Տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո իշխող ուժի ներկայացուցիչ մի միջին պաշտոնյա սոցցանցում գրառում հրապարակեց․ «Ես ձեր բնազդին մեռնեմ, ժողովուրդ ջան»։
Ապա իշխող ուժի պատգամավոր, վարչապետ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է բացատրում իրենց ստացած քվեները, հայտարարեց․ «Ինձ համար ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ մեր ժողովուրդն իմաստուն ժողովուրդ է»։
Պատկերն ամբողջականացրեց իշխող ուժի մեկ այլ պատգամավոր՝ Լուսինե Բադալյանը, որը հարցազրույցներից մեկում հայտարարեց․ «Ես միշտ վստահ եմ եղել, որ ժողովրդի կոլեկտիվ ինքնագիտակցականը, կոլեկտիվ գիտակցականը՝ Յունգի ասած [նկատի ունի յունգյան «կոլեկտիվ անգիտակցականը»֊խմբ․] երբեք չի սխալվում, այսինքն՝ մարդը կարող է փաստեր չունենալ, մարդը կարող է չիմանալ՝ ինչ է կատարվում, բայց բնազդաբար այդ ներքին ձայնն իրեն միշտ հուշում է․․․ Ժողովրդի այդ կոլեկտիվ, հավաքական միտքը, հավաքական ինտուիցիան․․․ »։
Այս կամ այն կերպ նույն այս միտքն ընտրություններից հետո հայտնեցին իշխող ուժի նաև այլ ներկայացուցիչներ, ինչից կարելի է եզրակացնել, որ իշխող խմբում այս պատկերացումները, աշխարհայացքը, մտածողությունը գերակայող է։
Կարդացեք նաև
Այս մարդկանց պատկերացմամբ՝ ժողովուրդն առհասարակ մի կոլեկտիվ է, որն ունի ինչ֊որ բնազդներ, կարող է լինել իմաստուն կամ հիմար, ունենալ գիտակցական, ինքնագիտակցական, անգիտակցական և այլն։
Հատկանշական է, որ մարդիկ առհասարակ չունեն բնազդներ։ Բնազդները կենդանական աշխարհի մասին են։ Պատկերացումը, թե մարդիկ նույնպես ունեն բնազդներ, այնքան հին է ու այնքան հերքված գիտականորեն, որ թերևս չարժե երկար կանգնել այս հարցի վրա։ Միայն, թերևս, արժե նշել, որ գիտական դաշտում մի քանի տասնամյակ առաջ այս հարցի քննարկումների ժամանակ մարդկանց բնազդներ վերագրող մասնագետներն անգամ նկատի են ունեցել բոլորովին այլ բան, քան ունի բնազդ բառի կենցաղային իմաստային բեռը։ Ասենք, օրինակ, բնազդի դրսևորում է դիտարկվել երեխայի լացը կամ օձերից ու սարդերից վախը վեցամսյա երեխաների մոտ։ Անգամ այսպես կոչված ու չարչրկված հոտային բնազդը հանդիպում է շիմպանզեների ձագերի և չի հանդիպում օրանգուտանների ձագերի մոտ։ Դե, իսկ մեկ այլ՝ մարդուն, իբր, բնորոշ «սեռական բնազդ» ասվածն առհասարակ գոյություն չունեցող երևույթ է։ Կարճ ասած՝ մարդիկ ոչ միայն բնազդներ չունեն՝ հասկացության կենցաղային կիրառման իմաստով, այլև հասկացության գիտական իմաստն առհասարակ բոլորովին այլ բանի մասին է։
Ինչ վերաբերում է մյուս հասկացությանը՝ յունգյան հանրահայտ «կոլեկտիվ անգիտակցականին», ապա պետք է նախ նշել, որ այն հաճախ սխալմամբ շփոթվում ու նույնացվում է մի շարք հասկացությունների հետ, որոնք նույնպես հաճախ միմյանց հետ սխալմամբ նույնացվում են՝ «զանգվածների հոգեբանություն», «զանգվածների գիտակցություն», «հանրային գիտակցություն», «քաղաքական գիտակցություն», «քաղաքացիական գիտակցություն», «դասակարգային գիտակցություն» և այլն։ Վերջիններս, ի դեպ, մարդու հոգեբանության մասին են՝ հասարակական փոխազդեցության այս կամ այն պայմաններում։ Այսինքն՝ ուսումնասիրվում է ոչ թե հանուրի՝ իբր ավտոնոմ գոյություն ունեցող կոլեկտիվ գիտակցությունը, այլ թե ինչու են հանուրը կազմող անհատներն այս կամ այն կերպ վարվում կոնկրետ ժամանակային֊տարածական հարթությունում։ Այլ կերպ՝ ուսումնասիրվում է, կրկին, անհատի հոգեբանությունը տվյալ իրավիճակում, ոչ՝ «կոլեկտիվ հոգեբանությունը»։
Դառնալով յունգյան «կոլեկտիվ անգիտակցականին», պետք է նշել, որ այն նույնպես որևէ առնչություն չունի կոլեկտիվի կողմից անգիտակցաբար իր համար ճիշտ ընտրություն կատարելու հետ, ինչպես, թերևս, այն բառացի կերպով ընկալել ու կիրառել է պատգամավորը։ Յունգը կարծում էր, եթե շատ կարճ ու պարզեցված, թե գոյություն ունի անգիտակցականի մի հատված, որ հատուկ է ողջ մարդկությանն առհասարակ, և այն կապում էր մարդկային տեսակի ունիվերսալ կենսաբանական հատկանիշների հետ, որոնք ժառանգվում են ու փոխանցվում սերնդեսերունդ ու ազդում մարդու մտածողության/վարքի վրա. այստեղից էլ՝ յունգյան արքետիպերը, որոնց հետ զուգահեռ՝ նրա ստեղծած անալիտիկ հոգեբանությունում նույնքան կարևորվում էին մարդուն, իբր, հատուկ բնազդները։ Ինչևէ, անգամ Յունգը, վստահաբար, կապշեր՝ լսելով, թե ինչ համատեքստում է պատգամավորն իր կոնցեպցիան հանկարծահաս օգտագործել։
Ամփոփելով՝ ցավով պետք է նշել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական խմբում գերակայող են պատկերացումներ, մի աշխարհայացք ու մտածողություն, որ շատ հեռու է գիտականությունից և շատ մոտ՝ սիմվոլիզմին, ֆատալիզմին, ռելիգիոզ մտածողությանը։ Եվ պատահական չէ, որ այսպիսի արխայիկ մտածողությամբ մարդկանց խմբի հայտնվելը պետության ղեկին հանգեցրել է այսքան ավերիչ հետևանքների։
Արթուր ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր Մինասյանի ֆեյսբուքյան էջից