Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է անում շրջակա միջավայրի նախարարությունը, որ մեղմի ջրային պաշարները թունավորելու ռիսկերը, որոնք առաջացել են սահմանային փոփոխություններից

Հուլիս 01,2021 17:48

Հարցին՝ սահմանային նոր իրողություններով պայմանավորված մտավախություն կա, որ մեր ջրային պաշարները կթունավորեն, արդյոք նախարարությունը տեսնո՞ւմ է նման ռիսկեր եւ ի՞նչ է անում, «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում պատասխանեց. «Անկախ հանգամանքներից՝ շրջակա միջավայրի նախարարության համար բոլոր ժամանակներում ջրերի որակի մոնիտորինգը եղել է կարեւորագույն խնդիրներից մեկը, եւ երկար տարիների ընթացքում այդ համակարգն աստիճանաբար զարգացել է, ընդլայնվել է: Սահմանային փոփոխություններից ելնելով՝ խստացրել եւ մեծացրել ենք մեր ուշադրությունը նաեւ այն հատվածներում, որոնք մինչ այդ չեն համարվել ճնշումային հատվածներ, այլ համարվել են ակունքային՝ մաքուր, զուլալ գետերի հատվածներ եւ այդ հատվածներում ներկայումս ավելի ինտենսիվ ենք իրականացնում մոնիտորինգը: Ոչ միայն ինտենսիվությունն ենք ավելացրել, այլ նոր դիտակետեր: Ավելացրել ենք նաեւ որոշվող չափորոշիչների ցանկը»:

Ըստ Գայանե Շահնազարյանի, տեխնիկական կարողությունները նույնպես զարգացրել են, որպեսզի դիմագրավեն, բացահայտեն բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է ի հայտ գան սահմանային իրավիճակի փոփոխությամբ. «Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչ այժմ ջրի որակի բացասական փոփոխություն չի դիտվել»:

Ըստ նույն նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանի, ջրի որակից զատ՝ կստուգվի նաեւ ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության խնդիրը եւ հատուկ դոզաչափերի ձեռքբերմամբ հնարավոր կլինի համապարփակ մոնիտորինգ անել եւ խնդրի դեպքում օրական կտրվածքով արագ արձագանքման քայլեր ձեռնարկել:

Խոսելով Սեւանա լճի էկոհամակարգի խնդիրներից՝ Ոսկեհատ Գրիգորյանն ասաց, որ Սեւանա լիճ հոսող կոյուղու կեղտաջրերը մաքրելու համար փորձագիտական խումբը կոյուղաջրերի հոսքի եւ ծածկույթի ուսումնասիրություն է կատարելու եւ առաջարկելու է այնպիսի մաքրման կայաններ, որոնք անհրաժեշտ են:

Ասաց, որ ներկայումս իրականացվում են աշխատանքներ 4 գետերի՝ Կարճաղբյուրի, Մասրիկի, Գավառագետի եւ Արգիճի ափամերձ տարածքներն ու հուները կոշտ կենցաղային թափոններից մաքրելու եւ ծառատնկմամբ ափապաշտպան շերտ ստեղծելու նպատակով: Աշխատանքներում ներգրաված է 1000 մարդ, որոնք աշխատանքի դիմաց ստանալու են սոցիալական աջակցություն: Ծրագիրը նախատեսված է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները մեղմելու համար:

Ոսկեհատ Գրիգորյանի խոսքով, գույքագրվել են 1650 քանդման ենթակա շենք-շինություններ, սակայն ծավալները, բարդությունն ու ֆինանսական խնդիրները հաշվի առնելով, 2019 թ.-ին ապամոնտաժվել է 8 շենք-շինություն, 2021-ին՝ ապամոնտաժման ենթակա 150 կառույցներից ապամոնտաժվել են 3 տասնյակը:

Գայանե Շահնազարյանի խոսքով, Սեւանա լճում հավասարակշռված էկոհամակարգին հասնելու համար շատ ջանքեր ու ժամանակ է պետք: Ըստ նրա, Սեւանի ծաղկման խնդիրը չնչին, բայց նվազել է:

2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ էլ Սեւանա լճում ջրի մակարդակը կազմել է 1900,8 մետր, ինչը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 4 սանտիմետրով ցածր է: Գայանե Շահնազարյանը նաեւ հայտնեց, որ Սեւանա լճի ավազանում հունիս ամսին դիտված հիդրոօթերեւութաբանական պայմանները լճի ջրային ռեժիմի համար անբարենպաստ են եղել, եւ, քանի որ, օդի միջին ջերմաստիճանը նորմայից առաջին եւ երկրորդ տասնօրյակում բարձր է եղել 2-5 աստիճանով, իսկ երրորդ տասնօրյակում՝ 6-7 աստիճանով, լճից բավականին շատ գոլորշիացում է տեղի ունեցել. «Ջերմաստիճանի բարձր լինելու պատճառով Սեւանա լիճ թափվող գետերի հոսքերը նորմայից ցածր են եղել, ինչը նպաստել է Սեւանա լճի ջրի մակարդակի նվազմանը»:

Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ Սեւանի ավազանում աղբի հարցը լուծելու համար նախատեսվում է կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայր. «Սեւանի ավազանի գետերը հիմնականում աղտոտված են կոշտ կենցաղային աղբով եւ վերջին մաքրման աշխատանքները կատարելու ժամանակ գետերի հուներից եւ Սեւանի ափամերձ գոտուց դուրս է բերվել շուրջ 35 տոննա աղբ: Աղբի մաքրման ծրագրում ընդգրկվել են այն համայնքների բնակիչները, որոնք հանդիսանում են աղտոտողը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031