«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ դեռեւս մարտին արած կանխատեսումներով, օդերեւութաբանական պայմանները նպաստավոր էին, որ այս տարի միջին ջրառատության տարի լիներ, սակայն մայիսի 3-րդ տասնօրյակից հանրապետությունում հաստատվեցին անոմալ շոգեր, տեղումների սակավություն, ինչի հետեւանքով ձնհալքը տեղի ունեցավ աստիճանական, առանց էական հոսք առաջացնելու, եւ հիմնական ջուրը ներծծվեց։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը։
Այս երեւույթի հետեւանքով էլ, ինչպես Ազիզյանն ասաց, հունիսի ընթացքում գետերի մեծ մասում միջին ամսական ելքերը նորմայի նկատմամբ 20-50% պակաս էին․ «Օրինակ՝ Ազատ գետում նորմայից 20% պակաս, Հրազդանի ավազանում նորմայից 2,5 անգամ պակաս։ Ջրամբարների ջրալցվածությունը նույնպես անցյալ տարվա համեմատ ցածր է։ Հինգ խոշոր ջրամբարներում մոտ 210 միլիոն խմ պակաս ջուր կա՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ 2019 -ի համեմատ՝ 350 միլիոն խմ։ Արաքս-Ախուրյան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում 180 միլիոն խմ պակաս ջուր կա, իսկ Սեւան-Հրազդան էներգետիկ համակարգի ենթակայության տակ գտնվող ջրամբարներում 35 միլիոն խմ ջրի սակավություն կա»։
Պարոն Ազիզյանի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ հանրապետության հինգ ջրավազանային կառավարման տարածքներում դեռեւս 2014 թվականից հայտարարված էր սակավաջրություն, Ախուրյանի, Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքներում 2020-ին ընդունվեց կառավարության որոշում, որով Սեւանի եւ հյուսիսային ջրավազանային տարածքներում հայտարարվեց սակավաջրություն։ Նա ասաց, որ իրավիճակը հատկապես վատ է Քասախ, Հրազդան, Ախուրյան, Ազատ գետերի ավազաններում, այստեղ խիստ սակավաջրություն է։
Սեւանա լճից լրացուցիչ ջրառի մասին էլ, Ազիզյանն ասաց, որ խնդրին պետք է զգուշությամբ մոտենալ, մի կողմից, իր խոսքով՝ մեր սրբությունն է Սեւանա լիճը, մյուս կողմից էլ՝ տնտեսությունն ու գյուղացիները։
Կարդացեք նաև
«Պետք է նշեմ, որ հունիսի 8-ին Սեւանա լճի այս տարվա առավելագույն մակարդակը գրանցվեց՝ 1900,91 մետր, բայց հունիսի 8-30-ը լճի մակարդակն իջավ 11 սմ-ով։ Այս ընթացքում լճից բաց է թողնվել 53 մլն խմ ջուր, ինչը մոտ 3,5 սմ է։ Մնացած 7-8 սմ-ն գոլորշիացման եւ լիճ մուտք գործող ջրի պակասի պատճառով է։ Պետք չէ շեշտել, որ մակարդակն իջնում է միայն բաց թողնվող ջրի պատճառով»,- ասաց պարոն Ազիզյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ