Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անպատժելի մնալու Ադրբեջանի վստահությունը սպառնալիք է միջազգային իրավական համակարգի համար. Անի Սամսոնյանը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Հուլիս 02,2021 12:25

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովում խոսել է հայ ռազմագերիներին Ադրբեջանում առևտրի առարկա դարձնելու և ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածքային ինքնիշխան տարածքում ապօրինի գտնվելու մասին։

«Հարգելի՛ գործընկերներ, տիկին Հենրիկսեն, նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ համավարակի այս բարդ պայմաններում Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց նախապատրաստելու և խորհրդարանական վեհաժողովին ներկայացնելու համար։

Ես ակնկալում էի այս զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ, որովհետև խոսքը գնում է մարդու հիմնարար իրավունքների մասին։

Ցավոք սրտի, ստիպված եմ ևս մեկ անգամ խոսել այստեղ այն փաստի մասին, որ Ադրբեջանը շարունակում է խախտել այդ հիմնարար սկզբունքները, չի վերադարձնում հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին՝ ներառյալ կանանց։

Այս օրերին Ադրբեջանում սկսվել են դատավարություններ հայ գերիների նկատմամբ, որը ամբողջությամբ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, և խախտում է ոչ միայն գերիների, այլև նրանց ընտանիքնի իրավունքները։

Միջազգային մարդասիրական իրավունքը քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից։ Ես Ձեզ ցույց կտամ տեսանյութ, որտեղ Ադրբեջանի և Թուրքայի նախագահները զրուցում են հայ ռազմագերիների մասին՝ նրանց համարելով առևտրի առարկա։ Նշվում է, որ նրանց պլանավորում են վերադարձնել միայն Լեռնային Ղարաբաղում ականապատված տարածքների քարտեզների դիմաց։

Սա անժխտելի ապացույց է, որ Ադրբեջանը ներգրավված է մարդկանց առևտրի գործում և հայ ռազմագերիները վերջինիս համար ենթակա են առուծախի։ Նրանք ապօրինաբար բանտարկված են ականապատված տարածքների քարտեզների դիմաց փոխանակվելու համար։

Հետևաբար, հայ ռազմագերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ գործընթացներ են և նպատակ ունեն միայն փակելու ձեր աչքերը իրողության վրա։

Ես ուզում եմ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և առ այսօր գտնվում են մեր ինքնիշխան տարածքում։

Մենք կոչ ենք արել մեր եվրոպացի բոլոր գործընկերներին կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը խախտելու համար։

Մեկ անգամ հայտարարել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նման կոպիտ խախտումները ոչ միայն Հայաստանի անհանգստության պատճառը պետք է լինի, այլև ողջ միջազգային հանրության, որովհետև Ադրբեջանի վարքագիծը և անպատժելի մնալու վստահությունը սպառնալիք է միջազգային իրավական համակարգի համար, աշխարհի և տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար։

Հարգելի՛, գործընկերներ,
Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից և վերադարձնի ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին։ Դուք այս հարցում ունեք էական դերակատարում, որովհետև մենք միասնական ջանքերով պետք է պաշտպանենք միջազգային իրավական կարգը, հասնենք անվտանգության և խաղաղության աշխարհում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031