Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի ԽՎ հանձնաժողովի նիստում Սոնա Ղազարյանը նշեց՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի կրոնական եւ մշակութային կոթողների ոչնչացումը

Հուլիս 02,2021 17:34

Հունիսի 28-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Կրթության, հաղորդակցության եւ մշակութային հարցերի հանձնաժողովի հեռավար նիստը, որին մասնակցեց ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Նիստի օրակարգի 12-րդ կետը վերաբերում էր Արցախի մշակութային ժառանգության վերացմանը: Թեմայի վերաբերյալ նախ ելույթ ունեցավ մշակութային ժառանգության պահպանման հարցերով փորձագետ, Բրյուսելի Սեն-Լուի համալսարանի հետազոտող Մարի-Սոֆի Կլիպելը, որը ներկայացրեց մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող ողջ կոնվենցիոնալ շրջանակը:

Ապա, համաձայն նախնական պայմանավորվածության, ելույթ ունեցավ կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Նա անդրադարձավ 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետեւանքով Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգությանը:

Հայ խորհրդարանականը հատկապես ընդգծեց պատերազմի ժամանակ մշակութային արժեքների դիտավորյալ թիրախավորված լինելու հանգամանքը` օրինակ բերելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու` մեկ օրվա ընթացքում երկու անգամ հրթիռակոծվելը: Նա նշեց, որ հետպատերազմյան ընթացքում եւս շարունակվում է Արցախի կրոնական եւ մշակութային կոթողների ոչնչացումը, որի դրսեւորումներից մեկն էլ Ադրբեջանի կողմից դրանց արտաքին տեսքի ձեւախեղումն ու հայկականության հետքի վերացումն է, ինչի նպատակը Արցախի հայկական պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգության յուրացումն է: Սոնա Ղազարյանը հանձնաժողովականներին տեղեկացրեց, որ հենց այս նպատակով է, որ Ադրբեջանը միտումնավոր արգելափակում է UNESCO-ի փորձագետների եւ այլ մասնագետների մուտքը Արցախի հայկական մշակութային վտանգված կոթողներ:

ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը կոչ արեց միջազգային իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Արցախի հայկական մշակութային ժառանգության վերջնական ոչնչացումը կանխելու համար:

Ելույթի ավարտին ՖԽՎ Կրթության, հաղորդակցության եւ մշակութային հարցերի հանձնաժողովի նախագահ, Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Քրիստիան Լըվրան տեղեկացրեց, որ գալիք տարի կայանալիք ՖԽՎ լիագումար նիստին կներկայացվի Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ բանաձեւի նախագիծ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031