2021թ. հուլիսի 1-ին` ժամը 09:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Պուշկինյան ոլորաններում ծառից կախված դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող Պուշկինյան լեռնանցքի հին ավտոճանապարհի 3-րդ ոլորանում հայտնաբերել «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենա` բեռնախցիկը բացված վիճակում, իսկ ավտոմեքենայից շուրջ 25 մետր հեռավորության վրա՝ անտառում՝ տղամարդու դի՝ ավտոմեքենայի ամրագոտու միջոցով ծառից կախված վիճակում:
Նյութերով նախապատրաստման ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, որը հանդիսանում է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ ծնված 1988թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարդացեք նաև
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին