Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Բադալյան. Ռուսները չեն կարող ավելի շատ հայ լինել, քան հայերը

Հուլիս 02,2021 16:52

Հավանաբար, այս խոսքերը շատերին դուր չեն գա, բայց հաջորդ խոսքերս դուր չեն գան մեծամասնությանը:

Հայաստանում և, ընդհանուր առմամբ, հայերի շրջանում այժմ մեծ տարածում են գտել ռուսատյաց տրամադրությունները։ Հայերը ռուսներին մեղադրում են ամեն ինչում՝ «Պուտինը պատերազմին հավանություն է տվել», «Փաշինյան պետք է Պուտինին», «Ռուսաստանը մեզ տանում է դեպի Թուրքիա» և բազմաթիվ այլ հիմարություններ։ Գիտե՞ք՝ ինչ է սա։ Սա ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափում։ Այո-այո, հենց պատասխանատվության բարդում մեկ ուրիշի վրա, չէ՞ որ մենք՝ հայերս, երբեք և ոչ մի բանում մեղավոր չենք, և աշխարհը պտտվում է մեր շուրջը։ Բոլորը մեր շուրջը դավաճան են, ստիպում են մեզ տառապել, իսկ մենք, տեսեք-տեսեք, այնքան փափուկ ու ճերմակ ենք։ Բայց եկեք փորձենք մաքսիմալ օբյեկտիվ դատել:

Սկսենք սկզբից: Ո՞վ է իշխանության բերել Փաշինյանին, որը միշտ ասել է, որ Արցախը բեռ է, և պետք է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Հիշեցնենք՝ դա արել է հենց հայ ժողովուրդը։ Բոլորովին կարևոր չէ, թե ով էր այդ օպերացիան ղեկավարում, նրան իշխանության բերեց ժողովուրդը։ Ի՞նչ է արել 2018 թվականի հեղափոխության ժամանակ «չարագործ Պուտինը»: Նա աննախադեպ քայլ արեց՝ շնորհավորեց ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վարչապետության առթիվ, արեց դա պաշտոնապես՝ հայտնելով, փաստացի, իր լիարժեք աջակցությունը։ Ի՞նչ է արել այդ ժամանակ հայ ժողովուրդը։ Վանկարկել է «Նիկոլ` վարչապետ»: Ա՜խ, այդ Պուտինը։

Պատերազմը, իսկ ավելի ճիշտ՝ Արցախի հանձնումը, ժամանակի հարց էր։ Ի՞նչ էին անում Փաշինյանն ու իրեն քծնողները։ Ինչ-որ տեղ Հորդանանում գնում էին բոլորովին անիմաստ ՕՍԱ-ԱԿՄ համալիրները: Ի՞նչ էր անում այդ ժամանակ ՌԴ-ն։ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի սպառազինությունն էր ավելացնում։ Հայկական կողմի զինամթերքը սպառվեց 5-րդ օրը, պատերազմը տևեց 44 օր, հետաքրքիր է՝ ինչո՞վ էին կռվում։ Հավանաբար, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բողոքի նոտաներից է այդ զենքը հայտնվել։ Ըհը՛։ Մինչդեռ, պատերազմի ավարտին Գյումրիի 102-րդ ռազմաբազայում, որի դարպասները բացվել են պատերազմի առաջին իսկ օրվանից, մնացել էր մեկական ինքնաձիգ և երկուական տուփ փամփուշտ ամեն զինվորի համար: Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, արդեն սեպտեմբեր 29-ին (!!!) ՌԴ-ն հանդես եկավ մարտական գործողությունները կասեցնելու նախաձեռնությամբ, այնուհետև եղան ևս մի քանի առաջարկներ և ճակատագրական հոկտեմբերի 19-ը, երբ անգամ ամեն ինչ տեսած Պուտինը շոկի մեջ էր, որ Փաշինյանը հրաժարվեց իր առաջարկից։ Փաշինյանի բոլոր որոշումները տրամաբանության սահմաններից դուրս են: Այն դեպքում, եթե երկրի ղեկավարը մտածում է երկրի մասին, նա գործում է դրա շահերից ելնելով, բայց այն ամենը, ինչ պետք էր Նիկոլին, իշխանությունը պահպանելն էր, դրա համար էլ նրան պետք էին զոհեր, շատ զոհեր։ Պետք էր դա նրա համար, որպեսզի տեղի ունենար նոյեմբերի 9-ը, որպեսզի ջանք չխնայեր իրեն հերոս ներկայացնել, որը կամային որոշմամբ փրկել է 25 հազար զինվոր, ինչի համար ստիպված էր խլել մոտ 7 հազար մեր հերոսների կյանքեր։

Առաջ շարժվենք: Նոյեմբերի 10՝ բողոքի ակցիաների սկիզբ: Կարելի է երկար վիճել, թե ինչու ուժի կիրառում տեղի չունեցավ, ինչու այդ կապիտուլյանտին չհանեցին, ճիշտ էր արդյոք գնալ ընտրությունների, թե՝ ոչ։ Արդյունքում, իհարկե՝ ոչ, բայց տեսականորեն դա ավելի քան ճիշտ էր: Կարելի է երկար վիճել, թե ով է ղեկավարել այդ գործընթացները, բայց դա հաստատ արվում էր Հայաստանի կողմից, այլ ոչ թե դրսից։ Բազմիցս հայտարարել եմ, և ևս մեկ անգամ կհայտարարեմ՝ ես միանգամայն համոզված եմ, որ մեր ներքին խնդիրները մենք պետք է ինքներս լուծենք, եթե մենք չենք կարող լուծել դրանք, ապա ոչ մի ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող։ Ժամանակն է ընդունել, որ մենք պարտվել ենք ընտրություններում։ Այո՛, կեղծարարություններ եղել են։ Այո՛, առանց դրանց Փաշինյանը չէր հաղթի առաջին փուլում։ Բայց մեծամասնությունը, միևնույն է, քվեարկել է նրա օգտին: Ավելին, երբ մենք գնում էինք ընտրությունների, մենք պետք է պատրաստ լինեինք, որ 10-15%-ն ինքն իրեն «նկարելու» է։

Այն բանից հետո, երբ մենք՝ հայերս, ընտրություններում պարտվեցինք ներքին թուրքերին, երբ չկարողացանք միավորվել և կապիտուլյանտի դեմ միասնական ճակատով դեմ դուրս գալ։ Այն բանից հետո, երբ հայերի մեծ մասը չկարողացավ ընդունել, որ 2018 թվականին մոլորվել է և չկարողացավ իր վրա վերցնել քվեարկության գնալու պատասխանատվությունը։ Այսքանից հետո մենք անցանք մեր սիրած գործին, այն է՝ պատասխանատվության բարդումը։ Բոլոր անկյուններից սկսեցին հնչել՝ «Փաշինյանը պետք է Պուտինին», «Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին», «Ռուսաստանը գործարքի մեջ է Թուրքիայի հետ» և այլ կատարյալ անհեթեթություններ, պարզապես բարբաջանք:

Ոչի՞նչ, որ Փաշինյանին ընտրեցին ՀՀ քաղաքացիություն ունեցող մարդիկ, որոնք ունեն ձայնի իրավունք։ Ոչի՞նչ, որ այն պահին, երբ որոշվում էր մեր հայրենիքի ապագան, ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշ կար։ Դրանում էլ է Պուտինը մեղավոր, չէ՞։ Պարզապես ուսումնասիրեք ռուսական մամուլը ընտրություններից առաջ։ Կրեմլի խոսափողները անդադար խոսում էին Ռոբերտ Քոչարյանի անխուսափելի հաղթանակի մասին: Դա էլ, երևի, Նիկոլի շահերից ելնելով էին անում, չէ՞։ Այլ հարց է, թե ի՞նչ տեղեկատվության հիման վրա են նման եզրակացություններ արվել: Բայց սա բոլորովին այլ հարց է։

Հստակության համար նշեմ, որ ոչ մի դեպքում չեմ իդեալականացնում Ռուսաստանը, ավելին ՝ ես հիանալի տեսնում եմ, որ Ռուսաստանը շատ լուրջ ճգնաժամ է ապրում։ Համակարգը երկրի ներսում ավելի շատ խանգարում է, քան օգնում։ Մեծ թվով առանցքային պաշտոններ են զբաղեցնում իրականությունից կտրված մարդիկ։ Արտաքին քաղաքականությունը բավական հստակ չէ, իսկ ԱԳՆ-ն շատ ավելի քիչ է տեղ հասցնում, քան անում է Ռուսաստանը։ Ընդ որում, Ռուսաստանը ֆիզիկապես չի կորցրել և ոչ մի դեպքում չի կորցնի Հայաստանը։ 44 օր տևած պատերազմի և այն ամենի արդյունքում, ինչ տեղի ունեցավ մինչև հունիսի 20-ը ներառյալ, Ռուսաստանն ուղղակի հասկացավ, որ հայերին չի կարելի վստահել և ամեն ինչ իր ձեռքը վերցրեց։ Երեք ռազմաբազա (Արցախ, Գյումրի, Սիսիան), ռուս սահմանապահներ, էլ ի՞նչ է նրանց պետք։ Նրանց մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում։ Ինչո՞ւ մեր նկատմամբ վստահություն չկա։ Իսկ ինչո՞ւ այն պետք է լինի: Վերլուծեք փաստերը այն ամենի, ինչն ինքներս ենք արել, և ամեն ինչ կհասկանաք։ Միայն թե պետք չէ այս ամենին խառնել Լորիս-Մելիքովի, Մարշալ Բաղրամյանի և այլ հերոսների վաստակը, նրանք լրիվ այլ հայեր էին։ Ինչ-որ մեկը կարող է ասել, որ Ռուսաստանը պարտվում է հայերի միտքը։ Այստեղ ինձ մոտ այլ հարց է առաջանում. իսկ ո՞վ է դրանք շահում։ Իհարկե, թուրք-փաշինյանական միությունը։ Ո՞վ է տուժում դրանից։ Իհարկե՝ Հայաստանը։ Այնպես որ, սա սեփական դարպասները հասցրած ինքնագոլ է, պարոնայք հայեր։

Վերջում կուզենայի ասել, որ ՌԴ-ում գործող ռուսական հայտնի վերլուծական տելեգրամյան մի ալիքի ադմինի հետ զրույցում հարցրեցի, թե ինչո՞ւ եք անընդհատ քննադատում ՌԴ-ն, այո՛, այնտեղ շատ խնդիրներ կան, բայց միթե մենք քիչ խնդիրներ ունենք: Ի պատասխան ինձ ասվեց, որ նրանք փորձում են արթնացնել ՌԴ-ին։ Պատկերացնո՞ւմ եք։ Տղե՛րք, մենք հայերին արթնացնել չենք կարող, իսկ դուք ՌԴ-ի՞ն եք արթնացնում։ Դե հերիք է, էլի։

Մեկ ուրիշի վրա պատասխանատվություն բարդելը միայն վատթարացնում է իրավիճակը: Սխալն ուղղելու առաջին քայլը դրա գիտակցումն ու ընդունումն է: Որքան ուշ դա տեղի ունենա, այնքան քիչ է փրկվելու հնարավորությունը։

Միքայել ԲԱԴԱԼՅԱՆ

«Ազատագրում» շարժման առաջնորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031