Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքը կենդանի հիշողություն է»

Հուլիս 02,2021 12:30

Ասում է գրող, մանկավարժ եւ վավերագիր Վիոլետա Մնացականյանը

Գրող, հրապարակախոս, մանկավարժ եւ վավերագիր Վիոլետա Մնացականյանը միշտ է ստեղծագործել, օգնել, որ սաներն էլ գրքեր ունենան: Հատկապես հուզմունքով է խոսում այն մասին, թե  ինչպես է իր  առաջարկությամբ բուհ ընդունվելու համար Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների երեխաների հետ անհատույց  պարապելու  ընթացքում նրանց գրած շարադրությունները՝ իրենց  հայրերի մասին, հավաքել, ի մի բերել: Աշակերտների չափածո մտորումները եւս Պարույր Սեւակի մասին գրքի են վերածել ու հրատարակել «Մեղեդիներ» խորագրով: «Հաճախ աշակերտները իրենք են իրենց ստեղծագործությունները տիտղոսաթերթով գիրք հավաքել՝ պատկերազարդ կազմով, որպեսզի  վաստակեն  հիմնավոր բարձր գնահատական: Ազգային գրադարանում աշխատածս տարիներին գիրքն իր  խորունկ էությամբ ինձ համար  դարձել էր  կյանքի  ուղեցույց: Եվ այդ ընկալումս գնահատվում էր գրքի երախտավոր Ռաֆայել Իշխանյանի կողմից: Պարտավորեցնող էր: Դպրոցում էլ, առիթի  դեպքում,  բերկրալից պահեր էին ապրում սաներս՝ իրենց  տեսնելով  լուսանկարով ու գրական դիմանկարով գրքի էջերում»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Մնացականյանը:

Նժդեհակիր աշակերտների մտքերն էլ հավաքագրել՝ «Նժդեհապատում» գիրք է դարձրել: Հիշում է, որ մի աշակերտ իր խոսքի բնաբանն էր դարձրել Նժդեհի այս խոսքը. «Ապերախտ ժողովո՜ւրդ, դու ուզեցիր այն, ինչ թշնամին էր ուզում»:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այդպես պատգամագրել՝ դեռեւս 2012թ.-ին: «Այդ շրջանում էր, որ ազդեցիկ ուսուցիչ-տնօրեն Գրետա Կրոյանը ինձ մտերմաբար հանձնարարել էր, որ իր պատվարժան հոր՝ Աբովյան քաղաքի թիվ 6 դպրոցի հիմնադիրներից Մեխակ Կրոյանի մասին նյութեր հավաքեմ: Նրան մտքափոխեցի, որ ընդհանուր դպրոցի մասին գիրք գրվի: Այդպես ծնվեց «Դպրոցը» գիրքը: Ես էլ՝ աշխատանքիս զուգահեռ, տարիների ընթացքում ստեղծագործ մտքերս ձեռագիր հավաքագրում էի, իսկ ավագ որդիս սրբորեն պահելը համարում էր պարտականություն: Արդեն տասնհինգ տարուց ավելի է՝ փորձում եմ ժամանակի թեւերին հանձնել անանձնական մտորումներս, վերարթնացնելով պահպանված ո՜չ վաղեմի գրառումներս: Ժամանակին աշակերտների հետ շփումներս դեպի ընթերցանության մղելու ելք էի գտել: Հանձնարարություն ունեին օրվա ընթացքում կարդալ 20-30 եւ ավելի էջ, ապա ցույց տալ` ծնողի ստորագրությամբ: Տարեվերջին իմ կողմից ստանում էին պարգեւ, սակայն ամենամեծ պարգեւը գիրքն էր»,-հավելում է զրուցակիցս: Գիրքը կենդանի հիշողություն է:

Վիոլետա Մնացականյանի բոլոր գրքերը ազգային մտածելակերպը հաստատուն պահելու ուղենիշներ են: «Ճակատագրի արահետներով»-ը (2018թ.) պատմավեպ է՝ գրական եւ իրական կերպարներով, ովքեր պայքարեցին Շուշին, Արցախը ազատագրվի, զոհվեցին, մարտնչեցին, ողջ մնացածները մարմնով վիրավոր՝ ընտանիք կազմեցին, որ արժանի հետնորդներ ունենան: «Խորհրդաշատ ոլորաններ»-ը (2018թ.) Դադիվանքի, Քարվաճառն ազատագրող եւ պաշտպանողների ընդհանուր բնութագիրն է՝ բնապատկերային գունավոր նկարներով. տեսակով միակն է: «Ոգու ամրոց»-ը հատակում մնացած նվիրյալների եւ ազգային հերոսների մասին է: «Վավերագրական մատյան»-ը բանակ, հասարակություն իրապատկերն է՝ առավելությունների եւ թերությունների բարձրաձայնմամբ: Բոլոր գրքերում եզդիների նվիրվածությունը ներառված է: «Աննվաճ Հայաստան»-ը Ապրիլյան պատերազմի ամբողջական նկարագիրն է՝ ըստ ընկալված տեսակետների:

Մնացած գրքերը՝ «Չմարող լույս», «Գեղարվեստական իրապատումներ», «Նժդեհապատում», վերնագրած տարբեր նյութերով գրքերը, «Ազգային գրադարան», «Պատմական Առաջաձոր եւ նորից պատերազմ» նույնպես տեսակով առանձնահատուկ են՝ ընթերցվող, հետաքրքիր դրվագապատումներով:

Ընթերցելով վաստակաշատ մանկավարժի տողերը, չեմ կարող չառանձնացնել նրա մանրապատումներն ու արձակ բանաստեղծությունները:

Տիկին Վիոլետան մանկավարժի ներքին համոզում ունի, որ երբեւէ «Ճակատագրի արահետներով» ծավալուն պատմավեպը կմտնի դպրոցական դասագիրք:

44-օրյա պատերազմի ընթացքում հայաթափված եւ տարագիր դարձած արցախցիների մասին վերջին գրքում տիկին Վիոլետան տպագրել է անանց հիշողությունների գրավոր վկայություններ, որ միայն տնավեր տեղահանվածը կմտածի, որ հենց իր մասին է: «Տարիների փորձից եկել եմ այն եզրակացության, որ գիրքը մարդու հետ զրուցելիս, նախանձի, չկամի, երեսպաշտի, կեղծամիտի նման առերեսման չի գնում: Գիրքը բարյացակամ, հանդարտեցնող զրուցակից է»,-ասում է տիկին Մնացականյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031