Լրահոս
Օրվա լրահոսը

Youtube-ը շարունակում է հեռացնել թուրք պաշտոնյաների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութերը

Հուլիս 02,2021 18:22

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի լրատվության ու հաղորդակցությունների գրասենյակը  ի  պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցահանդես էր բացել «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետների մասին։ Այդ ցուցահանդեսին հակահայ ելույթով էր հանդես եկել Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Օրերս «YouTube» վիդեոպորտալը հեռացրել է Ալթունի ելույթի տեսանյութը, նշելով, որ այն ատելության խոսք է պարունակում:

«YouTube» վիդեոհոսթինգի վարչակազմի այս որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և խիստ վրդովվեցրել Ալթունին:

Ալթունն, անդրադառնալով միջադեպին, «Twitter»-ում բողոք է ներկայացրել «YouTube»-ի դեմ՝ շեշտելով, որ տեսանյութի հեռացման որոշումը երեսպաշտություն է և ընկերությունն առաջնորդվել է երկակի ստանդարտներով:

«YouTube-ը, որն անտեսում է իսլամի և մուսուլմանների դեմ ուղղված ատելության խոսքերը և հեշտությամբ ճանապարհ է բացում ահաբեկչական կազմակերպությունների սև քարոզչության համար, մեր թուրք դիվանագետներին սպանած ոճրագործ ահաբեկիչների մասին մեր ասածները ատելության հիմքով հանցագործություն է համարում:

Ձեզ դուր կգա, թե ոչ, ամեն առիթով ասելու ենք, որ ահաբեկչությունը չունի կրոն, լեզու և ռասսա: Եվս մեկ անգամ նկատեցինք, որ ինչպես ամեն բնագավառում, այնպես էլ մեդիայի և հաղորդակցության ոլորտում մեզ անհրաժեշտ են տեղական և ազգային հարթակներ: Կեցցե ճշմարտությունը»,-գրել է նա: Ակնարկելով «տեղական և ազգային մեդիահարթակների» ձևավորման անհրաժեշտության մասին, Ալթունը անուղղակի կերպով բոյկոտել է «YouTube» վիդեոպորտալը:

Հատկանշական է, որ սա «YouTube»-ից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ստահոդ տեսանյութերի հեռացման առաջին դեպքը չէ: YouTube-ը նախկինում նույնպես հեռացրել է թուրք պաշտոնյաների և քաղաքացիների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ատելության խոսք պարունակող տեսանյութերը: Դրա վերջին օրինակներն են՝ թուրք պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըի և ազգայնական  «Լավ» կուսակցության պատգամավոր Մահմութ Քոչաքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող և հակահայկական բնույթ ունեցող հայտարարությունները: Նկատենք, որ Յայջըն տեսանյութում հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը, փոխարենը պնդելով, թե «հայերն են մուսուլմաններին սպանել», իսկ պատգամավոր Քոչաքը քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031