Այսօր «Վերելք» կուսակցության նախագահ, ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանը «Հայացք» ակումբում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ ասաց. «Այս արդյունքներին չէինք սպասում, որովհետեւ որոշ տեղերում մենք ունեինք բավականին համակիրներ, անգամ բարեկամներ եւ շատ ձայներ չստացանք: Ես չեմ կարող ասել՝ ինչպես դա տեղի ունեցավ եւ մեր այդ ձայներն ում ջրամանին ջուր լցրեցին, բայց դա ակնհայտ էր եւ փաստ; Մեր մեղավորությունը նույնպես կար, որովհետեւ մենք չունեինք վստահված անձանց համակարգը, որով պետք է պահպանեինք մեր ձայները: Ստացվեց այն, ինչ ստացվեց»:
Մինասյանն ասաց, որ գյուղերում պտտվելով, մարդկանց հետ հանդիպելով արդեն իսկ սպասել է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը շատ ձայն է ստանալու ու խորհրդարանի այս պատկերն ինչ-որ առումով սպասվում էր:
Այս օրերին Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ ընտրություններին մասնակցած տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ: Հարցին՝ ձեզ հրավիրեցի՞ն, հանդիպե՞լ եք, թե՞ ոչ՝ Ալեքսան Մինասյանը պատասխանեց. «Երեւի մեկ-երկու կուսակցություններ կան, որ հրավեր չստացան, որոնցից մեկը մենք ենք: Շատ զարմանալի էր, որ չստացանք հրավերք, բայց փաստն առկա է, որ մեզ չեն հրավիրել»:
Ալեքսան Մինասյանը պատրաստ է հնարավորության սահմանում օգնել պետությանը՝ հաղթահարելու խնդիրները: Նա ասաց, որ մեր իշխանությունները մեկը մյուսի արածը մերժում են, չկա շարունակականություն: Դրա համար չի կառուցվում այն աստիճանը, որով պիտի բարձրանանք վերեւ. «Ասում են՝ մենք պիտի ունենանք թռչող սարքեր, պատահական դա չի լինում: Մեր «Երազ» մեքենան մնաց մեր պապերի երազանքում: Եթե ավելի ազնիվ ասեմ՝ մենք կոշիկի երկիր ենք համարվում, բայց ես անձամբ երբեք ինձ թույլ չեմ տա հայկական կոշիկով գնալ պատերազմի դաշտ, որովհետեւ որպես զինվոր եմ ասում՝ ավելի լավ է ունենամ որսորդական հրացան, բայց լավ կոշիկ: Դրա համար պետք է կոշիկի արտադրությունից չխոսել, այլ պետք է արտադրել»:
Կարդացեք նաև
Մինասյանը համոզված է, որ այս թշնամանքի մթնոլորտում հաջողության չենք կարող հասնել, պետք է սովորել իրար սիրել ու ներել. «Պետք է հաշվի առնել, որ կողքինդ նույնպես թուրք չէ, այլազգի չէ, դա քո եղբայրն է, քո քույրն է: Այսօր կառավարական համակարգում ովքե՞ր են բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են: Համախմբում է պետք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ