Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ջրբաշյան․ «Գյուղատնտեսությունն անցնում է բուռն ներդրումային փուլ, որակական արտադրողականության տեղաշարժ է կատարվում»

Հուլիս 02,2021 16:09

«Ավելի երկարաժամկետ տնտեսական պոտենցիալը շատ կարեւոր է, քան ընթացիկ փոփոխությունները, մանավանդ հետշոկային վերականգնման փուլում։ Չպետք է համարել, որ տնտեսությունը վերականգնվել է, եթե այն չի զուգորդվել ՀՆԱ-ի պոտենցիալի ավելացմամբ»,-այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։ Նա նշեց, որ ՀՆԱ-ի սպառման կառուցվածքում բացասական միտումներ կան, պետությունն ավելի է միջամտել մեր տնտեսությանը եւ սա բնական է, քանի որ կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի հետեւանքներ կան։

«Մասնավոր սպառումն ու ներդրումները կրճատվել են, քանի որ մասնավոր ներդրումների կրճատումը ավտոմատ ՀՆԱ-ի պոտենցիալի կրճատում է ենթադրում։ Չի կարող որեւէ տնտեսություն շարունակաբար աճ ապահովել, երբ երկու տարի շարունակ ներդրումները կրճատվում են։ Այստեղ մտահոգիչ անելիքներ ունենք, որովհետեւ, եթե նույնիսկ փորձենք երկարաժամկետ շարունակել պետական ներդրումներով փոխլրացնել մասնավորը, կարող ենք ընկնել ծուղակը, ինչպես երկու հազարականներին էր»,-ասաց պարոն Խուրշուդյանը։

Նրա դիտարկմամբ՝ այսօր գնային գործոններով պայմանավորված բյուջեի եկամուտներն ավելացել են, պետական բյուջեն, ըստ նրա կանխատեսման, հավանաբար կփակենք ավելի քիչ դեֆիցիտով, քան ծրագրվել է․ «Պետությունն այսօրվանից պետք է ազդակ տա, որ գնալու է դեֆիցիտի ավելի փոքր մակարդակի, որովհետեւ դա կարեւոր է այն առումով, որ պետական արժեթղթեր են թողարկվում, պարտք են վերցնում, որպեսզի տնտեսվարողները հասկանան՝ ուր են տանելու այդ միտումները»։

Տնտեսագետի կարծիքով՝ տնտեսությունում կառուցվածքային խնդիրները մնացել են նույնը, չնչին փոփոխություններ են եղել։

«Այս տարի շոկեր չունենք, ունենք տնտեսության վերականգնում, բայց դեռեւս չունենք 2019-ի մակարդակը, եւ եթե կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը չարագացվի, ապա տարվա վերջում տնտեսական նոր ռիսկերը կավելանան»,- ասաց Աշոտ Խուրշուդյանը։

Քննարկման մյուս մասնակիցը՝ տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն էլ կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանի գյուղատնտեսությունն անցնում է բուռն ներդրումային փուլ, եւ որակական արտադրողականության տեղաշարժ է կատարվում․«Սա շատ կարեւոր ֆենոմեն է, որ պետք է հաշվի առնենք, եւ մենք հենց դրա մեջտեղում ենք, դրա հետեւանքները դեռ չենք տեսնում։ Մեր կանխատեսումները կտրուկ աճ չեն ենթադրում այս ոլորտում։ Ի հաշիվ կառավարության ընդունած որոշումների՝ քովիդի հետեւանքները չեզոզոքացնելու ծրագրերի, որոնք հիմա էլ շարունակվում են, մենք գյուղատնտեսությունում արտադրողականության թռիչք ենք ունենալու, բայց արդյունքները կտեսնենք առաջիկա տարիներին»։

Տնտեսագետը նկատեց՝ չկա վստահություն, որ այդքան ֆինանսների ուղղումը գյուղատնտեսություն, հանրային կամ այսպես ասած՝ հարկատուների միջոցների լավագույն օգտագործումն էր․ «Նկատի ունեմ, որ երբ դու որոշակի ուղղության մեջ սկսում ես դնել հանրային ռեսուրս, իսկ այս դեպքում գյուղատնտեսությունում, բավականին մեծ քանակությամբ հանրային ռեսուրս է դրվել, դա նշանակում է, որ դու ինչ-որ մի բան չես արել։ Վերլուծությունը՝ արդյոք սա ամենալավ տեղն էր ներդրում կատարելու եւ ապահովելու արտադրության աճ, այդքան էլ վստահ չեմ, չնայած կարծում եմ, որ անգամ այս փորձը ցույց է տալիս, որ հանրայինի եւ մասնավորի շահերի, հետաքրքրությունների համադրումը տալիս է արդյունք»։

Պարոն Ջրբաշյանի կարծիքով․ «Եթե մենք ուզում ենք ստեղծել ժամանակակից տնտեսություն, պետք է հասկանանք, որ ավելացված արժեքի մասը, որը ստեղծվում է մարդու կողմից տեխնոլոգիաների օգտագործմամբ, որքան ավել լինի, այնքան մեր հնարավորությունները ավելին կլինեն»։

Տնտեսագետի կանխատեսմամբ՝ ենթադրվում է, որ ցածր տոկոսադրույքների շրջանից անցում է լինելու դեպի տոկոսադրույքների բարձրացման փուլ՝ հաշվի առնելով գնաճային ճնշումն, որն ամբողջ աշխարհում կա․ «Եվ մենք ունենք որոշակի հնարավորությունների պատուհան՝ պղնձի համաշխարհային բարձր գների, տրանսֆերտների վերականգնման հետեւանքով եւ գյուղապրանքների գնաճի հետեւանքով ունենք ֆենոմեն, երբ մենք ստանում ենք բավական մեծ ծավալով արտարժույթի ներհոսք, եւ միաժամանակ այդ ներհոսքը սկսում է ճնշել մեր մրցունականությունը արտահանվող ապրանքների նկատմամբ։ Իմ համոզմունքն է, որ այդ հնարավորության պատուհանը մի տարուց ավել չի տեւի, ուստի կարող ենք այն օգտագործել այս պահին եւ իրականացնել տեխնոլոգիական մոդեռնիզացիայի ծրագիր։ Որովհետեւ այդ գումարները կարող են ոչ թե օգտագործվել ներքին շուկայում՝ գեներացնելով լրացուցիչ ճնշում, այլ կարող են փոխարինվել այլ միջոցներով՝ ներմուծելով ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այստեղ պետք է իրականացնել մի այնպիսի ծրագիր, ինչպիսին իրականացվել է գյուղատնտեսության ոլորտում, եւ որ այն միտված լինի տեխնոլոգիական վերազինմանը մեր արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031