Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը փորձի հասկանալ, թե հայտարարության 7-րդ կետը ո՞ր փախստականների և ներքին տեղահանվածների մասին է

Հուլիս 02,2021 09:48

Նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը ներկայացվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ համատեղ քննարկման: Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ձևակերպված և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի` հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների կասեցման մասին հայտարարության 7-րդ կետը վերաբերում է «փախստականների և տեղահանված անձանց վերադարձին Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ»:

Ավելորդ չէ հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական ողջ դաշտին հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի կասեցմանն ու հետևանքների վերացմանը: Եվ ժամանակն է, որ հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը փորձի հասկանալ, թե հայտարարության 7-րդ կետը ո՞ր փախստականների և ներքին տեղահանվածների մասին է: Անկասկած է, որ ինքնաբերաբար ընկալում են այնպես, ինչպես ընդունված էր վերջին քսանինը տարիներին` խոսել միայն «ադրբեջանցի փախստականների» մասին, քանի որ հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտի մոտ կոնֆլիկտի ընկալումը ձևավորել է իլհամի ամենօրյա քարոզչական մեքենան:

Հայտարարության 7-րդ կետը բացառապես վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ձևավորված փախստականներին ու ներքին տեղահանվածներին, իսկ նրանք Արցախի Հանրապետության բնակիչներն են` էթնիկ հայեր:

Հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը պետք է լծվի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի հայամետ իրագործմանը և վերադարձնի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ցեղասպանական պատերազմից ձևավորված հայ փախստականներին ու ներքին տեղահանվածներին իրենց բնակության վայրեր` Քարվաճառ, Քաշաթաղ, Ակն, Վարանդա, Քաշունիք, Ջրական, Հադրութ ու Շուշի, վերականգնի Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքները և բանակցային գործընթացը վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափ:

Այսօր արդեն թրքական քարոզը միջազգային կառույցներին է մատուցում նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը:

Թրքական ամենօրյա հետևողական քարոզը քսանինը տարիների ընթացքում` հայկական հակաքարոզի իսպառ բացակայության պայմաններում, ձևավորել է միջազգային հանրության մոտ պատկերացում «ագրեսոր» հայկական ուժերի, «օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական տարածքների», «ադրբեջանցի փախստականների», «Խոջալուի» շուրջ: Եվ որքան էլ այդ պատկերացումները տարիներ անընդմեջ սնուցվել են նրբորեն մշակված ու մատուցված թրքական կեղծիքով և պետք է, որ բավարար կարծրանային, սակայն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծած 44-օրյա պատերազմին զուգահեռ ընթացած հայկական ընդվզումը` նաև սփյուռքում, ապացուցեց, որ այդ պատկերացումները չեզոքացնելը դժվար չէ: Խնդիրը ամենօրյա ջանասիրաբար աշխատանքն է, նպատակն ու դրան հասնելու մշակված մեթոդաբանությունը: Եվ այստեղ է, որ հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը կարիք ունի լուրջ «ուսումնառության և փորձի ուսումնասիրման», երբ բավարար չեն պետականամետ մղումները:

Թրքական քարոզը փորձելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ցեղասպանական պատերազմի արդյունքում ձևավորված հայ փախստականների ու ներքին տեղահանվածների խնդիրը մթագնել հորինված «մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների» հարցով, երբ իրականության մեջ շուրջ 160 000 «ադրբեջանցիներ» Հայկ.ԽՍՀ-ից 1988 -ի ուշ աշնանը, այնուհետև 1989-ին են տեղափոխվել Ադրբեջան` Սումգայիթից, Կիրովաբադից հետո, նաև շուրջ 360 000 կոմբատանտներ տեղափոխվել են ԼՂԻՄ-ի հարակից յոթ շրջաններից` 1992-ին, 1993-ին, 1994-ին:

Թրքական քարոզը, անշուշտ, շրջանցում է 1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի ավելի քան  860 000 հայ քաղաքացիների փախստական դառնալու փաստը (հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դավադիր դաշտի ֆոնին մեծ մեղք չի գործում, հավանաբար), ու ոչ միայն, նաև այդ տարիներին Ադրբեջանական ԽՍՀ-ի շուրջ 300 000 ռուս, 70 000 պարսիկ, 30 000 հրեա քաղաքացիների փախստական դառնալու խնդիրները:

Թրքական քարոզը փորձելու է շրջանցել այն հարցը (որը միայն մենք ենք բարձրաձայնել, և ոչ թե դավադիր հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը), թե ինչո՞ւ «Քելբաջարից» Բաքու տեղափոխված կոմբատանտ Կովկասի թուրքը իրավունք ունի վերադառնալու Քարվաճառ, իսկ Բաքվի ցեղասպանությունից փրկված և Քարվաճառում բնակություն հաստատած հայը, որին 2020 թվականի նոյեմբերի 9-ին կրկին ցեղասպանության սպառնալիքի տակ քշեցին իր տնից, հիմա էլ Քարվաճառից, ու նա իրավունք չունի վերադառնալու Բաքու:

Միջազգային ուժերը կասկած անգամ չունեն, որ հայ փախստականը չի կարող վերադառնալ Բաքու, քանի որ այնտեղ վտանգված է հայի նույնիսկ ֆիզիկական գոյությունը, այսինքն «ադրբեջանցի փախստականի վերադարձը» արգելափակված է Բաքվի ցեղասպան բնույթով, և բանալին հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտի ձեռքում է:

Հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը, որ դասալիք էր ու բացել էր ցեղասպանական պատերազմի առաջնագիծը, այսօր իր դավադիր գործելաոճից հրաժարվելու պարտադրանք ունի և պետք է թրքական հակահայ հետևողական քարոզին հակադրի ճշմարտությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը բացառապես էթնիկ հայ խմբերի վերադարձի մասին է: Եթե թրքական քարոզը ընթացքը տանի դեպի 1988-1994 թթ., ապա այստեղ ասելիքը 1988-1992թթ. ցեղասպանության շարունակության հետևանքով ձևավորված ավելի քան 860 000 հայ փախստականներին է:

 Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031