Ի՞նչ հիմնավորմամբ է ոչ աշխատանքային օրը սահմանվել ավարտական քննության օր, ԿԳՄՍՆ-ն խախտում է քննական գործընթացում ներգրավված ուսուցիչների իրավունքները. ՀՔԱՎ-ը դիմել է Վահրամ Դումանյանին
ԿԳՄՍ նախարարությունը 9-րդ դասարանի ավարտական քննությունների օր է նշանակել նաև ոչ աշխատանքային համարվող հուլիսի 5-ը և անտեսելով Աշխատանքային օրենսգրքի դրույթները՝ քննական գործընթացում ընդգրկված աշխատակիցներին հնարավորություն չի տալիս ընտրելու ոչ աշխատանքային օրերի վարձատրության եղանակը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 18.05.2021 թվականի թիվ 785-Ա/2 հրամանով 9-րդ դասարանի Օտար լեզվի ավարտական քննության օր է սահմանվել հուլիսի 5-ը, որը ոչ աշխատանքային օր է: Անհասկանալի է, թե ինչ հիմքերով է այդ օրը ներառվել քննությունների օրերի շարքում այն դեպքում, երբ ուսուցիչներին քննական գործընթացում ներգրավելը Աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառություններից չէ:
Սրա վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2021 թ․ հունիսի 23-ին գրավոր դիմել է ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանին։ ՀՔԱՎ-ը, մասնավորապես, տեղեկություն է հայցել այն մասին, թե ի՞նչ հիմնավորմամբ է ոչ աշխատանքային օրը սահմանվել ավարտական քննության օր և արդյո՞ք առկա է ուսումնական հաստատություններին տրված հրահանգ՝ քննական հանձնաժողովի կազմում ընդգրկված աշխատակիցների վարձատրությունը Աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածին համապատասխան կազմակերպելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրամադրվի վճարովի այլ հանգստյան օր. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին:
Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ (05.07.2021 թ.):
Հաշվի առնելով ոչ աշխատանքային օրն աշխատելու հանգամանքը՝ առաջարկվել է քննական գործընթացում ներգրավված աշխատողներին մեկ ամսվա ընթացքում տրամադրել վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրն ավելացնել ամենամյա արձակուրդին՝ առաջնորդվելով աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով:
Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ