Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների հերթական սադրանքը ԵԱՀԿ-ում. առաջարկում են զեկույցից հանել Լեռնային Ղարաբաղին վերաբերող ենթագլուխը. հայ պատվիրակներն ընդդիմացան

Հուլիս 02,2021 21:40

ԵԱՀԿ Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի նիստի ընթացքում, ինչպես ԵԱՀԿ մյուս հանձնաժողովների նիստերին  բարձրացվեց հայ ռազմագերիների հարցը: Թեև ադրբեջանցի պատվիրակները փորձում էին ներկայացնել, որ իրենք վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, ղարաբաղյան հակամարտությունն էլ լուծված է, սակայն, օրինակ՝ Կանադայի, Ֆրանսիայի ներկայացուցիչները պաշտպանում էին Հայաստանի շահերը: Բայց նրանք ևս արժանանում էին թուրքերի և ադրբեջանցիների մեղադրանքներին:

ԵԱՀԿ զեկուցող Լաուրինաս Կաշիունասը ներկայացրեց «Համաշխարհային ճգնաժամի պայմաններում բազմակողմանիության ամրապնդում» թեմայով զեկույց, որտեղ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը (3,2 ենթագլուխ): Այստեղ Ադրբեջանին կոչ է արվում հավատարիմ մնալ «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքին և վերադարձնել բոլոր ռազմագերիներին: Զեկույցում կա նաև ամրագրում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Ադրբեջանցի պատվիրակ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Ազայ Գուլիևն իր ելույթում առաջարկեց զեկույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ենթագլուխը փոխարինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետհակամարտության փուլում իրավիճակով ու նշեց. «Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից  հետո այսպես կոչված ղարաբաղյան հակամարտություն այլևս չկա»: Նա հայտարարեց, թե Հայաստանը չի տրամադրում ականապատ դաշտերի քարտեզները, որի պատճառով ադրբեջանցիներ են տուժում, ինչպես նաև խոսեց սահմանագծման ու սահմանազատման կարևորության մասին՝ նշելով, որ դա պետք է իրականացնեն ՀՀ-ն ու Ադրբեջանը՝ առանց երրորդ կողմի ներգրավման:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հայկ Կոնջորյանը փաստեց՝ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների հետ միասին ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի նկատմամբ: Հղում կատարելով նոյեմբերի 10-ի համաձայնագրին՝ նա ասաց. «Ադրբեջանը պարտավորվել է անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնել հայ ռազմագերիներին: Ցավոք, Ադրբեջանն իր հանձնառությունները չի կատարել եռակողմ համաձայնագրով սահմանված: Ադրբեջանը շարունակում է իր անմարդկային պահվածքը հայ ռազմագերիների նկատմամբ: Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև հայ ռազմագերիների մասին, որով պահանջում է առանց նախապայմանների և միանգամից վերադարձնել նաև այն անձանց, որոնք գերեվարվել են պատերազմից հետո: Նաև պահանջ է ներկայացվել տվյալներ տրամադրել այդ անձանց առողջական վիճակի մասին, ինչպես նաև սպանված անձանց մասին: Մինչդեռ այդ պահանջը Ադրբեջանը չի կատարում: Հայ ռազմագերիները շարունակում են ենթարկվել անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանում»:

Հայկ Կոնջորյանը նաև ցավով փաստեց՝ Ադրբեջանը, խախտելով ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, մայիսի 20-ից նրանց զինված ուժերը գտնվում են  ՀՀ ինքնիշխան տարածքում:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն արձագանքեց Ազայ Գուլիևի այն հայտարարությանը, թե զեկույցում պետք է Լեռնային Ղարաբաղին նվիրված ենթավերնագիրը փոխարինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրավիճակը հակամարտությունից հետո վերնագրով: Հայ պատվիրակը հայտարարեց. «Փաստացի Ադրբեջանի մեծագույն սխալն է մտածել, որ երբևէ հնարավոր է աշխարհին համոզել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային խնդրի մասին է, այլ ոչ թե անձերի:

Մինչդեռ այն ազգերի ինքնորոշման խնդիր է: Պետք է բոլորս օգնենք Ադրբեջանին հասկանալ, որ հակամարտությունը չի ավարտվել: Ես պետք է Ազայ Գուլիևին և Ղազախստանից Այգուն Կուստանին հիասթափեցնեմ իրենց համոզմունքների հետ կապված և փաստեմ, որ ԵԱՀԿ-ն միակ՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031