Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում 8 տարի առաջ լսվել է «Խաղաղության համաձայնագրի դեմ» գործ

Հուլիս 02,2021 13:30

Դրկից պետության ղեկավար Ալիեւը արդեն մի անգամ չէ, որ հայտարարում է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման մասին: Անգամ նախապայմանների մասին են գրում, դժգոհում է, որ հայկական կողմը դեռ քայլ չի արել: «Խաղաղության պայմանագրի» մասին ամեն անգամ լսելիս, մտաբերում եմ ՄԻԵԴ գանգատներից մեկը:

ՄԻԵԴ-ում 2013թ. հունիսի 11-ին քննության է դրվել մի գանգատ, որի համար որոշում է կայացվել գանգատաբերների անանունության սկզբունքը հարգել՝ Կանոնակարգի 41 կետի համաձայն: Գանգատաբերները պատերազմում սպանված անձանց հարազատներն են: Նրանց գանգատը կապված էր Բոսնիա եւ Հերցեգովինայի անկախության հռչակման (1992թ. մարտի 6-ին), պատերազմի սկսման, երկրի նախկինում գոյություն ունեցած էթնիկ բաժանումների կազմաքանդիչ հետեւանքներին: Ըստ գանգատաբերների իրավաբանների՝ ավելի քան 100 000 մարդ է սպանվել եւ ավելի քան երկու միլիոն մարդ՝ տեղահանվել։ Ըստ հաշվարկների՝ գրեթե 30 000 մարդ անհետ կորել է։ 2010թ. նրանց մոտավորապես մեկ երրորդը դեռ անհետ կորածների ցուցակում էր, չնայած նրան, որ հակամարտությունը ավարտվել էր 1995թ. դեկտեմբերի 14-ին, երբ ուժի մեջ մտավ «Դեյթոնյան խաղաղության համաձայնագիրը» (ընդունվել է Դեյթոնում, Օհայո, ԱՄՆ)։

«Դեյթոնի խաղաղության համաձայնագրի» հետեւանքներից մեկը Բոսնիա եւ Հերցեգովինայի բաժանումն էր՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի Դաշնության եւ Սերբիայի Հանրապետության: 1993թ. ապրիլի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց մի որոշում, որով պահանջում էր. «բոլոր մասնակից եւ շահագրգիռ կողմերը վերաբերվեն Սրեբրենիցային եւ նրան հարող տարածքներին, որպես անվտանգ տարածք, որը պետք է ազատ լինի ցանկացած զինված հարձակումից կամ ցանկացած թշնամական այլ գործողությունից»։ Մինչեւ 1995թ. հուլիս ամիսը Սրեբրենիցայի «անվտանգ տարածքը» մի անկլավ էր։ Այնտեղ գտնվող անզեն քաղաքացիները տասնյակ հազարների էին հասնում, եւ նրանց մեծամասնությունը բոսնիացիներ էին։ Այստեղ կային այն ժամանակ բացի տեղացի բնակիչներից, նաեւ անձինք, ովքեր տեղահան էին արվել արեւելյան Բոսնիայի այլ մասերից: Խաղաղարար բազմաթիվ ջանքեր գործադրվեց, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներից կազմված «Շփման խմբի» կողմից, սակայն չկանխվեց Սրեբրենիցայի վրա հարձակման եւ գրավման եւ դրան հետեւած ջարդերը:

Գանգատաբեր կողմը դատարան էր ներկայացրել ԶԼՄ-ների ահազանգերը, 1996թ. նոյեմբերին Նիդեռլանդների կառավարության հանձնարարականը՝ Պատերազմական փաստաթղթերի պետական ինստիտուտին, որը հետաքննել է «իրադարձությունները Սրեբրենիցայի անկումից առաջ, անկման ընթացքում եւ դրանից հետո»։ Զեկույցն, ի դեպ, ըստ ՄԻԵԴ ուղարկված գործի նյութերի, ներկայացվել է 2002թ. ապրիլի 10-ին՝ իրավահաջորդ հաստատությանը՝ Պատերազմի, Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտին:

Հոլանդերեն բնօրինակը 3,172 էջ է եղել, առանց հավելվածների՝ «Սրեբրենիցա. «ապահով» տարածքի վերակառուցումը, նախապատմությունը, հետեւանքները եւ անկման վերլուծությունը»: Զեկույցում նկարագրվել են այն քաղաքական եւ ռազմական զարգացումները, որոնք հանգեցրել են «անվտանգ տարածքների» ստեղծմանը Արեւելյան Բոսնիայում, եւ զինված դրկիցների հարձակմանը:

Կառավարության հրաժարականից հետո խորհրդարանում բարձրացվեց անհատական, քաղաքական, ռազմական գործիչների պաշտոնական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին: ՄԻԵԴ-ում էլ խոսք է գնացել նաեւ մի զեկույցի մասին, որը «հաստատեց այս հարցում պետական մարմինների պատասխանատվությունը։ Ստեղծվեց հայտնի զոհերի տվյալների բազա, եւ բացահայտվեցին զանգվածային տարբեր գերեզմանների գտնվելու վայրերը»։ Պատահական չէր երեւի այն, որ մոտ 1800 գանգատներ բերվեցին Մարդու իրավունքների պալատ, եւ բոլորն էլ վերաբերվել են Սրեբրենիցայի իրադարձություններին։ Մարդու իրավունքների պալատը վճռել էր, որ չունի բավարար իրավասություն քննելու այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել նախքան 1995թ. դեկտեմբերի 14-ին «Մարդու իրավունքների մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելը։ Սակայն փաստել էր, որ խախտվել էին Կոնվենցիայի հոդվածներ 3-ը եւ 8-ը, թե առանձին եւ թե հոդված 14-ի հետ միասին վերցված, կապված գանգատարկուներին իրենց անհետացած հարազատների վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելու եւ հետաքննություն իրականացնելու հետ։ Նաեւ կարգադրել էր, որպեսզի ազատ արձակեն կորած գերիներին, ովքեր դեռ ողջ էին:

Այս գանգատից պարզ է դառնում, որ գանգատաբերները ներպետական ընթացակարգով էլ դատի էին տվել այն խաղաղար ուժերին, ովքեր չեն պաշտպանել իրենց անվտանգությունը, իսկ զինվորները, ովքեր կանգնած էին հակամարտող ուժերի մեջտեղում, եղել են «ոչ բավարար զինված», «վատ մարզված զորքեր»: Խոսք էր գնացել պետության եւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի, պատասխանատվության մասին: Ներպետական դատական ատյանին միջնորդել էին, որպեսզի դատարան ներկայանա ՄԱԿ-ի ներկայացուցիչը, եւ այդպես էլ զոհի կարգավիճակ չստացած կողմը նաեւ այդ մասին էր տեղեկացրել ՄԻԵԴ-ին: ՄԱԿ-ը հորդորել էր հարգել իր անձեռնմխելիությունը, ինչը պետությունը հարգել էր:

Մինչդեռ, ըստ դիմումատու կողմի՝ «ՄԱԿ-ը միայնակ է պատասխանատվություն կրում ցեղասպանության գործողությանը հավասարված՝ Սրեբրենիցայի ջարդերի կանխարգելման ջանքերի ձախողման համար», եւ որ նրանց դատարան չգալով՝ իրենց դատամատչելիության իրավունքն է խախտվում: Պետությունն էլ պատասխանատվություն չի կրել, եւ «անձեռնմխելիության թիկնոց է» գցել ՄԱԿ-ի վրա: Նրանք հղում էին կատարել Կոնվենցիայի 13-րդ հոդվածին, համաձայն որի. «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»: Գանգատի այս մասը ՄԻԵԴ-ը մերժել էր «վատ հիմնավորված է» պատճառաբանությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031