«ՔՊ-ականները բարձր պաշտոններ չեն զբաղեցրել։ Մենք միակ քաղաքական ուժն ենք, որը կադրային ջարդ չի արել քաղաքական դիրքորոշման համար։ Եւ սա հանրության մեծ մասի դժգոհությունն է առաջացրել։ Մարդիկ ասում էին, որ այդ անձինք, սկսած ամենացածր պաշտոններից, պետք է փոխվեն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե կադրային ջարդ են իրականացնելու՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Այո, մի շարք բնագավառներում կադրային հարցը լուրջ պետք է դրվի, պետք է ընտրվեն պրոֆեսիոնալներ։
Փաշինյանի կադրային քաղաքականությունը եղել է շատ հանդուրժողական, ինչը հանգեցրել է հանրության դժգոհությունը»,-նշեց Արմեն Խաչատրյանը։
Նկատառմանն ի պատասխան, որ իրենց թիմակից Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայկ Մարությանը չի սատարել իրենց քարոզարշավի ժամանակ, Արմեն Խաչատրյանը շեշտեց․ «Հայկ Մարությանն ընտրվել է քաղաքական թիմի բարձր հեղինակության հաշվին, ինչպես եւ պատգամավորներից շատերը։ Եթե Արայիկ Հարությունյանն ասում է, որ չի սատարել, տարօրինակ է՝ ինչպե՞ս կարող է նա իշխանության գալ մի ուժով եւ չսատարել նրան։ Իսկ Հայկ Մարությանը եթե վատ է աշխատել, պետք է հեռանա, եթե ավելի լավ աշխատող կա, ինքը պետք է գա։ Ես եւ փոփոխություններ եմ տեսնում, եւ թերացումներ, օրինակ, շինարարության ոլորտում։ Մարդիկ դիմում են գրում ու ամիսներով սպասում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ