Արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում երկրորդ ուժ դարձած «Հայաստան» դաշինքն այսօր ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան։
«Դիմում ենք ներկայացրել 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով եւ հիմնավորումներով։ Այս ընտրությունների վերաբերյալ սահմանադրական արդարադատության մոդելը, կարծում եմ, լինելու է աննախադեպ, քանի որ ՍԴ-ում արդյունքները վիճարկում են մի քանի ուժեր։ Նման ծավալի վիճարկում չեմ հիշում»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը։
Նրա փոխանցմամբ՝ 109 ընտրատեղամասերի արդյունքների վերաբերյալ իրենց վերլուծությունն են ներկայացրել, որը վերաբերում է մոտ 88 000 ձայնի․ դիմումը բավականին ծավալուն է, որոշ ապացույցներ կրիչներով են ներկայացված․ «Դրանից մոտ չորս հազար ձայների վերաբերյալ մենք տեսել ենք ընտրատեղամասերում հրապարակված ցուցակներում ստորագրությունների բացակայությունները։ Այսինքն, կա 88 000 քվե, բայց դրանից իրականում 4 000-ը բացակայում է․ 4000 քվե առկա չէ, բայց արձանագրված է։ Արտառոց է, որ մոտ քառասուն ընտրատեղամասերում եղել է իրավիճակ, երբ մատյանը, որում քաղաքացին ստորագրում է, մի քանի անգամ տպված միեւնույնն էջն է ունեցել։ Պատկերացրեք, որ, օրինակ, ցուցակում կա իմ անունն ու իմ ստորագրությունը, իսկ մեկ այլ տեղ կա իմ ստորագրությունը, լրացված են իմ տվյալները եւ եւս մի քանի հոգու։ Այսինքն, հերիք չի՝ նույն թղթից երկու հատ կա, մի բան էլ՝ այդ թղթերի տվյալներն են տարբեր»։
Արամ Վարդեւանյանը նաեւ նշեց՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում է եղել եւ ատելության խոսքի աննախադեպ ծավալ, եւ նրա հնչեցրած բոլոր արտահայտությունները ՍԴ-ում քննության առարկա են դառնալու։
Կարդացեք նաև
Արամ Վարդեւանյանը հայտնեց՝ ՍԴ-ին գրություն-միջնորդություն են հղել՝ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ․ «Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ, կարելի է ասել, ընդդեմ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին․․․Համոզված եմ՝ որպես մասնագետ ինքն էլ էր ընդունում, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է, բայց շարունակում էր պաշտպանել այն։ Գտնում ենք, որ նա կանխակալ կլինի»։
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու վերջնաժամկետն այսօր է։ Դիմումներ են ներկայացրել նաեւ նաեւ ընտրական շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» եւ «Զարթոնք» կուսակցությունները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ