«Հաստատ մենք չենք լինելու այդ լեզվակռիվների եւ ոչ արդյունավետ քննարկումների նախաձեռնողը, բայց ես տեսնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է, թե չի հանդուրժելու, թե մեկ տարի անց պետք է արտահերթ ընտրություն լինի։ Այսինքն, ասում է, թե ժողովրդի ձայնն այնքան էլ նշանակություն չունի, այլ նշանակություն ունի «էլիտայի» որոշածը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ընդդիմադիր գործիչների գնահատականներին այն մասին, որ նոր խորհրդարանում ընդդիմություն դարձած նախկինները մեղադրելու են իշխանությանը, վերջինս էլ նախկինների մեղքերի մասին է անընդհատ խոսելու՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Մեկնաբանելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե իրենք լինելու են արմատական ընդդիմություն՝ Խաչատրյանն ասաց․ «Եթե այդպես են գալու ԱԺ, շատ դժվար կլինի, լուրջ դիմադրության կհանդիպեն, բայց հույս ունեմ, որ կառուցողական քննարկումներ կլինեն»։ Արմեն Խաչատրյանը նաեւ նշեց՝ կեղծ էր ընդդիմադիրների օրակարգը, թե Սյունիքում բնակիչներն իշխանությանը դեմ էին։ Ըստ նրա՝ դա ապացուցեցին ընտրությունների արդյունքները, եւ սուտ են այն տեղեկությունները, թե Սյունիքում ձայներ են կեղծվել, թե զինվորականներն ուղղորդվել են․ «Հակառակը, եղել է, որ զինվորն ուղղորդվել է «Հայաստան» դաշինքի կողմից»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ