Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանը հուլիսի 7-ին կդառնար 30 տարեկան: Հերոսի հայրը` բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, «Հայելի» ակումբում ասում է, որ իր կյանքը բաժանվում է 2 մասի` մինչեւ Վաչագանի պատերազմ մեկնելը եւ դրանից հետո, երբ ինքը չվերադարձավ:
«Ես մի առիթով ասել եմ, որ ես իրեն կորցրի, բայց բոլորն իրեն գտան: Նա այդ օրերին չէ, որ որոշում կայացրեց ու գնաց պատերազմ: Վաչագանն ամբողջ կյանքում էր իրեն զինվոր պատրաստում: Նա իրեն համարում էր ազգի նվիրյալ զինվոր, պատրաստ էր զոհողությունների գնալ, ամեն գնով հայրենիքին ծառայել:
Իր մարտական ընկերների վկայությունները կան: Միշտ զարմացած են ներկայացնում ամենաթեժ տեղերն իր մխրճվելը, մարտ վարելը եւ այն, թե խաղաղ պահերին ինչպես է կարողացել ինժեներական մասով պիտանի լինել, տվյալ դիրքին համապատասխան նոր խրամատներ ստեղծել…Ինչպես է կարողացել նրանց, ովքեր հիասթափություն են ունեցել, դիրքերը թողել, 10-15 րոպե զրույցից հետո վերադարձել…Ես Վաչագանին շատ լավ գիտեմ, ինքն ասում էր` մենք մեր պատմության շատ կարեւորր հատվածում ենք, եւ մեզանից է կախված մեր հայրենիքի լինել- չլինելը, եթե մենք չենք ծառայում լինելիության համար, ինչպե՞ս ենք գնալու այդ հայրենիքում ապրենք, ինչպես ենք նայելու մեր հայրենակիցների աչքերին»,-ասում է Խաչիկ Մանուկյանը:
Հերոսի հոր խոսքով, Վաչագանը համարում էր, որ իր ներուժը, գիտելիքները, իմացությունները պետք է ամբողջությամբ ծառայեցնի ի շահ հայրենիքի. «Ինքը միայն մի բան չէր կարող պատկերացնել, որ իրեն հենց իր հայրենակիցները կդավաճանեն: Դա հենց գալիս է Գերագույն գլխավոր հրամանատարից, ով ասում էր` կասկածո՞ւմ եք իմ հրամանատարական հատկություններին…
Կարդացեք նաև
Մենք փորձեցինք չկասկածել, մտածեցինք` երեւի մարդը տիրապետում է իրավիճակին: Դժվար էր պատկերացնել, որ չծառայած մարդը, ռազմական գործողություններից ոչինչ չիմացողը կարող է կազմակերպել մարտական գործողությունները … Կյանքը ցույց տվեց, որ անգամ ինքնաձիգներով տղերքը կարողացան լուրջ մարտեր վարել, բայց եղավ դավաճանություն, որովհետեւ գոնե Վաչագանի ղեկավարած գումարտակը լքված մնաց Շուշիի մոտակայքում, զինամթերքի հավելում չունեցան, դեռ սննդամթերքը մի կողմ, տղամարդ էին, կարող էին մի քանի օր էլ սոված մնալ:
Նախատեսվում էր զորքերի համալրում, բայց նրանք չեկան…Եվ այն 18-19 տարեկան զինվորները, որոնց Վաչագանը հետ է ուղարկել, ասում եմ` իսկ ինքը ինչո՞ւ մնաց…Փաստորեն, ինքը միացավ այլ գումարտակի, իրենց գումարտակն ամբողջությամբ նահանջում էր, գուցե ռազմական, զինվորական հրաման էր եղել «վերեւից», ես չգիտեմ, բայց եթե նահանջել են, ինքը եւ երկու հոգի մնացել են` մեկը Արմավիրից, մյուսն Էջմիածնից, ուրեմն համալրում չի եղել…Սամվել Բաբայանն ասում է` մենք այդ զինատեսակները չունեինք, որոնցով կարողանայինք համալրել մեր կռվող տղաների շարքերը, որպեսզի կարողանայինք պահել մեր դիրքերը… Էհ, չունեիք, հետ կանչեիք…Այսինքն` ինչքան անկառավարելի վիճակ է եղել, անհասկանալի գործողություններ, որ մարդկանց թողել են կրակի տակ, եւ որեւէ բան չեն ձեռնարկել»:
Հերոսի հայրն ասում է, որ ամեն ինչ անելու է դավաճաններին գտնելու համար: Հավելում է, որ չի ցանկանում պարտության սիմվոլների անուններ տալ, բայց վստահ է, որ զարթոնքը լինելու է Եռաբլուրով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ