Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից եւ հաստատվել է դատախազության կողմից». Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում

Հուլիս 01,2021 19:07

«Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից եւ հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»,-այսօր դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով դատավոր Վահե Միսակյանի հարցին, թե իրեն մեղավոր ճանաչու՞մ է, թե ոչ: Նրա խոսքով՝ լսել է մեղադրողի ընթերցածը, այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից։ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը տեղի ունեցավ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում:

Դատավորի ճշտող հարցին՝ այսինքն` կարո՞ղ են արձանագրել, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության, 2008 թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2018 թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Բարսեղ Բեգլարյանը, Գեւորգ Հարությունյանը նույնպես իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին։

«Մեղավոր չեմ ճանաչում, ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել։ Այդ գումարը, որը տրամադրվել է որպես սուբսիդավորում «Ֆլեշ» ընկերությանը, դա հնարավոր չի»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը։

«Ինձ մեղավոր չեմ ճանաչում: Առաջադրված մեղադրանքն անհիմն է»,-ասաց Գեւորգ Հարությունյանը:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին ժամը 14:00-ին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031