Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական ապրանքները ներկրվում են ՀՀ այլ երկրների անվան տակ, թուրքական ապրանքների հոսքը չի կրճատվել». Սուրեն Պարսյան

Հուլիս 01,2021 21:44

«Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար ԵԱՏՄ-ն հնարավորություն է դեպի արտաքին աշխարհ, նոր շուկաներ»,- «ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերը և ներքին շուկայի պաշտպանությունը» վերլուծության քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Նա փաստեց՝ հաճախ խոշոր, զարգացած երկրները շահագրգռված չեն ՀՀ-ի հետ ունենալ ազատ առևտրի համաձայնագրեր, որոնք թույլ կտան ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատաշուկայի ազատ տեղաշարժ ապահովել: Նրա կարծիքով՝ ՀՀ-ն դառնալով ԵԱՏՄ անդամ՝ կարողանում է այդ ամենը կազմակերպել, հնարավորություններից օգտվել: Միևնույն ժամանակ տնտեսագետը մտահոգություն հայտնեց. «Ցավոք, արձանագրեմ՝ չնայած արդեն իսկ ունենք չորս ազատ առևտրի համաձայնագրեր, բայց դրանցից գրեթե չենք օգտվում, քանի որ մեզ մոտ չկա այդ համաձայնագրերի հնարավորությունների մասին բավարար տեղեկատվություն, որը թույլ կտա բիզնեսին որոշում կայացնել, պետությունը այդ հարթակները չի ստեղծել, որոնք թույլ կտան հայ-սինգապուրցի, հայ-սերբիացի և հայ-վիետնամցի գործարարների միջև կապեր ստեղծել, համաձայնագրեր կնքել, որ փոխադարձ առևտուր սկսվի: Պետությունն այստեղ մեծ անելիքներ ունի»:

Ըստ Սուրեն Պարսյանի՝ պետությունն ինքը չի կարգավորում շուկան. ամեն ինչ թողել է մասնավորի վրա, մեր դեպքում օլիգարխների հույսով ենք. նրանք ինչպես որոշեն, տնտեսական հարաբերություններն այնպես էլ կկառուցվեն: Նա օրինակ բերեց թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին որոշումը ու ասաց. «Երբ անցյալ տարի ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց վեց ամսով արգելել թուրքական ապրանքների ներկրումը, դրան զուգահեռ մենք չխրախուսեցինք, չաջակցեցինք, որ այլ երկրներից ապրանքներ բերվեն: Դրա արդյունքում թուրքական ապրանքները ներկրվում են ՀՀ այլ երկրների անվան տակ, թուրքական ապրանքների հոսքը չի կրճատվել, քանի որ մենք չենք կարողացել այլընտրանք ապահովել մեր տնտեսության մեջ, իսկ բիզնեսն ասում է՝ ի՞նչ ապրանք վաճառեի: Եվ այստեղ մեծ անելիք ունի պետությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031