Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի ղեկավարությանը տեսաֆիլմ էին ցուցադրում, թե՝ այ մեր տանկը տեսա՞ք քանի մետր ցատկ կատարեց, բայց իրական գաղտնիքը որտե՞ղ էր». Ալեքսան Մինասյան

Հուլիս 02,2021 15:22

«Եթե իշխանությունը տանուլ տա, տանուլ կտանք բոլորս»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Վերելք» կուսակցության նախագահ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանը:

Ըստ նրա, իշխանությունը պետք է խնդրի կարող ուժերին, որ օգնեն, կապ չունի՝ իր թիմից է այդ մարդը, թե ոչ: Հակառակ դեպքում չեն հաջողի ու նորից ընդվզում կլինի:

Հարցին՝ դուք ունե՞ք որեւէ բացատրություն, ինչո՞ւ ՔՊ-ին այսքան դժբախտություններից հետո նորից ձայն տվեցին, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այս հասարակությունը առողջ չէ՝ Ալեքսան Մինասյանը պատասխանեց. «Խնդիրը նրանում է, որ մեր ազգը չի սիրում խորանալ որեւէ խնդրի մեջ, բացարձակապես ժողովուրդը չի խորացել՝ ով ով է: Պետք է նայեր, թե ով ինչ է արել մեր պետության համար, բայց մեր ժողովուրդը չի ուզում կարդալ, խորանալ, ուսումնասիրել, ովքե՞ր էին այդ մարդիկ, որ առաջադրվեցին: Իրենք ընդամենը լսում էին, թե ով լավ խոսք ասաց, ով կարողացավ իրենց ականջը շոյել, բայց ուսերի վրա թողնելով այն փոշին, որը գալիս է արդեն տարիներ շարունակ: Եվ երկրորդը՝ ժողովուրդը վախեցավ նրանից, որ այսքան կորուստները մենք միշտ գցում ենք այսօրվա իշխանության վրա, բայց ես կարծում եմ, որ այստեղ նաեւ նախկիններն ունեն իրենց վերաբերմունքը: Խրամատները, ամրաշինությունները ինչո՞ւ չկային, հարց է ծագում: Ինչո՞ւ չկային այն հրամանատարները, որոնք պետք է մարտը վարեին այնպես, որը գրքից դուրս է, չէ՞ որ պատերազմը նաեւ ֆանտազիայի արգասիք է: Դրա համար պիտի փոխվեր բանակը: Եթե չկա նոր առաջարկ, մնում ես հնի վրա, դու առաջ չես գնում»:

Մեր դիտարկմանը՝ ասում եք՝ ո՞ւր էին հրամանատարները, նախկիններն ասում են, որ իրենց օրոք պաշտոնավարած հրամանատարներին մոտ չէին թողնում, որովհետեւ նորերը չեն վստահել նախկիններին՝ Ալեքսան Մինասյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում իմ եղբայրներին փնովել, բայց մի բան ակնհայտ է՝ պետք էր նոր շունչ տալ: Մենք բացարձակապես չուսումնասիրեցինք: Իրենք անում էին զինախաղեր, մենք փոխանակ այդ զինախաղերը տեսնեինք, ինչ են ցուցադրում, ինչ սարքեր են օգտագործում, այդ պահը մենք բաց թողեցինք: Մենք դրան նայում էինք մատների արանքով եւ անգամ երկրի ղեկավարությանը ներկայացվում էր որպես տեսաֆիլմ: Տեսաֆիլմ էին ցուցադրում, թե՝ այ մեր տանկը տեսաք քանի մետր ցատկ կատարեց, բայց իրական գաղտնիքը որտեղ էր՝ խորությամբ չուսումնասիրեցինք: Սերնդափոխություն պետք է անել շատ լուրջ: Արեք գործ անենք, աշխատենք, չարչարվենք: Ֆանտազիան պիտի աշխատի»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ ողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր իշխանության օրոք ավելի շատ զենք է ձեռք բերվել, քան նախկինների օրոք, բայց մենք տեսանք, որ «Բայրաքթարների» դեմ մենք ոչ մի բան չունեինք, նաեւ Սու-25-երի պատմությունը գիտենք՝ առանց հրթիռների, դուք, որպես զինվորական, ո՞նց եք գնահատում այս իշխանության օրոք ձեռք բերված զենքի արդյունավետությունը՝ Ալեքսան Մինասյանը պատասխանեց. «Կարեւորը զենքը չէ, այլ զենքի օգտագործողը, մարդը, որը կիրառում է: Կարելի է նետ-աղեղով տանել հաղթանակ Բայրաքթարի դեմ, պետք է ուղղակի պատերազմական ֆանտազիայով շարժվել, քողարկման խնդիրներ լուծել, բայց մենք արդեն չունեինք քողարկում: Պատերազմի առաջին օրերին մեր հակաօդային ուժերը արդեն խոցված էին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031