Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարը՝ Դավիթ Սեդրակյանի եւ Սամվել Ալեքսանյանի ՍՊԸ-ներին տրամադրվող արտոնության մասին․ «Սա լավ օրինակ է, որ ընդդիմադիրներին չենք ճնշում»

Հուլիս 01,2021 17:13

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց գործարար Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը եւ Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագծին։

Որոշումը չզեկուցվող էր։

«Դռագսման» ընկերությունն այսօրվա որոշմամբ ազատվում է 17 միլիոն դրամ մաքսատուրքից։ Արտոնությունը նախատեսվում է ներդրումային ծրագրի համար, ընկերությունը պարտավորվել է 121 միլիոն դրամի ներդրում անել՝ գործարան կառուցել, 170 միլիոն դրամի էլ սարքավորում ձեռքբերել։

«Ալեքս Տեքստիլ» ընկերություն էլ, կրկին այսօրվա որոշմամբ, ազատվում է 106 միլիոն դրամ մաքսատուրքից`ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի նյութերի ներմուծման դիմաց: Ներդրումային ծրագրի շրջանակներում այս արտոնությունը տրամադրվում է, քանի որ ընկերությունը նախատեսում է շահագործել զուգագուլպայի նոր արտադրամաս։

Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը, որի ընկերությանը գործադիրը արտոնություն է տվել, ընդգրկված էր Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորի թեկնածու էր։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ են պայմանավորված այդ արտոնությունները։

Ի պատասխան պարոն Քերոբյանն ասաց․ «Վերջերս խիստ սահմանափակել էինք արտոնությունների տրամադրման կարգն ու ձեւը։ Փորձել ենք սահմանափակել այդ արտոնությունների տրամադրումը միայն սարքավորումների եւ այնպիսի հումքի մասով, որը մեծամասամբ՝ ավելի քան 80%-ով արտահանվելու է։ Այսինքն՝ ներքին շուկայում սպառման տեսանկյունից, մենք աշխատում ենք այնպես անել, որ չտուժի մրցակցությունը եւ բոլոր խաղացողներն ունենան նույն պայմանները։ Եվ միայն հումքից արտահանման մասով ենք փորձում աջակցել մեր ընկերություններին։ Այդ տեսակետից այս երկու ընկերություններն էլ լիովին բավարարում են նորացված եւ ավելի խիստ չափանիշներին եւ դրա համար էլ ստացել են այդ արտոնությունները»։

Վահան Քերոբյանն անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունը ճնշումներ է գործադրում, ասաց․ «Լուրերը, թե ընտրություններում մեզ հետ մրցակցող դաշինքը ճնշումների է ենթարկվում եւ այլն, այս արտոնությունները շատ լավ օրինակ են, որպեսզի դուք տեսնեք՝ նման բան չկա։ Մենք աշխատում ենք օրենքի սահմաններում՝ եթե օրենքի սահմաններում որեւիցե ընկերությանը պետք է արտոնություն տրվի՝ տալիս ենք, իսկ եթե ինչ-որ մեկը հանցագործություն է կատարել՝ օրենքի սահմաններում պատժվում է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031