Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Քննիչը, մի քանի տեղ հիշատակելով, որ Հայկ Սարգսյանը ջնջել է Անուշ Դաշտենցի հեռախոսում առկա տեսանյութը, այդպես էլ գնահատական չի տվել այդ արարքին. «Հրապարակ»

Հուլիս 02,2021 10:14

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Խ․ Մեջլումյանը որոշել է, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, խլելով «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը, խոչընդոտելով նրա աշխատանքը, ջնջելով նրա արած տեսանյութը, ոչ մի հանցանք չի գործել, եւ մերժել է ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը։ Քննարկել են 3 հոդվածի շրջանակներում՝ 144-րդ հոդվածի՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու մասով, 164-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, եւ 176-րդ հոդվածի՝ կողոպուտի։

Քրգործի հարուցումը մերժելու որոշումը կայացնելուց առաջ քննիչը բացատրություններ է վերցրել ինչպես թղթակցից, այնպես էլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանից։ Հիշեցնենք, որ «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցը հունիսի 3-ի երեկոյան հանդիպել էր Հայկ Սարգսյանին՝ «Քաղպայմանագրի» նախընտրական գրասենյակի մոտ, եւ փորձել հարց ուղղել գեներալ Մուրադովի եւ մեր գերիների վերադարձի վերաբերյալ։ Հ․ Սարգսյանը մի ցատկով խլել էր նրա աշխատանքային գործիք հեռախոսը, նստել մեքենան եւ հեռացել։ Մեկ ժամ անց հեռախոսն օգնականի միջոցով վերադարձրել էին՝ տեսանյութը ջնջված։

Այստեղ ակնհայտ է, որ լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնատար անձի կողմից իր դիրքը չարաշահելու հանցակազմ կա, սակայն քննիչը գտել է, որ դա բացակայում է։ Ինչի՞ վրա է կառուցվել քննիչի այս անօրինական եզրակացությունը՝ Հայկ Սարգսյանի զավեշտական բացատրությունների։

Ի՞նչ է ասում ԱԺ պատգամավորն իր բացատրության մեջ։ Ասում է, որ հունիսի 3-ի երեկոյան՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, ընկերների հետ գտնվել է Մաշտոցի պողոտային հարակից տարածքում։ Գտնվել է «ոչ աշխատանքային բնույթի հարցերով, ընկերների հետ ժամանակ անցկացնելու նպատակով»։ Նկատենք․ սա նախընտրական փուլն էր, եւ պատգամավորի ու լրագրողի գործունեությունն էլ ժամանակային սահմանափակումներ չի ճանաչում։ Փողոցում իրեն է մոտեցել «մի կին ու սկսել է անձնական կյանքին առնչվող հարցեր տալ»։ Պարզվում է՝ գերիների թեման Հայկ Սարգսյանի անձնական կյանքին է առնչվում։ «Այդ կինը», ի դեպ, հայտնի լրագրող է եւ բազմիցս զրուցել է Հայկ Սարգսյանի հետ, այնպես որ՝ բացառված է, որ նրան չճանաչեր, իսկ հարցը տալուց առաջ էլ լրագրողը հստակ ներկայացել է։ Պատգամավորը գրել է՝ «այդ կնոջից» պահանջել է իրեն չնկարահանել ու անձնական կյանքին առնչվող հարցեր չտալ։ «Կինն» ասել է, որ լրագրող է, ինչին ինքը «չի հավատացել, քանի որ նրա մոտ որեւէ իր կամ առարկա, մասնավորապես՝ ինչ-որ մի լրատվամիջոցի տարբերանշանով բարձրախոս, բեյջ, տեսախցիկ, վկայական, հագուստ չի ունեցել, որից կարելի էր հասկանալ, որ նա լրագրող է»։

Եվ ՀՔԾ քննիչը քրեական գործի հարուցումը մերժել է՝ խոսքի ազատության մասին մի «գիտական» վերլուծություն անելով ու քննչական ողջ համակարգի անգրագիտությունը բացահայտելով․

«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտել ասելով՝ հասկացվում է գրաքննություն իրականացնելը, խմբագրության մասնագիտական ինքնուրույնությունը խախտելը եւ դրա գործունեությանն ապօրինի միջամտելը, ԶԼՄ-ի գործունեությունն ապօրինի կասեցնելը կամ դադարեցնելը, լրագրողի՝ օրենքով նախատեսված իրավունքները խախտելը եւ նմանատիպ գործողությունները։ Լրագրողին տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրել ասելով՝ պետք է հասկանալ տուժողի վրա ցանկացած եղանակով ճնշում գործադրելը։ Գործադրվող ճնշումը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բնույթի։ Ֆիզիկական հարկադրանքը կարող է արտահայտվել, օրինակ, լրագրողին ծեծելով, խոշտանգելով, ազատությունից ապօրինի զրկելով, նրա առողջությանը տարբեր աստիճանի ծանրության վնաս պատճառելով»։

Ապա՝ եզրակացություն․ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը բացակայում է, քանի որ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը կամ հարկադրի տեղեկություն տարածելու կամ դրանք տարածելուց հրաժարվելուն»։

Եվ այսքան ճիգ գործադրած քննիչը, մի քանի տեղ հիշատակելով, որ Սարգսյանը ջնջել է Անուշ Դաշտենցի հեռախոսում առկա տեսանյութը, այդպես էլ գնահատական չի տվել այդ արարքին՝ երեւի համարելով, որ դա պատգամավորի իրավունքների մեջ է մտնում։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031