործընկերներ, մենք բոլորս պետք է ջանք թափենք՝ «օգնելու» Ադրբեջանին վերջապես հասկանալ, որ հակամարտությունը ավարտված չէ հենց ա՛յն պատճառով, որ խոսքը ոչ թե անօդաչու թռչող սարքերով անմարդկային պատերազմ սանձազերծելու մասին է եւ հետո ասելու՝ եկեք խաղաղություն ունենանք, այլ քաղաքական գործընթացի մասին՝ հարգելով Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ինքնորոշման իրավունքը:

Ես ստիպված եմ հիասթափեցնել Ազայ Գուլիեւին եւ տիկին Այգուլ Կուսպանին Ղազախստանից: ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է, որը բազմիցս հավաստել է, որ հակամարտությունը պետք է ավարտվի միայն խաղաղ բանակցությունների եւ քաղաքական լուծման միջոցով, ինչն էլ արտացոլված է ընթացիկ զեկույցում: Եվս մեկ անգամ շնորհակալություն զեկույցի համար, պարո՛ն Կասչիունաս: Եվ շնորհակալություն, հարգելի՛ գործընկերներ, ձեր ուշադրության եւ համագործակցության համար»,-ասել է Հռիփսիմե Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031