Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Սուրենյան. «Երեւանում առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին պատմական առավելագույնը․ հուլիսին կրկին շոգ է լինելու»

Հուլիս 02,2021 13:21

Ինչու այս տարվա հունիսին Հայաստանում գրանցվեց անոմալ շոգ եղանակ․ «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի բացատրությամբ՝ այս տարի Իրաքի եւ Իրանի շրջաններից ներթափանցող արեւադարձային տաք հոսանքները ավելի շուտ ներթափանցեցին, դրանց բուռն ներհոսքը սովորաբար սկսվում է հուլիսից․ «Բայց այս տարի այդ օդային զանգվածները մեր երկիր սկսեցին թափանցել անմիջապես հունիսի առաջին տասնօրյակից, իսկ հունիսի 15-ից հետո ավելի սրվեց պրոցեսը, արդյունքում ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հունիսի 15- 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում՝ Արարատյան դաշտում եւ Երեւանում, առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին երբեւիցե դիտված պատմական առավելագույն արժեքները»։

Գագիկ Սուրենյանի ներկայացմամբ՝ հունիսի 23-25-ը Արարատյան դատում եւ Երեւանում գրանցվել է մինչեւ 41,2 աստիճան տաքություն, որը մոտ 2 աստիճանով գերազանցել է 1998 թվականին դիտված պատմական ռեկորդը․ «Այս տարվա հունիսը օդերեւութաբանության պատմության մեջ դարձավ միջին ջերմաստիճանով եւ շոգերի տեւողությամբ եւ առավելագույն ցուցանիշով ամենատաքը»։

Սուրենյանն ասաց, որ տեղումների սակավությամբ 2000 թվականից հետո գրանցվել է աննախադեպ պատկեր․ «Գեղարքունիքի Մասրիկի հատվածում, Արարատյան դաշտի Արտաշատ, Ուրցաձոր հատվածում, Երեւանի առանձին հատվածներում ամբողջ հունիսի ընթացքում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել։ Իսկ հյուսիսային շրջաններում թափվել է տեղումների ամսական նորմայի ընդամենը 30-40%-ը»։

Գագիկ Սուրենյանն առաջիկա ամսվա համար մխիթարող կանխատեսում չարեց, ասաց՝ հանրապետության ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով։ Հուլիսի 3-4-ին օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է՝ Իրաքի տարածքից սպասվում է տաք օդային հոսանքի ներթափանցում:

Նա ասաց, որ վերջին 2-3 օրերին նվազման արդյունքում Արարատյան դաշտում եւ Երեւանում օդի ամենաբարձր ջերմաստիճանը 35-36 աստիճան է եղել, սակայն հուլիսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով․ «Հուլիսի 4-ին կլինի բարձր ջերմային ֆոն՝ +40…+41 աստիճան: Դա կարճ կտեւի, որովհետեւ հուլիսի 6-ից սկսած տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սեւ ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել 4-5 աստիճանով:



Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031