Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ՝ Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում․ տնօրենը ստիպված հրաժարական է տվել

Հուլիս 02,2021 21:07

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում խառնաշփոթ վիճակ է․ աշխատանքից ազատվելու դիմում է  ներկայացրել տնօրենի ժ/պ-ն՝ Միքայել Վարդպարոնյանը։ Պատճառը եղել է  կոնֆլիկտներ հրահրելու համար  պատկերասրահի աշխատակցուհիներից մեկին աշխատանքից ազատելը, ավելի ճիշտ նրա  ինքնակամ ներկայացրած դիմումը ստորագրելը։ Ըստ կոլեկտիվի, այդ աշխատակցուհին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մանկության ընկերոջ դուստրն է։

Նրա ազատվելուց հետո քաղաքային իշխանությունները փորձել են ազատվել նաև տնօրենի ժ/պ-ից։ Նախ՝ նրանից պահանջել են վերականգնել աշխատակցուհուն, երբ տնօրենը կոլեկտիվի հետ խորհրդակցելուց հետո համաձայնել է,  նրա առջև  այլ պայմաններ են դրել, պահանջել են արտոնյալ կարգավիճակ տալ այդ աղջկան, որը, սակայն, անընդունելի է  Միքայել Վարդպարոնյանի համար։ Նա գերադասում է հեռանալ թանգարանի տնօրենի պաշտոնից։

Երեկ պատկերասրահի պաշտոնական էջում անձնակազմը բաց նամակ էր տեղադրել՝ մանրամասնելով, թե ինչ մթնոլորտ է տիրում պատկերասրահում, ինչ  պայմաններ են դրվել տնօրենի առջև, որ  նա ստիպված է եղել հրաժարականի դիմում ներկայացնել։ Այսօր էլ նրանք հանդես եկան մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով իրենց պահանջը։

Մինչ ասուլիսին անդրադառնալը, ներկայացնենք բաց նամակը, որտեղ, ի դեպ, ավելի հստակ էին շարադրել իրենց պահանջը, քանի այսօր ներկայացրեցին ասուլիսով։

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի աշխատակազմը տեղեկացնում է, որ 26.06.2021 թ. առավոտյան պատկերասրահի աշխատակիցները պատահաբար իմացել են այն փաստի մասին, որ պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը, ով 2017 թվականից աշխատել է պատկերասրահում, իսկ 2019 թվականից նշանակվել է որպես տնօրենի ժ/պ, աշխատանքից հեռացման դիմում է ներկայացրել համայնքապետարան:

Փորձելով ճշտել դեպքի դրդապատճառներն՝ աշխատակազմը իմացել է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մ.Վարդպարոնյանը դիմել է նման քայլի նույն պատկերասրահի աշխատակցուհու՝ աշխատանքից հեռանալու վերաբերյալ դիմումը ներկայացնելուց հետո:

Տվյալ աշխատակցուհին բազմիցս ունեցել է կոնֆլիկտներ վերոնշյալ պատկերասրահի գրեթե բոլոր աշխատակիցների հետ՝ աշխատանքային, քաղաքական, սոցիալական, կենցաղային և այլ տարբեր հարցերի շուրջ, որոնց ընթացքում բազմիցս օգտագործել է անձնավորված վիրավորանքներ և դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք (հեռախոսը նետել այլ աշխատակցի ուղղությամբ, հարվածներ ինքն իր գլխին, բղավոցներ և այլն, որոնք բազմիցս գրավել են հարակից շենքի բնակիչների ուշադրությունը )։

Աշխատակազմը բազմիցս փորձել է հարթել իրավիճակը և զերծ պահել պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանին վերոնշյալ կոնֆլիկտներից և չհայտնել բազմիցս պատահած նմանատիպ իրավիճակների մասին՝ մտածելով,որ խնդիրը ժամանակավոր է և կարելի է հաշտության եզրեր գտնել աշխատակցուհու հետ:

Իրավիճակը սրվեց 20.06.2021 թ. արտահերթ ընտրություններից առաջ, երբ տվյալ աշխատակիցը, ունենալով այլ քաղաքական հայացքներ (պաշտպանում է ներկայիս ընդդիմության շահերը), վեճի բռնկվեց աշխատակիցներից մեկի հետ, որից նույն անձը աշխատանքի է ներկայացել մայրիկի հետ: Աշխատակազմը աշխատակցուհու մայրիկին ներկայացրել է ստեղծված իրավիճակը և խնդրել, որ փորձի խոսել դստեր հետ և հասկանալ, թե ինչն է խնդիրը:

Վերոնշյալ դեպքից մի քանի օր անց պատկերասրահի աշխատակիցը կոնֆլիկտի է բռնկվում աշխատակցուհի Վարդիթեր Բաղդասարյանի հետ՝ չցանկանալով կատարել իրեն վստահված էքսկուրսավարի աշխատանքային պարտականությունները: Տվյալ իրավիճակից հետո ներկայացել է աշխատանքի մայրիկի ուղեկցությամբ, ով առանձնազրույց է ունեցել պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանի հետ։ Այնուհետև Մ. Վարդպարոնյանին հանդիպում է տվյալ աշխատակցուհու հայրը և թույլ է տալիս ոչ հարիր արտահայտություններ:

Մ.Վարդպարոնյանը, փորձելով հարթել աշխատակիցների միջև եղած անախորժությունները, խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ բանավոր նկատողության է արժանացրել բոլոր աշխատակիցներին և խստացրել աշխատանքային պայմանները, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատակից պետք է գտնվի իր աշխատատեղում, և արգելել է աշխատավայրում ոչ աշխատանքային թեմաների շուրջ որևէ հարցի քննարկումը:

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը ունի հուշանվերների խանութ, որտեղ վաճառվում են տարբեր անձանց կողմից վաճառքի ներկայացված իրեր, այդ թվում նաև աշխատակցուհու ներկայացրած զարդերը:

23.06.2021 թ. տվյալ անձը, մոտենալով պատկերասրահի հսկիչ Մերի Կարապետյանին, ով համակարգում է հուշանվերների խանութի աշխատանքը,հայտարարել է, որ ներկայացրած զարդերից մեկը չկա, հավաստիացնելով, որ տվյալ զարդը դրված է եղել հուշանվերների խանութում, և իր մայրիկը ևս դրանից տեղյակ է: Մերի Կարապետյանը, լինելով պատշաճ աշխատակից, իր մոտ ունի մատյաններ, որտեղ արձանագրում է, թե ով քանի իր է ներկայացրել վաճառքի և դրանց նկարագրությունը:

Իր մոտ արձանագրված տվյալները ստուգելով և աշխատակիցներից ճշտելով՝ Մերի Կարապետյանը հաստատել է, որ այն զարդը, որի մասին խոսում է աշխատակցուհին, երբևէ չի գտնվել պատկերասրահի հուշանվերների խանութում՝ վաճառքի նպատակով:

24.06.2021 թ. աշխատակիցներն աշխատանքային օրվա ավարտին ներկայացրել են առաջացած խնդիրը պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանին, ով խնդիրն իմանալուց հետո հրավիրում է խորհրդակցություն՝ կոնֆլիկտը ճշտելու և խնդիրը հարթելու կապակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում աշխատակցուհին ևս մեկ անգամ ցուցաբերում է նյարդային պահվածք, որից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին է ներկայացնում իր կամքով աշխատանքից հեռանալու վերաբերյալ դիմումը: 24.06.2021թ. աշխատակցուհին, վերոնշյալ խորհրդակցությունից հետո, ինքնակամ և առանց հուշանվերների խանութի համակարգող Մ.Կարապետյանի իմացության մտել է հուշանվերների խանութ և վերցրել է իր կողմից վաճառքի ներկայացված իրերը և դուրս եկել պատկերասրահից:

25.06.2021թ. հուշանվերների խանութի համակարգող Մ.Կարապետյանը զեկուցագիր է ներկայացրել պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանին՝ վերոնշյալ դեպքի կապակցությամբ:

Նշված դեպքից հետո, պատկերասրահի տնօրեն Մ.Վարդպարոնյանը զանգ է ստացել Գյումրու համայնքապետարանից, որից հետո՝ չճշտված հանգամանքներում գրում է իր աշխատանքից ազատման դիմումը:

Տվյալ դեպքի մասին իմանալով՝ աշխատակազմը փորձում է ճշտել դիմումի պատճառը և կատարելով որոշակի ճշտումներ՝ իմանում, որ աշխատակցուհու հայրը՝ Գ. Ա. -ն Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի մանկության ընկերն է և համայնքապետի մոտ մտնելուց հետո հնարավոր է, որ նման խնդրանքով դիմած լինի:

Համայնքապետարանից ճշտվել է, որ աշխատակցուհին իր կամքով աշխատանքից ազատման դիմումը ներկայացնելուց հետո իր հայր՝ Գ.Ա.-ի հետ եղել են համայնքապետի մոտ, որից հետո պատկերասրահի տնօրենի ժ/պ՝ Մ.Վարդպարոնյանը զանգ է ստացել, ըստ որի` չի կարող համատեղել երկու աշխատանք, մինչդեռ ժամանակավոր պաշտոնակատարը իրավունք ունի հիմնական աշխատանքից զատ զբաղվել ժամանակավոր աշխատանքով:

Պատկերասրահի աշխատակազմը եզրակացնում է, որ տնօրենի ժ/պ-ի դիմաց համայքապետարանից պայման է դրվել, որ աշխատակցուհու աշխատանքից ազատման դեպքում պատկերասրահի տնօրենի ժ/պ -ն ևս ներկայացնի աշխատանքից ազատման դիմում, հիմք ընդունելով այն փաստը, որ աշխատակցուհու հայրը հանդիսանում է Գյումրու համայնքապետ՝ Սամվել Բալասանյանի մանկության ընկերը և համայնքապետի մոտ մտնելուց հետո հնարավոր է, որ նման խնդրանքով հանդես եկած լինի:

27.06.2021 թ. աշխատակազմը որոշում է Գյումրի համայնքի մշակույթի բաժնի պետին ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Բացի այդ աշխատակազմը ցանկացել է հանդիպել Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի հետ, ով չի ընդունել պատկերասրահի աշխատակիցներին, քանի որ տվյալ պահին իր աշխատասենյակի մուտքի մոտ նստած է եղել աշխատակցուհու հայրը, ում ընդունարանում տեսել է պատկերասրահի ողջ անձնակազմը:

Պատկերասրահի աշխատակազմը, ցանկանալով տեղեկացնել վերոնշյալ դեպքերի մասին, որոշել է ներկայացնել իրողությունը, ըստ որի՝ պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանը երբևէ կոնֆլիկտ չի ունեցել անձնակազմի ոչ մի անդամի հետ: Նա միշտ փորձել է հարթել անձնակազմում եղած խնդիրները:

01.07.2021 թ. առավոտյան Միքայել Վարդպարոնյանը, ներկայանալով համայնքապետարան, փորձել է բոլոր բաժինների պատասխանատուների ինչպես նաև համայնքապետի հետ ունենալ հանդիպում,որպեսզի վերջնական հարթի լարված իրավիճակը: Երկար տևած քննարկումներից հետո (3-4 ժամ), Մ.Վարդպարոնյանը, չունենալով իր մեղքի բաժինը կատարվածի հետ, ամեն դեպքում խոստացել է նույնիսկ ուղղել այն սխալները, որոնք ինքը չի իրականացրել:

Ներողություն խնդրելով բոլորից ՝առաջարկել է աշխատակցուհուն վերադառնալ աշխատանքի, որից հետո համայնքապետարանի կողմից Մ.Վարդպարոնյանի դիմաց դրվել են մի շարք պայմաններ՝գրել ինքնակամ ազատման դիմում անժամկետ, ներողություն խնդրել աշխատակցուհուց,նրա հորից, մորից , համայնքապետից, վերականգնել տվյալ աշխատակցուհու ազատ գրաֆիկով աշխատանքն՝ ապահովելով ուրախ,անհոգ, չծանրաբեռնված աշխատանքային ընթացք:

Ի վերջո, Մ.Վարդպարոնյանի կողմից իրականացվել են նրա դիմաց դրված բոլոր պայմանները, որից հետո Մ.Վարդպարոնյանը մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Թովմասյանի հետ վերադառնալով Ասլամազյան պատկերասրահ՝ պատկերասրահի անձնակազմին ներկայացրել է, որ իրավիճակը հարթվել է՝ աշխատակցուհին վերադառնալու է աշխատանքի, և բոլոր աշխատակիցները պետք է ապահովեն նրա բարձր տրամադրությունը:

Աշխատակազմը, հարգելով տնօրենին, գնահատելով նրա ազնիվ և անաչառ պահվածքը, համաձայնում է յուրաքանչյուր պայմանի հետ:

Հինգ րոպե անց համայնքապետարանից ստացվել է զանգ նոր պայմանի վերաբերյալ,

որ նրանց անձնական ամբիցիաների շահերից բխում է ևս մի քմահաճույքի իրականացում ՝ անհիմն կերպով հեռացնել աշխատանքից պատկերասրահի աշխատակցուհի Վարդիթեր Բաղդասարյանին, ով տվյալ պատկերասրահի պարկեշտ և նվիրված աշխատակիցներից մեկն է։

Խնդրում ենք վերանայել Վարդիթեր Բաղդասարյանին աշխատանքից ազատման հարցը։

Տվյալ պարագայում, չտեսնելով այլ ելք և հեռանկարներ, սատարելով պատկերասրահի տնօրենի ժ/պ Միքայել Վարդպարոնյանի անաչառ և անկողմնապահ աշխատանքը, ինչի մասին կարող են փաստել Գյումրու մշակութային և արվեստի բնագավառի գործիչները, նկարիչների միության անդամները, (ովքեր ևս Մ. Վարդպարոնյանին տնօրենի ժ/պ նշանակվելու քննարկմանը մասնակից են եղել և միաձայն համաձայնություն են տվել),

Խնդրում ենք այս հարցի վերաբերյալ Ձեր ուշադրությունը, քանի որ Նոր Հայաստանում չպետք է լինի անարդարություն և կողմնապահություն որևէ բնագավառում»:

Այսօր տնօրենի ժ/պ  Վարդպարոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը փորձել է անցնցում ու հանգիստ լուծել հարցը։ Սակայն, ըստ նրա, Գյումրիում տուրիստական բումի այս ժամանակաշրջանում ունեն տգեղ իրավիճակ, երբ նույնիսկ վտանգի տակ է դրված թանգարանում իրականացվող ծրագրերը, ընթացող շինաշխատանքները։

«Խաթարվում է պատկերասրահի բնականոն աշխատանքը ոչ կառուցողական ու ոչ կոմպրոմիսային հարաբերությունների պատճառով», ասաց Միքայել Վարդպարոնյանը։ Նա ասաց, որ փորձել է կոմպրոմիսի գալ, սակայն չի ստացվել։

«Ցավում եմ, որ պատկերասրահի բարձր ռեյտինգն այսօր հարցականի տակ է»,-ասաց բանախոսը։

Պատկերասրահի աշխատակիցներն էլ փոխանցեցին, որ իրենք պահանջում են վերանայել տնօրենի հրաժարականի դիմումը, ապահովել բարձր վարկանիշ ունեցող պատկերասրահի բնականոն աշխատանքը։

Գյումրու քաղաքապետարանից խոստացան այս խնդրի շուրջ պարզաբանումներ ներկայացնել առաջիկայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031