Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդադար զորավարժություններ ու սպառնալիքներ

Հուլիս 02,2021 12:00

Զինվորական հագուստը գիշեր-ցերեկ հագից չհանող Ալիեւի պահվածքը վկայում է այն մասին, որ նա իրեն պատերազմական վիճակում է զգում

44-օրյա պատերազմում ձեռքբերված համաձայնությունից հետո շուրջ 8 ամիս է անցել, իսկ թուրք-ադրբեջանական «հաղթանակած» բանակը, որն արդեն միասնական բանակ է, հերթական զորավարժություններն է անցկացնում՝ մեկը-մյուսի ետեւից:

Ամենուր զինվորական հանդերձանք կրող, զինվորական հագուստը գիշեր-ցերեկ հագից չհանող Ալիեւը մի կողմից պնդում է, որ ԼՂ-ի խնդիրը լուծված է, նման հակամարտություն գոյություն չունի, սակայն, չգիտես ինչու, գոնե նրա արտաքինը վկայում է այն մասին, որ «հաղթանակած» երկրի նախագահը իրեն զգում է պատերազմական վիճակում:

Հունիսի 28-30-ն անցկացված զորավարժություններում ներգրավված էր մինչեւ 600 անձնակազմի անդամ, 40 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 20 ականանետ եւ տարբեր տրամաչափի այլ տեսակի հրետանային սարքավորում, 7 մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու եւ մինչեւ 50 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հունիսի 21-23-ը հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվել, որոնց մասնակցել են Նախիջեւանի կայազորի զորքերը եւ Թուրքիայի ԶՈՒ կառավարման մարմինները։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել էր բանակի ղեկավար կազմին, նա հայտարարել է, որ զինված ուժերի թվաքանակն ավելացվելու է, ինչպես նաեւ ձեռք են բերվելու նոր սպառազինություններ։ «Ճիշտ վերլուծելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներն ու ընթացքը` մենք, իհարկե, կավելացնենք մեր ռազմական հզորությունները։ Պատերազմի ավարտից հետո նոր պայմանագրեր կնքելու հանձնարարականներ են տրվել, սկսվել է ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված նոր սպառազինություններ գնելու գործընթացը»,- ասել է Ալիեւը զինվորական բարձրագույն հրամանատարության հետ կայացած հանդիպմանը։

Հայտնի է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները գալիք սեպտեմբերին համատեղ զորավարժություն են անցկացնելու։ «Որոշումն արդեն ընդունված է, ներկա պահին փորձագետների խմբերից մեկը գտնվում է Ադրբեջանում եւ ստուգում է զորավարժությունների անցկացման տարածքը», – ասել է Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը Real TV-ի հարցազրույցում։

Ի դեպ, Հասանովի նշյալ հարցազրույցում բավական ուշագրավ շեշտադրումներ կան, որոնք պետք է առնվազն մտահոգեն Ռուսաստանին, որտեղ իրենց ռազմավարական դաշնակից Հայաստանին 44-օրյա պատերազմում պարտվելու համար պատճառներ ներկայացնելիս առավել հակված են Հայաստանին ավելի թուլացնել՝ իրենց թունոտ հակաքարոզչությամբ, քան՝ Հայաստանի հանդեպ ակնհայտ թշնամական գործողություններ իրականացնող թուրք-ադրբեջանական տանդեմից հնարավոր հետագա սադրանքները վերլուծել:

Ահա, Հասանովը խոստովանել է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը վճռորոշ դերակատարում է ունեցել պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում։ «Խոսելով Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին՝ միայն անցյալ տարի 13 խոշորամասշտաբ համատեղ զորավարժություն է անցկացվել։ Դրանք կազմակերպվել են, որ թուրքական զինված ուժերի սպաները օգնեն մեր սպաներին՝ մարտական պատրաստվածությունը հասցնել ավելի բարձր մակարդակի»,- ասել է Հասանովը՝ նշելով, որ անձնակազմի պատրաստվածությունը շատ կարեւոր է։ «Նրանց պատրաստումը շատ կարեւոր է։ Մարտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական պատրաստվածությունը, փորձի փոխանակումը։ Գիտեք, որ թուրքական ԶՈՒ-ն աշխարհի ամենաուժեղ զինված ուժերից է, եւ դա մեր հնարավորությունն է։ Մենք ունենք նույն լեզուն, կրոնն ու արմատները, եւ դրանից օգուտ ենք քաղում։ Դա ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից է։ Նրանք հաջող գործողություններ են իրականացրել Սիրիայում ու այլ երկրներում։ Եվ, բնական է, թուրքական զինված ուժերի աջակցությունը պատերազմին պատրաստվելու հարցում անգնահատելի է»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը։

Այնուհետեւ, Հասանովը հավելել է, որ մեծ աշխատանք են տարել՝ ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Ի դեպ, ադրբեջանական CBC-ի հետ զրույցում էլ Զաքիր Հասանովը խոստովանել է, որ որոշ տեխնիկական միջոցներ չեն կարողացել դիմադրել Հայաստանի հետ ռադիոէլեկտրոնային պայքարում։ «Հակառակորդը ստեղծել էր հզոր ռադիոէլեկտրոնային դաշտ, նրանք զինանոցում ունեն ռուսական արտադրության ամենաժամանակակից ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, եւ դա իր դերն ունեցավ»,- ասել է Հասանովը։

Թուրքական բանակի հետ միաձուլման այս խոստովանությունն Էրդողանի՝ Շուշի այցելությունից ու Շուշիի հռչակագիր ստորագրելու հետո բոլորովին էլ զարմանալի չէ: Զարմանալին Մոսկվայի հանդարտությունն է՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ շարունակելու է զինվել, ամրապնդել բանակը: Հստակ ասվում է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո էլ տրվել են համապատասխան հանձնարարականներ, ստորագրվել են նոր պայմանագրեր, սկսվել է ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա նոր զինատեսակների, տեխնիկայի ձեռքբերման գործընթաց։

Ռազմական հզորությունն ավելացնելուն զուգահեռ Ալիեւն աշխատում է քարոզչական դաշտում՝ դեպի Հայաստան ուղերձներով: «Հայաստանը, եթե չհրաժարվի մեր նկատմամբ թշնամական քաղաքականությունից, ապա չի կարողանա վերականգնել ոչ միայն ռազմական ուժը, բանակը, նաեւ կունենա սահմանափակ հնարավորություններ՝ տնտեսական ակտիվության վերականգնման համար»,- ասել է Ալիեւը։

Բացի այդ, նա Հայաստանին առաջարկել է «մոռանալ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»։ «Հայաստանն ունի մեկ ճանապարհ՝ հարաբերությունները կարգավորել իր հարեւանների հետ, հրաժարվել տարածքային պահանջներից եւ ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»,- նշել է Ալիեւը։ Նա կրկին ադրբեջանական թեզն է առաջ տարել, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացություն՝ եւս։ Ապա` Ադրբեջանի նախագահը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին։ Նա նշել է, որ սահմանների դելիմիտացիայի համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, աշխատանքներ տարվեն Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի պատրաստման ուղղությամբ։ «Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ եւ մեկ անգամ էլ ուզում եմ ասել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը դա պետք է ընդունի եւ մեզ հետ աշխատի սահմանների որոշման ուղղությամբ»,- ասել է նա։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիեւը ամենշաբաթյա ռեժիմով իրեն պարտավորված է զգում հիշեցնել Հայաստանին, մեր տարածաշրջանում հիմնական խաղացողներին, թե ով է «հաղթել» պատերազմում եւ ինչ է ակնկալում հայկական կողմից, ուրեմն, թուրք-ադրբեջանական տանդեմն ինչ-որ մտավախություններ, այնուամենայնիվ, ունի, հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Երեւանը նաեւ մանեւրելու, ինչ-որ բան առաջարկելու ու ակնկալելու, ստանալու հնարավորություններ էլ ունի: Այլ հարց է, թե այսօրվա իշխանությունները նույնիսկ պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո ընձեռված հնարավորություններից ունա՞կ են օգտվել եւ ՀՀ շահն առաջ տանել:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին ժամանեց Անթալիա, օրակարգում ռուս-թուրքական, միջազգային օրակարգի արդիական հարցեր էին, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Հիշեցնենք, որ վերջերս մեկնաբանելով Շուշիի հռչակագիրը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նկատել էր, թե Մոսկվան ճիշտ չի համարում ԼՂ-ում կարգավորմանն առնչվող թեմաները տարածաշրջանի պետությունների արտաքին կապերի հետ խառնելը: Իսկ հունիսի 24-ին ՌԴ եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել, դրական էին գնահատել ԼՂ-ում ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման հսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը: Այսքանը՝ հրապարակային մասն է: Իսկ ինչպիսի՞ն է Պուտինի ու Լավրովի վերաբերմունքը Շուշիի հռչակագրով ռազմաքաղաքական դաշինք կնքած, թուրքական բանակի հետ միաձուլված Ադրբեջանի շարունակական սադրիչ քաղաքականության առնչությամբ:

Այն, որ Հայաստանի իշխանությունները բազմաթիվ սխալներ, բացթողումներ են ունեցել թե պատերազմի ժամանակ, թե եռակողմ հայտարարություն ստորագրելուց հետո՝ այդ մասին, ինչպես ասում են՝ ով չի ալարում, խոսում է եւ միանշանակ, պետք է բոլոր սխալների մասին մշտապես բարձրաձայնել: Իսկ ռուսական իշխանական վերնախավը, նրանց քարոզչագործիքներն ու նրանց քարոզչության տարածման հիմնական գիգանտները մեր տարածաշրջանում ռուսական թույլ, երկչոտ քաղաքականությունը փրկելու ու արդարացնելու ճանապարհին դեռ որքա՞ն են ամեն ինչում Փաշինյանին մեղադրելու…

Չլինի՞, թե Փաշինյանին հակառակվելու համար են ռուս-թուրքական մեղրամիսի հերթական փուլերը կյանքի կոչվում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031