Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանում իշխանությունները հազիվ թե լավ խորհրդատուներ կարողանան ունենալ՝ հանձինս այն ընդդիմության, որն այնտեղ ձևավորվել է». Ռուբեն Մեհրաբյան

Հուլիս 01,2021 17:06

«Ամենից կարևորն այն է, որ ընտրություն տեղի ունեցավ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Իշխանություն-հասարակություն հնարավոր համագործակցության ձևաչափ» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպիսի գնահատական տվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նա նշեց, որ մինչ ընտրություններն ընկած ժամանակահատվածում առանց ընտրության իշխանության փոփոխության հարցն էր դրված, իսկ հանրությունը չընդունեց այդ տարբերակը: Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, որ պետության կառավարման ինստիտուտը հերթական անգամ կազմավորվեց ընտրությունների միջոցով: Նա համարում է, որ սա կարևոր քայլ է այն առումով, որ ՀՀ-ում պետք է գործեն ժողովրդավարության մեխանիզմները: Բայց մյուս կողմից Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց. «Մենք ունենք մի իրավիճակ, երբ հայկական Պաբլո էսկոբարները հայտնվել են խորհրդարանում: Մեկը չէ, երկուսը չէ: Իրենք կարգավիճակ են ձեռք բերել, ինչպես Կոլումբիայի խորհրդարանում հայտնվել էր հայտնի նարկոբարոնը»:

Հարցին՝ ի՞նչ զսպաշապիկներ պետք է գործեն, որպեսզի իշխանությունը չկտրվի իրականությունից, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Խորհրդարանում իշխանությունները հազիվ թե լավ խորհրդատուներ կարողանան ունենալ՝ հանձինս այն ընդդիմության, որն այնտեղ ձևավորվել է: Որակական մասով դա այդ երեք տարվա բացթողումների արդյունքն է: Տեղի չունեցավ պետության զավթման քաղաքական գնահատականը: Մարդիկ, որոնք, եթե աչքներդ փակ մատդ դնեք քրեական օրենսգրքի ցանկացած էջի վրա, այդ հոդվածով կարող եք գործ հարուցել, համապատասխան վայրերում հայտնվելու փոխարեն հայտնվեցին ընտրական ցուցակներում»:

Իսկ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքացիական հասարակությունը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատեց. «Այս երեք տարիներին քաղաքացիական հասարակությունը մտավ բավականին լուրջ ճգնաժամի մեջ: Մեզ մոտ քաղհասարակության բնույթն այնպիսին էր, որ այն արդյունավետ է, երբ հստակ հակադրվում է իշխանությանը: Հենց չի հակադրվում, կորցում է իր ազդեցությունը, մանավանդ իշխանությունն էլ հակված չէ մեծ տեղ հատկացնել քաղհասարակությանը: Եթե իշխանությունները դադարեն թափահարել 54 տոկոսի դրոշը, այլ հասկանան, որ լուրջ խնդիրներ ունեն և այդ խնդիրները հաղթահարելու ներքին հնարավորությունները սահմանափակ են, մասնակցային դարձնելով որոշումների կայացման գործընթացը, միայն այդ դեպքում կարող են իրականացնել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են այսօր երկրին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031