Ծանրամարտի՝ տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար մեկ հարթակն ու 20 ծանրաձողերը մեկ շաբաթվա կամ առավելագույնը տասն օրվա ընթացքում կլինեն Հայաստանում, եւ մեր ծանրամարտիկները կհասցնեն մարզվել այդ նոր ծանրաձողերով մինչեւ օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելը: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
Վահրամ Դումանյանը նշեց՝ ծանրամարտիկներին 20 լրակազմ ծանրաձողերի ապահովման համար 111 միլիոն դրամ էր անհրաժեշտ, իսկ նախարարությունը բյուջեից կարողացել է հատկացնել 38 միլիոն դրամ, որով հնարավոր էր գնել միայն 7 լրակազմ ծանրաձող:
Վարչապետի հանձնարարականից հետո ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր ստեղծվեց, եւ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց պակասող 73 միլիոն դրամը՝ ապահովելու համար 20 ծանրաձող. 10-ը՝ տղամարդկանց, 10-ը՝ կանանց համար:
«Ես շատ շնորհակալ եմ վարչապետին, քանի որ եթե ինքը չմիջամտեր, միայն նախարարության ռեսուրսներով մենք այս պահին չէինք կարողանա ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքն ամբողջ ծավալով ապահովել: Ստեղծված ընդհանուր իրավիճակից ինչպես վարչապետն էր դժգոհ, այնպես էլ ես էի դժգոհ: Իսկ իրավիճակը կապված էր ֆինանսական միջոցների հայթայթման աղբյուրների հետ: Եվ այստեղ նախարարի անձի եւ նախարարության հետ խնդիր չկա: Այնպես չէ, որ վարչապետի հանձնարարականի հետ կապված խնդիր է եղել, հակառակը, նախարարությունը արել էր առավելագույնը, այնքան, որքան կարող էր»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում