Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի նվիրում եւ ի պատիվ Ռիկարդո Մուտիի եւ «Ռավեննա» փառատոնի

Հուլիս 02,2021 13:00

Աշխարհահռչակ Ռիկարդո Մուտին Երեւանում ոչ միայն կներկայանա իր արվեստով, այլեւ կլինի հանդիսատեսի կարգավիճակով

Վերջին օրերին դասական երաժշտության սիրահարների խոսակցության առանցքում դիրիժոր, համաշխարհային մեծության աստղ Ռիկարդո Մուտին է։

Դեռեւս անցյալ տարի, համավարակի բուռն օրերին մեզ հետ զրույցում («Առավոտ», 20.07.2020թ.) Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը ներկայացնելով «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակներում անցկացվող իրենց միջոցառումները, նշել էր նաեւ իտալացի ականավոր դիրիժորի անունը եւ հավաստիացրել, որ մաեստրո Մուտիի երեւանյան համերգի բանակցությունները սկսված են։

Նախօրեին «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Թոփչյանն ասաց, որ հուլիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ֆիլհարմոնիկը համերգ կունենա ի նվիրում եւ ի պատիվ Ռիկարդո Մուտիի եւ «Ռավեննա» փառատոնի։ Նաեւ հավելեց. «Կհնչեցնենք Բեթհովենի թիվ 3 դաշնամուրի կոնցերտը եւ Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան»։ Մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Մայա Օհանյանը, որն առաջին անգամ կներկայանա հայաստանցի երաժշտասերներին, հրավիրված է Իտալիայից։ Իսկապես, շուրջ երկու տարվա կամ ավելի ձգվող բանակցությունների արդյունքում մեր հանդիսատեսը կհանդիպի լեգենդար դիրիժորի հետ։

Հուլիսի 4-ին միջազգային բարձր հեղինակություն վայելող «Ռավեննա» փառատոնի շրջանակում Երեւանի օպերային թատրոնում մաեստրո Մուտիի ղեկավարությամբ կկայանա համերգ Լուիջի Կերուբինիի անվան նվագախմբի մասնակցությամբ։ Այն կրում է «Եղբայրության կամուրջ արվեստի եւ մշակույթի միջոցով» խորագիրը։ «Ռավեննա» փառատոնն այս տարի նվիրվում է պոետ, փիլիսոփա եւ մեծ մտածող Դանթե Ալիգիերիի 700-ամյակին»։

Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ «Ռավեննա» փառատոնը հիմնադրվել է 1990թ.` Քրիստինա Մացավիլլանի Մուտիի կողմից։ Այն ներառում է կատարողական արվեստի բոլոր տեսակները՝ սիմֆոնիկ եւ կամերային երաժշտություն, օպերա, դրամա, պար, բալետ, երաժշտական թատրոն, ջազ եւ էթնիկ երաժշտություն։ Ամեն տարի Ռավեննա քաղաքը երկու ամիս՝ մայիսից հուլիս, դառնում է թատերաբեմ։

Հետաքրքրությանը, թե՝ ըստ մեզ հասած տեղեկությունների, մաեստրո Մուտին հանդիսատեսի կարգավիճակով հուլիսի 3-ին գտնվելու է ֆիլհարմոնիկի համերգին, Էդուարդ Թոփչյանը պատասխանեց. «Այո, Ռիկարդո Մուտին ներկա կգտնվի եւ «Ռավեննա» փառատոնի պատվին տրվող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին։ Նա հավելեց նաեւ, որ ֆիլհարմոնիկի համերգը կկայանա «Երեւանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, որի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը»։

Մեր ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ Մայա Օհանյանի առաջին փորձից հետո մաեստրո Թոփչյանից խնդրեցինք կարծիք հայտնել երիտասարդ դաշնակահարի թեեւ կարճ, բայց հավանաբար հագեցած ստեղծագործական ուղու մասին։

«Մայան ծնվել է Մոսկվայում, դաշնամուր է պարապել 4 տարեկանից։ Նրա դասատուն է եղել ճանաչված երաժիշտ, մանկավարժ, Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մայկապարը։ Վեց տարեկանում տեղի է ունեցել Մայայի առաջին բեմելը Մոսկվայի Լյութերական տաճարում։ 9 տարեկանում Մայան տեղափոխվել է Իտալիա եւ մինչ օրս ուսանում է Վենետիկի Benedetto Marcello կոնսերվատորիայում՝ հանրաճանաչ Մասսիմո Սոմենցիի դասարանում։ Հայուհին ոչ միայն Իտալիայում կայացած, այլեւ միջազգային տարբեր երիտասարդական մրցույթների մրցանակակիր է։ Այս հասակում ուսմանը զուգահեռ նրա համերգային կյանքը իսկապես բուռն է»,-հայտնեց մաեստրո Թոփչյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2021

Գլխավոր լուսանկարում՝ Ռիկարդո Մուտին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031