Այսօր Վերաքննիչ դատարանում կկայանա «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորման մասին որոշման դեմ միջնորդության քննությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը։
Նա ասաց, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը, երբ բավարարեց կալանավորման միջնորդությունը մասնակի, 2 ամսվա փոխարեն մեկ ամսով, երկու հիմք էր նշել. առաջինը՝ պարոն Չարչյանը «Իզմիրլյան» ԲԿ տնօրենն է եւ կան դեռ մարդիկ, որոնց պետք է հարցաքննել եւ նրանք հանդիսանում են ԲԿ-ի աշխատակիցներ․ «Այսօրվա դրությամբ այյլեւս չկա մարդ, որին պետք է հարցաքննեն, քանի որ նախաքննության ավարտը դա է նշանակում: Նաեւ ես դատախազին, դատարանին քննիչին փոխանցել էի այն տվյալը, ռեգիստրից քաղվածքը, ըստ որի՝ ամսի 30-ին պարոն Չարչյանը չի հանդիսանում այդ ԲԿ-ի տնօրեն: Կա մեկ այլ անձ, որ նշանակվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն: Այսինքն` երկու հիմքն էլ այլեւս գոյություն չունեն: Դրա հետ հաշվի չնստել ուղղակի իրավաբանություն չի, ուրիշ բան է»:
Փաստաբանն ասաց՝ գործն արդեն դատարանում է, եւ հույս ունեն , որ կունենանք իրավունքից եւ օրենքից բխող դատական ակտ․ «Այս դեպքում կալանքից ազատելուն այլընտրանք չկա»:
Անդրադառնալով Արմեն Չարչյանի կալանքը փոխելու վերաբերյալ 7 պատգամավորների եւ 3 բժիշկների միջնորդությանը, պարոն Վարդեւանյանն ասաց՝ 2 օր առաջ այդ միջնորդությունը մերժել էին, քանի որ դեռ գործ ունեն անելու․ «Անկեղծ չէին դատախազության ներկայացուցիչները: Այդպես չի կարելի անել: Եթե այսօր նախաքննության ավարտ է հայտարարվել, վստահ եղեք, որ երկու օր առաջ նախապատրաստվել էին դրան: Պարզապես կամայական մերժել են: Այստեղ կա քաղաքական բաղադրիչ եւ դրանից ելնելով ունենք այն պատկերը, որը ունենք: Այդ 10 անձինք պատրաստակամություն ունեին յուրաքանչյուրը 500 հազար դրամ վճարել: Դա նշանակում է, որ ուղղակի պետք է, որ պարոն Չարչյանը կալանավորված լինի»։
Կարդացեք նաև
Արմեն Չարչյանը դեռ հիվանդանոցում է, եւ ինչպես ասաց փաստաբանը, եթե նույնիսկ դատարանը վերացնի կալանքը, նա չի կարող դեռ դուրս գրվել հիվանդանոցից:
Այս պահին ընթանում է դատական նիստը։
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ