Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Իսահակյան գյուղում․ կախվել է անասնաբույժը, ելումուտն՝ արգելվել

Հուլիս 02,2021 13:12

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան բնակավայրում սիբիրյան խոց է տարածվել․ անասուններ են սատկել, նրանց մորթն իրականացրած ու մսի մշակմամբ զբաղված 7 անձի էլ՝ 5 տղամարդու ու 2 կանանց, տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի հավաստմամբ, նրանց վիճակը միջին ծանրության է, ջերմություն չունեն, միայն վերքերն են, որ պիտի ապաքինվեն, ապա միայն՝ դուրս գրվեն։

Սիբիրյան խոցի տարածումից հետո ինքնասպան է եղել գյուղի 70-ամյա անասնաբույժը։

Նա հակի թելով կախվել էր երեկ առավոտյան՝ անասնագոմում։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ սիբիրյան խոցի տարածումը չկանխելու մեջ գյուղում որոշակի մեղադրանքներ հնչել են նաև անասնաբույժի հասցեին, վերջինս էլ ծանր է տարել ու ինքնասպանություն գործել։

Aravot.am-ն այս թեմաների շուրջ զրուցեց Իսահակյան համայնքի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանի հետ։

Պաշտոնյան մեզ հետ զրույցում ասաց, որ անասնաբույժի ինքնասպան լինելու պատճառը չի կարող ասել։

«Պատճառը միայն ինքը կարող է ասել, ես միայն կարող եմ փաստել, որ, այո՛, տղաները կախված վիճակում են նրան հայտնաբերել»,- ասաց վարչական ղեկավարը։

Վերջինս նշեց, որ այսօր սատկել են ևս երկու մանր եղջերավոր անասուններ. արդյունքում արձանագրվել է 6 խոշոր և 8 մանր եղջերավոր անասունների անկում։

Ըստ Արտավազդ Արսենյանի, հակահամաճարակային միջոցառումների շրջանակում գյուղ տանող բոլոր երեք ճանապարհների վրա արգելապատնեշներ են տեղադրվել, գյուղի ելումուտն է սահմանափակվել։ Նման որոշում է կայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ու ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղից գյուղ այցելելուց հետո։

«Երեկ գյուղի ողջ անասնագլխաքանակը պատվաստվել է սիբիրախտի դեմ ՝թե՛ մանր, թե՛ խոշոր։ Ասում են սիբիրախտ հիվանդություն է, բայց լաբորատոր փորձաքննության պաշտոնական պատասխանը, փաստաթուղթը, մինչև հիմա չունենք»,- ասաց վարչական ղեկավարը։

Նա նշեց, որ այդուհանդերձ, գյուղում բոլորը միջոցառումները սիբիրյան խոցի դեմ են իրականացվում։

Վարչական ղեկավարը ենթադրում է, որ անասունները հողից են վարակվել սիբիրյան խոցով, այս տարի երաշտ է, արոտավայրեր չկան, անասունները հող են կերել ու վարակվել։

«Անասունները հիմնականում հող են ուտում։ Երեք գիշեր էլ տանջանքի մեջ ենք, չենք քնում, ասում ենք գյուղից շուտ վերանա, էս երաշտի, չքավորության պայմաններում էս կարանտինն էլ մտնի, հաշվենք, որ այս գյուղն այլևս գոյություն չի ունենա»,- մտահոգվում է վարչական ղեկավարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031