«Իրենց իբր թե մուրճով եւ պողպատե մանդատով փորձում են երկրում ամենաթողություն հաստատել։ Դրա հետեւանքն այն է, որ Երեւանի քաղաքապետի հրաժարականն են արդեն պահանջում։ Այսօր կարդացի, որ Լոռու մարզպետը կարծում է՝ իշխանությանը չաջակցած համայնքապետերը պետք է հեռանան։ Ախր այ մարդիկ, երեք տարի է անցել, մենք այդ արատավոր երեւույթներն ենք մերժել, իսկ դուք ասում եք մի բան, որը ստվերում է ձեր իսկ կատարած հեղափոխությունը, կասկածի տակ եք դնում, թե արդյոք դուք իսկապես եկել էիք հեղափոխություն անելու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նկատառմանն ի պատասխան, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ ակնարկել է, թե Մարությանն ընտրություններում չի սատարել ՔՊ-ին, Սոֆյա Հովսեփյանն ասաց․ «Հայկ Մարությանը չպետք է տրվի այդ ճնշումներին։ Հենց իրենք են ասել՝ քանի որ չի սատարել, պետք է հեռանա։ Արայիկ Հարությունյանը միշտ ասում էր, թե դպրոցները պետք է զերծ մնան քաղաքականությունից, այս ընտրություններում տեսանք, թե ինչպես եղավ։ Միակ տարածքը Երեւանն էր, որտեղ քաղաքապետն ազդեցություն չունեցավ դպրոցների, տնօրենների վրա եւ թողեց ազատ ընտրեն։ Իսկ մարզերում ՀՅԴ-ին եւ ՀՀԿ-ին սատարող տնօրեններ ազատվեցին։ Գրեթե բոլոր մարզերում այդ երեւույթները եղել են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ